Բաժիններ՝

Առնվազն 58 միգրանտ է խեղդվել Մավրիտանիայի ափերի մոտ

Առնվազն 58 միգրանտ, այդ թվում՝ կանայք ու երեխաներ են խեղդվել Մավրիտանիայի ափերի մոտ: Եվս 83 միգրանտ լողալով հասել է ցամաք եւ օգնություն ստացել Մավրիտանիայի իշխանությունների եւ միջազգային կազմակերպությունների կողմից: Միգրացիայի համաշխարհային կազմակերպությունը դեկտեմբերի 5-ին համապատասխան հաղորդագրություն է զետեղել իր պաշտոնական պորտալում։

«Ողջ մնացածները հայտնել են, որ նավի վրա, որը Գամբիայից մեկնել է նոյեմբերի 27-ին, գտնվում էր առնվազն 150 մարդ»,- նշում են կազմակերպությունում: Մարդիկ փորձել են հասնել Իսպանիայի ափ, սակայն Մավրիտանիայի մերձակայքում սպառվել է նավի վառելիքը:

Ներկայում փախստականները գտնվում են Մավրիտանիայի հիվանդանոցներից մեկում, իշխանություններն արդեն կապի մեջ են Գամբիայի հյուպատոսական ծառայության հետ՝ հայրենիք նրանց վերադարձը կազմակերպելու համար: Gallup սոցիոլոգիական ծառայության վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ աշխարհում ավելի քան 710 մլն մարդ կամ մոլորակի ամբողջ բնակչության 14 տոկոսը մտադիր է բնակության տեղափոխվել այլ պետություններ: Պոտենցիալ միգրանտների մեծամասնությունն ապրում է Աֆրիկայի երկրներում:

Միգրանտների համար Եվրոպայի առավել գրավիչ երկրների թվում առաջին տեղում Գերմանիան է, ուր ձգտում է վերաբնակվել 39 մլն մարդ: Մեծ Բրիտանիան երազանքի երկիր է 35 մլն, իսկ Ֆրանսիան՝ 32 մլն միգրանտների համար: Իսպանիա հույս ունի տեղափոխվել 20 մլն, Իտալիա՝ 15 միլիոն մարդ, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս