Բաժիններ՝

Էստոնիան կրթության ոլորտում առաջատար է դառնում

Այս շաբաթ հրապարակվեցին կրթության ոլորտի ամենահայտնի ստուգատեսի՝ PISA-ի արդյունքները։ Այս մրցույթն անցկացվում է 3 տարին մեկ անգամ և պարզում է 15 տարեկանների պատրաստվածության մակարդակն ընթերցանությունից, մաթեմատիկայից և բնագիտությունից։ Այս ստուգատեսի մտահոգիչ բացահայտումներից մեկն այն է, որ յուրաքանչյուր 4-րդ աշակերտը չի տիրապետում ընթերցանության նվազագույն հմտություններին և չի կարողանում հասկանալ, թե որն է միջին ծավալի տեքստի հիմնական գաղափարը։ Մտահոգիչ է մնում նաև այն, որ աղքատ և հարուստ ընտանիքների երեխաների միջև տարբերությունները շարունակում են մեծ մնալ։

Ինչպես և սպասվում էր, առաջատարն ասիական երկրներն են՝ Չինաստան և Սինգապուր։ Աննախադեպ առաջընթաց ունի Էստոնիան։ Աշխարհի ամենափոքր երկրներից մեկը դարձել է միջազգային ստուգատեսի առաջատար։ Մասնավորապես, ընթերցանությունից և Բնագիտությունից Էստոնիան զիջում է միայն Չինաստանին և Սինգապուրին։ Մաթեմատիկայից ևս էստոնացիները փայլել են։ Նրանք զիջում են Չինաստանին, Սինգապուրին, Ճապոնիային և Կորեային։ Ֆինլանդիան շարունակում է մնալ առաջատարների թվում, բայց ֆինն դպրոցականների արդյունքներն այս անգամ էլ նվազել են նախորդ տարիների համեմատ։ Ֆինները հատկապես նահանջել են մաթեմատիկայի ոլորտում։ Ֆինլանդիան ընդամենը 16-րդ տեղում է և հետ է մնացել Սլովենիայի, Բելգիայի նման երկրներից։ Ֆինլանդիայի այս նահանջն էլ ավելի է սրելու կրթության ոլորտում առկա մի հետաքրքիր բանավեճ։ Մասնավորապես, որոշ մասնագետներ գտնում են, որ Ֆինլանդիան 2003 և 2006 թվականներին դարձավ PISA-ի առաջատար այն պատճառով, որ երկրում իրականացվում էր ավանդական կրթություն։ Բայց հենց այդ տարիներին Ֆինլանդիայում մեծ թափով զարգացան ուսուցման ինտերակտիվ մոտեցումները, որից հետո սկսվեց Ֆինլանդիայի ցուցանիշների անկումը։

Այս տարվա ստուգատեսին մասնակցում էին նաև Վրաստանը և Բաքուն։ Մրցույթը հնարավորություն է տալիս, որպեսզի երկրի առանձին քաղաքներ մասնակցեն։ Այդ պատճառով Ադրբեջանից ծրագրին մասնակցել են միայն Բաքվի դպրոցականները։ Երկու դեպքում էլ արձանագրվել են շատ ցածր արդյունքներ։ Բոլոր երեք ոլորտներում էլ Վրաստանը և Բաքուն հետնապահների շարքում են։

Արդեն պարզ է, որ առաջիկա ամիսներին կրթական աշխարհի ուշադրության կենտրոնում է լինելու Էստոնիան։ Արդեն սկսվել են քննարկումներն այն հարցի շուրջ, թե ինչպես այս փոքրիկ երկիրը կարողացավ դառնալ համաշխարհային առաջատար։ Գլխավոր պատճառներից մեկն այն է, որ Էստոնիան ունի շատ զարգացած նախադպրոցական կրթություն։ Էստոնիան ունի գրեթե 100%-անոց ընդգրկվածություն նախադպրոցական կրթության ոլորտում։ Համեմատության համար ասեմ, որ Հայաստանում այդ ցուցանիշն ընդամենը 50%-ի սահմաններում է։ Էստոնիայի մանկապարտեզներում կարևորվում է խաղային մանկավարժությունը և դպրոցական կրթությանն աստիճանական նախապատրաստումը։ Մեծ ուշադրություն է դարձվում երեխաների հուզական հասունացմանը։ Ֆինլանդիայի նման, Էստոնիայում ևս դպրոցական կրթությունը սկսվում է 7 տարեկանից։

