Բաժիններ՝

«Իմ տարերքը մարդասիրական գործունեությունն է, իմ կյանքում մարդը բարձրագույն արժեք է, ու ինչքան կարող եմ, պիտի տամ մարդու համար». Արմեն Մկրտչյան

35-ամյա մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Մկրտչյանը, որը 2 ամիս Սուդանի Նուբայի լեռներում գտնվող «Գթության մայր» հիվանդանոցում փոխարինել էր «Ավրորա» մարդասիրական մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինային, դժվարությամբ է կարողանում հարմարվել իր սովորական առօրյային:

«Անցումը շատ դժվար էր, մենթալիտետների տարբերությանն էր պետք նորից հարմարվել: Ու Նուբայի ամեն մի շնորհակալությունը տեսնելուց հետո այստեղ հարմարվելը շատ դժվար էր: Բայց ստացվում է, որովհետև այստեղ էլ եմ թողել իմ հղիներին, իմ մարդկանց, իմ ժպիտները»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Մկրտչյանը:

Անցումը Նուբայից Գյումրի դժվար էր, բայց ասում է` առօրյան անցնում է օրվա սովորական ռեժիմով՝ իր հիվանդներով, հղիներով ու ծննդաբերություններով:

Օգոստոսին որոշվեց, որ հենց Արմեն Մկրտչյանն է Թոմ Քաթինային փոխարինելու Սուդանի լեռներում: Որոշումն իր համար էլ է անակնկալ եղել: Ասում է՝ երեկոյան հերթապահ էր, երբ ընկերուհին գրել է, թե Աֆրիկա գնալու հնարավորություն կա ու…

Ու հետո, երբ լսել է Թոմի անունը, ու նախկինում նրան փոխարինած բժշկի մասին պատմություններ՝ անցած դրվագների վերաբերյալ, դրական պատասխան է տվել:

«Թոմի անունը լսելով՝ չգիտեմ, թե ինչերի մեջ էի: Ամեն ինչ մտքովս անցնում էր, բայց որ Թոմ Քաթինային պիտի փոխարինեի, չէի մտածում»,- ասաց բժիշկ Մկրտչյանը:

Մանկաբարձ-գինեկոլոգը հետո է ընկերներից լսել, որ իրենց ընտրողներն իր հետ հենց առաջին զրույցի ժամանակ են ասել, որ գտել են իրենց թեկնածուին ու նրան չպիտի բաց թողնեն:

«Իմ տարերքը մարդասիրական գործունեությունն է, իմ կյանքում մարդը բարձրագույն արժեք է, ու ինչքան կարող եմ, պիտի տամ մարդու համար»,- 168.am-ի հետ զրույցում ասաց բժիշկը:

Այդուհանդերձ, Ա. Մկրտչյանը չի կարողանում առանձնացնել, թե ամենաշատն ինչն է կարոտում հիմա՝ Նուբայից հազարավոր կիլոմետրերի հեռավորության վրա:

«Իմ ամեն օրն իմն է, ես եմ ապրել այդ օրերը, ու դրանք իմ հարստությունն են, ու Աֆրիկայի կյանքն էլ իմ կյանքի մի մասն է, ամեն ինչն իմն է, ու կարոտում եմ դրանք»,- հավելեց մանկաբարձ-գինեկոլոգը:

Գյումրիից Նուբայի լեռներ Արմեն Մկրտչյանը հասել է 8 օրում, փոխել է 4 ինքնաթիռ, անցել անապատներով ու սարերով: «Գթության մայր» հիվանդանոցում ու լեռներում մարդկանց հետ շփվել է աֆրիկյան անգլերենով, հասցրել է անգամ որոշ բառեր սովորել տեղի լոկալ լեզվից: Իր խոսքով՝ «այդ ուրիշ աշխարհում» շատ հեշտ է ինտեգրվել, օտարություն չի զգացել ու չի էլ բացառում, որ մի օր գուցե նորից անցնի այդ 8 օրվա ճամփան ու հասնի Նուբայի լեռներ, ինչպես ինքն է ֆեյսբուքյան էջում գրում՝ իր «շոկոլադների մոտ»:

Նա դժվարանում է երկու իրարից տարբերվող աշխարհների՝ Գյումրու ու Նուբայի մեջ ընտրություն կատարել: Ասում՝ կարելի է գնալ 4 ամսով, օգնել մարդկանց, բայց քաղաքակրթությունից հեռու ապրելը դժվար է:

«Ես շատ-շատ կապված եմ հայերի, Հայաստանի հետ: Ես խորը հայ եմ ու առանց հայի ինձ չեմ պատկերացնում»,- ավարտելով զրույցը՝ ասաց Արմեն Մկրտչյանը:

ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս