«Այսօրվա քաղաքական էլիտան նախկինից ընդհանրապես չի տարբերվում». Հարություն Մեսրոբյան
«Մեզ մոտ երբեք չի ուրվագծվել, թե ինչ պետություն ենք ցանկանում կառուցել: Այսինքն՝ անկախության հենց առաջին օրերից երբեք նման ձևով հարցը չի դրվել և պատասխանը չի տրվել»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց Հանրային խորհրդի անդամ, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը՝ ընդգծելով՝ դրա պատճառները մի քանիսն են:
«Նախ՝ մենք ունենք խնդիրներ համակարգային մտածելակերպի հարցում: Մենք ունենք, այսպես կոչված, թունելային մտածելակերպ, երբ սևեռվում ենք ինչ-որ հարցի շուրջ, հետո վերցնում ենք մի քիչ ավել շառավղով հարակից հարցերը և գնում ենք այդ թունելի ուղղությամբ՝ չտեսնելով բոլոր երևույթների փոխկապակցվածությունն ու էությունը: Մենք զրկված ենք պետական մտածելակերպից»,- ասաց նա:
Հարություն Մեսրոբյանի խոսքով՝ պետական մտածելակերպի բացակայության պայմաններում բնական է, որ չունենք նաև կառավարչական էլիտա. «Հաճախ ասում են՝ համակարգը փոխենք. չի օգնի: Տեղափոխումներ, տեղաշարժեր, իշխանափոխություններ, կառուցվածքի փոփոխություններ… չեն աշխատի: Սկսած նրանից, որ 1991թ. մեզ մոտ պետական կառավարման համակարգն անգրագետ է, չի համապատասխանում երկրի խնդիրներին և մարտահրավերներին: Մեզանում տարածված է կակոկրատական մտածելակերպ: Կակոս՝ հունարենից նշանակում է՝ անարժան, կրատոս՝ իշխանություն, պատճառը հենց դա է, որ մենք պետականությունից զուրկ ենք տարիներ շարունակ: Հայաստանում պիտանի, արժանի մարդը բազմաթիվ խնդիրներ ունի՝ սկսած կենցաղից, վերջացրած, թեկուզ, այսպես կոչված՝ սոցիալական լիֆտերով մտնել կառավարման բուրգի մեջ և բարձրանալ վերև: Անարժանները միշտ այդ խնդիրը գրեթե չունեն: Եվ եթե ամեն անգամ կառավարման բուրգը նայենք, կտեսնենք, որ այնտեղ գերքանակով շատ են անարժանները, և մեկ-մեկ՝ կիսաարժանները կամ արժանիները»:
Գործող իշխանություններն ասում են՝ համակարգային կոռուպցիա չկա: Կառավարման փորձագետին խնդրեցինք պարզաբանել՝ ինչ ասել է՝ համակարգային կոռուպցիա: «Մենք՝ հայերս, չգիտենք՝ համակարգ ինչ է նշանակում: Ցանկացած նման հայտարարություն անողին ուղղակի հարց տվեք, թե որն է համակարգի բնութագրումը: Չեն պատասխանի: Ես վստահ եմ սա ասում: Մոլորություն կա, որ, եթե չինովնիկների աշխատավարձերը բարձրանան, կոռուպցիան կնվազի, և այլն, նման բան չկա: Իհարկե, պետական պաշտոնյան պետք է արժանի վարձատրություն ունենա, բայց դա այն դեպքում է սկսում աշխատել, երբ քո պետության մեջ ունես ներքին պրոցեդուրաները, առավել ևս՝ երբ դու ժողովրդի հետ ես շփվում: Եվ այդ պրոցեդուրաները պետք է կանոնակարգված ու հստակ լինեն, որպեսզի չինովնիկը չկարողանա այդ պրոցեդուրաներից դուրս գալ, առավել ևս, որ մեզանում տարածված չէ պատասխանատվության հարցը: Իսկ եթե չկա պատասխանատվության հարցը, կոռուպցիան երբեք չի վերանա: Կառուպցիայի իմաստն այն է, որ, եթե կա հնարավորություն փողով ավելի շատ ու ավելի հեշտ հարցեր լուծել, իսկ առանց փողի այդ ամբողջ տեխնոլոգիան սայթաքում է, կոռուպցիան կլինի»:
Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է համակարգը: «Համակարգը ենթահամակարգերի միասնություն է, որտեղ այդ ենթահամակարգերը փոխկապակցված են, փոխազդեցիկ են, ամեն ենթահամակարգի փոփոխությունն ազդում է այլ ենթահամակարգերի վրա, որտեղ կան գլխավոր և երկրորդական կապեր: Համակարգի մեջ պաշտպանության հարցերը կենտրոնական հարցերից մեկն է, որն ազդում է մեր կյանքի բոլոր ոլորտների վրա: Բայց կան շատ հարցեր, որ եթե մենք փոխենք, դրանք լոկալ ազդեցություն են ունենում»,- ի պատասխան՝ ասաց փորձագետը:
Հայաստանում, ըստ նրա՝ կադրերին ուշադրություն չեն դարձնում. «Մենք երկու սկզբունք ենք կիրառում՝ քավոր-սանիկ-բարեկամ, և նա մեր մարդն է: Այդ երկու մոտեցումը քարուքանդ է անում պետականաշինության ողջ գաղափարը»:
Դիտարկմանը՝ միգուցե, վստահության խնդիր կա, նա արձագանքեց. «Ոչ, կեղծավորության հարցն է: Մենք սարսափելի կեղծավոր ենք: Մենք բաց տարածքում լրիվ այլ ենք, ինչ փակ տարածքում ենք: Իսկ պետական կառավարման համակարգը նման մոտեցումը չի ընդունում, և մենք միշտ ունենում ենք խնդիրներ: Դուք ուշադրություն դարձրեք՝ բոլոր սկանդալներից առաջ ապագա սկանդալի դերակատարներն ինչ հրեշտակային դիրք են ընդունում: Ավելին, կարող են ընդհանրապես ուրիշ մարդկանց պախարակել, որպեսզի ուժեղացնեն իրենց դիրքը: Դա շատ լավ է աշխատում: Նման պայմաններում առողջ պետական համակարգ անհնար է ունենալ, որովհետև ոչ միայն վերնախավն է կեղծավոր, մենք բոլորս ենք կեղծավոր»:
Խոսելով օլիգարխների մասին՝ նա ասաց. «Մեր օլիգարխները սրբություն չունեն: Իրենք բնական մի խնդիր ունեն՝ ունեն կուտակած կապիտալ, հարստություն, և իրենց թիվ մեկ խնդիրն է՝ ապահովել այդ հարստության անվտանգությունը, երկրորդ՝ բազմացնել այդ հարստությունը: Բնական է, որ այդ օլիգարխին երբեք ձեռնտու չէ գործող իշխանության դեմ դուրս գալ, որովհետև ինքն սկսելու է կորցնել իր հավաքածը: Այս իմաստով ես օլիգարխներին չեմ մեղադրում, բայց հարցն այն է, որ բոլոր դեպքերում մարդը պետք է գոնե ունենա բարոյականության այն նվազագույն շեմը՝ որ կարմիր գծերն անցնել չի կարելի»:
Հ. Մեսրոբյանն ընդգծեց՝ ժողովուրդը, իշխանությունը, ընդդիմությունը, օլիգարխները նույնն են. «Մենք նույնն ենք, իրարից ոչ մի բանով չենք տարբերվում: Ժողովուրդն իրավունք չունի այսօրվա կամ նախորդ իշխանություններին քննադատել, որովհետև մենք նույնն ենք: Նախորդներն իրավունք չունեն այսօրվա իշխանություններին քննադատել, այսօրվա իշխանությունները՝ նախորդներին: Ասեք մի երևույթ, որ անցյալում կար, հիմա չկա»:
Նկատառմանը, թե ասում են՝ հիմա համակարգային կոռուպցիա չկա, նա հակադարձեց. «Դուք ականատես եք լինում դեպքերի, երբ կոռուպցիան որպես երևույթ՝ կա, բայց արտաքնապես ձևափոխվում է»:
Կառավարման փորձագետն ընդգծեց. «Այսօրվա քաղաքական էլիտան նախկինից ընդհանրապես չի տարբերվում: Տարբերվում ենք արտահայտման ձևերով, էությամբ մենք չենք տարբերվում: Մենք ասում են՝ կաշառակերություն չկա, ես կասեմ՝ կաշառակերության նախորդ ձևերը չկան, բայց կաշառակերությունը կա»:
Նա խորհուրդ տվեց խուսափել «հեղափոխություն» բառից. «Կառավարման մեջ «հեղափոխություն» բառն անընդունելի է, որովհետև կազմաքանդիչ է: Դեպի Հայաստան ներդրումները նվազում են, որովհետև «հեղափոխություն», «սև-սպիտակ» արտահայտությունները մենք պետք է հանենք մեր լեքսիկոնից: Ընդունենք, որ մեզ մոտ ֆանտաստիկ թավշյա հեղափոխություն եղավ, բայց այդ բառը չասենք: Նայեք՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամն այս տարի 10 միլիոնից քիչ գումար հավաքեց: Լա՞վ է, շարունակե՞նք»:
Մանրամասները՝ 168 TV-ի տեսանյութում