Կարդացեք նաև

Մյուս կարևոր ընդհանրությունը Ֆինլանդիայի հետ այն է, որ Էստոնիայում կարևորում են բոլոր դպրոցների և երեխաների համաչափ զարգացումը։ Վաղ տարիքից երեխաներին չեն բաժանում տարբեր հոսքերի։ Փորձում են բոլորի համար լավ պայմաններ ապահովել և խուսափել էլիտարիզմից։ Մյուս առանձնահատկությունն այն է, որ Էստոնիայի բոլոր դպրոցներում դասագրքերն անվճար են, դպրոցականներին տրվում է անվճար սնունդ։ Անվճար է նաև դպրոցական տրանսպորտը։

Բայց կան հաջողության ավելի կարևոր նախապայմաններ։ Էստոնացիները շատ են սիրում սովորել։ Երեխաներն աշխատասեր են և կարողանում են տևական ժամանակ կենտրոնանալ սովորելու վրա։ Ի տարբերություն Էստոնիայի, ցավոք, Հայաստանում սովորելն ապրելակերպի մաս չի դարձել հասարակության մեծամասնության համար։ Բոլորը բողոքում են դասագրքերից, ուսուցիչներից, ինչը մասամբ արդարացված է։ Բայց եթե դասագրքերը վատն են, ապա մեզ ոչինչ ու ոչ ոք չի խանգարում, որպեսզի լավ գեղարվեստական ու մասնագիտական գրքեր կարդանք։ Ի վերջո, միայն դասագրքերով չի իրականացվում կրթությունը։

Կարևոր է նաև այն հանգամանքը, որ Էստոնիայում ուսուցիչներին մեծ ազատություն է տրվում։ Երկրում կա պետական կրթական ծրագիր, բայց ուսուցիչներն ունեն մեծ ազատություններ իրենց մասնագիտական գործունեության մեջ։ Այս հարցը շատ կարևոր է նաև Հայաստանի համար։ Մինչև այժմ պարզ չէ, թե որ մոդելով է ուզում Հայաստանն առաջ գնալ։ Գրել ընդհանրական ծրագիր և ուսուցիչներին տալ մեծ ազատությո՞ւն, թե՞ գրել մանրամասն ծրագիր և ուսուցիչներին դարձնել ընդամենն այդ ծրագրի կատարողներ։

Բայց Էստոնիայի կրթության հաջողության գլխավոր գրավականը տնտեսության զարգացումն է։ Եվ հատկապես Էստոնիայում զարգանում է էլեկտրոնային մշակույթը, որը մեծ տարածում ունի նաև երկրի կրթական համակարգում։

Մի խոսքով, առաջիկա տարիներին աշխարհն ավելի քիչ է խոսելու՝ Ֆինլանդիայի, և ավելի շատ՝ Էստոնիայի կրթական համակարգի մասին։ Սա չի նշանակում, որ Էստոնիայում խնդիրներ չկան։ Թերևս, ամենամեծ խնդիրն այն է, որ երկրի ուսուցիչների միջին տարիքը շատ բարձր է, և առաջիկա տարիներին կարող են խնդիրներ առաջանալ։ Թեև երկրի կառավարությունը փորձում է մեխանիզմներ ստեղծել լավագույն մասնագետներին կրթության ոլորտ բերելու ուղղությամբ, սակայն քչերն են ցանկանում աշխատել կրթության ոլորտում։

2017թ.-ին Հայաստանի ԿԳ նախարարությունը որոշեց մասնակցել PISA-ի 2021թ.-ի ստուգատեսին։ Մեր դպրոցականների արդյունքները կհրապարակվեն 2022 թվականին։ Իհարկե, մեր դպրոցականների համար դժվար է լինելու, քանի որ այս ստուգատեսի առաջադրանքներն իրենց բնույթով տարբերվում են մեր կրթական ծրագրից։ Այս պահին դեռ պարզ չէ, թե որքանով է Հայաստանի կրթության նոր բովանդակությունը համապատասխանելու PISA-ի մոտեցումներին։ Օրինակ՝ Ռուսաստանն արդեն ձեռնամուխ է եղել իր կրթական ծրագիրը PISA-ին համապատասխանեցնելու աշխատանքներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս