Ադրբեջանում կլանային պայքարն ավարտվում է. ի՞նչ դերակատարություն է ունեցել «Հայկական կլանը», և ի՞նչ կապ կարող է ունենալ «Լավրովի պլանը»

«ճակատամարտի» վճռական փուլը սկսվեց 2017 թվականին

Ադրբեջանում Հեյդար Ալիևի գվարդիայի թուլացմամբ ավարտին է մոտենում Փաշաևների պայքարը «Նախիջևանյան կլանի» հետ՝ հօգուտ Փաշաևների: Երկու կլանների միջև վճռական ճակատամարտը սկսվեց 2017 թվականին, երբ փետրվարի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր կնոջը՝ Մեհրիբան Ալիևա Փաշաևային, նշանակեց առաջին փոխնախագահի պաշտոնում, որին ապրիլ ամսին հաջորդեց նախագահական հին աշխատակազմը հեռացնելու և նոր աշխատակազմ ձևավորելու նրա որոշումը: Երեք տարի առաջ արդեն ակնհայտ էր, որ ներկայիս նախագահը պատրաստվում է իշխանությունը փոխանցել ադրբեջանական մյուս հզոր կլանին՝ Փաշաևներին, այս դեպքում՝ նրանց ներկայացուցիչ, Առաջին տիկին և, համատեղությամբ՝ առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային: Վերջինիս ակտիվ քաղաքական գործընթացների թատերաբեմ բարձրացնելու համար հարկավոր եղան սահմանադրական փոփոխություններ, ինչպես նաև նոր կուսակցություն: Ադրբեջանի առաջին փոխնախագահի պաշտոնը զբաղեցնելու փուլում Ալիևան զուգահեռաբար Հեյդար Ալիևի անվան ֆոնդում իր կադրերն է ձևավորել ապագա իշխանական թիմի համար:

Սակայն Ռամիզ Մեհդիևը, ով Հեյդար Ալիևի ամենամտերիմ գործիչներից էր, «Նախիջևանյան կլանի» ներկայացուցիչը՝ գորշ կարդինալը, Ադրբեջանի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը, ով 20 տարուց ավելի աշխատել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում, և ով մի շարք ադրբեջանցի ընդդիմադիր քաղաքագետների կողմից ճանաչվում էր՝ որպես Ադրբեջանի իրական ղեկավար և «Ռուսաստանի մարդը», 2017-ին կարողացավ դիմակայել Փաշաևների, մասնավորապես՝ Մեհրիբան Ալիևայի ճնշումներին, և չհեռացավ իր պաշտոնից կամովին: Այս փուլի զարգացումների արդյունքում՝ Մեհդիևը, ըստ էության, հաղթանակեց, քանի որ պահպանեց պաշտոնը, ինչպես նաև կարողացավ մի շարք ներքաղաքական խնդիրների լուծման նպատակով օգտագործել իր ազդեցության տակ գտնվող խորհրդարանը:

 «Հայաստանյան կլանը»՝ որպես գործոն

2018 թվականին Փաշաևները փորձեցին ամրապնդել իրենց դիրքերը՝ հակառակորդների նկատմամբ ճնշումը մեծացնելու և իշխանությունը վերջնականապես ստանձնելու նպատակով: Ուշագրավն այն է, որ ըստ մի շարք քաղաքագետների՝ Փաշաևներն իրենց պայքարը հաջողելու համար որոշել են իրենց կողմ գրավել, այսպես կոչված, «Հայաստանյան կլանին», այսինքն՝ Հայաստանից սերող ադրբեջանական կլանին և նրա պարագլխին՝ Ալի Ինսանովին, որի համար նրան ազատեցին 14-ամյա բանտարկությունից: 1993-ից մինչև 2005 թվականներն Ադրբեջանի առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցրած Ինսանովը ծնունդով Բագրատաշենից է: Հեյդար Ալիևի իշխանության տարիներից սկսած նա համարվել է Հայաստանից սերող ադրբեջանցիների ոչ ֆորմալ առաջնորդը:

Փաշաևները լուծեցին գորշ կարդինալի հարցը

Այս ֆոնին 2019 թ. Իլհամ Ալիևը նոր նշանակումներ կատարեց և Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Մեհդիևի փոխարեն նշանակեց Ռամիլ Ուսուբովին:  Ռամիզ Մեհդիևի դեմ պայքարն ավարտվեց, երբ այս տարվա հոկտեմբերի 23-ին Իլհամ Ալիևն ազատեց 73-ամյա գործչին այդ պաշտոնից: «Կարծում եմ՝ թոշակի տարիքին հասած պաշտոնյաները կհետևեն ձեր օրինակին: Համենայնդեպս, ես նման հույս ունեմ»,- ասել էր Իլհամ Ալիևը: Փորձագիտական շրջանակները նման պաշտոնանկությունները պատահական չեն համարում:

Այսպիսով` ավարտվեց Փաշաևների պայքարը Հեյդար Ալիևի գվարդիայի կամ ալիևյան կլանի հավատարիմ ներկայացուցիչների հետ, և մեկնարկեց իշխանությունը Փաշաևներին փոխանցելու հիմնական փուլը՝ իշխանության փոխանցումն ամուսնուց՝ կնոջը, որի համար էլ Ադրբեջանի իշխող քաղաքական ուժի` «Ենի Ազերբայջան» կուսակցության, քաղաքական խորհուրդը նոյեմբերի 28-ին որոշեց հանդես գալ երկրի խորհրդարանը` Միլի-մեջլիսը լուծարելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նախաձեռնությամբ: Որպես խորհրդարանը ցրելու հիմնավորում է նշվել այն, թե՝ գործող խորհրդարանը երկրի ղեկավարի վարած քաղաքականությանը համահունչ չի գործում և հետ է մնում երկրում անցկացվող բարեփոխումներից:

Այց Մոսկվա. Ի՞նչ կփոխի Մեհրիբանը ռուս-ադրբեջանական հարաբերություններում

Ուշագրավն այն է, որ այս խմորումների ֆոնին, հատկապես Միլի-մեջլիսը լուծարելու որոշումը հրապարակվում է Ադրբեջանի առաջին տիկին և, համատեղությամբ՝ առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի Մոսկվա կատարած ներկայացուցչական այցից հետո: Նոյեմբերի 21-ին մեկնարկեց Ալիևայի եռօրյա այցը Մոսկվա: Ռուսական այցի ընթացքում Ալիևան Նովո-Օգարյովոյում Ադրբեջանի հանդիպեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ում կողմից Բարեկամության շքանշան ստացավ, ինչը բավականին մեծ ուշադրության արժանացավ փորձագիտական հանրության կողմից:

«Այս պետական պարգևը մի կողմից՝ ձևական բնույթ է կրում, բայց մեկ այլ կողմից՝ սա գիտակցական որոշում է: Շքանշանը շնորհվում է ոչ թե այն պատճառով, որ եկել եք, այլ կապ ունի Ձեր աշխատանքային գործունեության հետ, որը միջպետական կապերը պահում է բարձր մակարդակի վրա: Մենք դա բարձր ենք գնահատում: Շքանշանի անվանումը հենց արտացոլում է այն, ինչ Դուք անում եք Ադրբեջանի և Ռուսաստանի կապերի պահպանման համար»,- ասաց Պուտինը Ալիևային: Այցի օրերին կազմակերպվեց ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային համաժողովը, որի ընթացքում քննարկվել են երկու երկրների կապերի զարգացմանը վերաբերող հարցեր:

Հարկ է նշել, որ այս օրերին Բաքվի պետական համալսարանի ստեղծման 100-ամյակի միջոցառման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննադատեց ինտեգրումը ԵՄ-ին:

«Մենք մեր պետությունը ստեղծում ենք ավանդական արժեքների, մեծ-փոքր հասկացության հիման վրա: Մենք պետք է պահենք դա, թող երիտասարդությունը լսի ինձ և հարգի մեծերին: Որոշ երկրներում դրան ուշադրություն չեն դարձնում, տարբերություններ չեն դնում տղամարդու և կնոջ միջև: Մենք պետք է հարգենք կնոջը, պետք է պաշտպանենք նրանց: Ոչ թե նրանք՝ մեզ, այլ մենք՝ նրանց: Կա գենդերային հավասարություն, և մենք դա ընդունում ենք: Սակայն մենք չենք կարող ապրել ավանդական մտածողությունից դուրս, և թող երիտասարդները իմանան դա: Մեծերին պետք է հարգել: Այսօր ոմանք փորձում են բառապաշարից հանել «ակսակալ», «ագբիրչեկ» բառերը: Տեսնելով նրանց՝ ես սարսափում եմ: Եվ դրանից հետո մեզ ասում են՝ ինտեգրվեք: Ինտեգրվե՞նք ճգնաժամի մեջ: Ինտեգրվե՞նք նրանց հետ, ովքեր ասում են՝ «Ստոպ, իսլամ»: Ինտեգրվե՞նք նրանց հետ, ովքեր տարբերություն չեն դնում տղամարդու և կնոջ միջև»,- ասել էր Ալիևը:

Ալիևի՝ ԵՄ ինտեգրմանն ուղղված քննադատությունը, մի շարք քաղաքագետների կարծիքով, ամենևին էլ պատահական չէ, ներքաղաքական նոր իրավիճակում Ալիևները հույսեր են կապում Մոսկվայի հետ և ծրագրում հստակեցնել արտաքին քաղաքական վեկտորները՝ կողմնորոշվելով դեպի Ռուսաստան:

Այս համատեքստում ուշագրավ է լինելու հետևել այն ուղերձներին, այդ թվում՝ ԼՂ հակամարտության կարգավորմանը վերաբերող, որոնք կհնչեն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի դեկտեմբերի 2-3-ն Ադրբեջան կատարելիք այցի ընթացքում, երբ նախատեսվում են բանակցություններ նախագահ Իլհամ Ալիևի և ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Վերջերս Մամեդյարովը կրկին հիշել էր բանակցային սեղանին դրված ինչ-ինչ փաստաթղթերի մասին՝ նշելով, որ առաջարկներն արդեն սեղանին են: Խոսքը, ամենայն հավանականությամբ, հենց ռուսական առաջարկների՝ «Լավրովի պլանի» մասին է, որոնց մասին ամիսներ առաջ խոսել էին Մամեդյարովն ու Լավրովը: Ի դեպ, նոյեմբերի 27-ին Մեհրիբան Ալիևան Telegram-ի իր պաշտոնական էջում գրել էր. «Մեր միակ երազանքը Ղարաբաղի հողում միասին ղարաբաղյան շիքեստե (մուղամ) լսելն է»:

Ադրբեջանցի որոշ ընդդիմադիր վերլուծաբանների կարծիքով՝ չի բացառվում, որ նոր ձևավորվելիք խորհրդարանի գործունեության մեկնարկային փուլում դրվի Ադրբեջանի ԵԱՏՄ անդամակցության հարցը: «Կա տարբերակ, որ Ռուսաստանը ճնշումներ կգործադրի Ադրբեջանի նկատմամբ, և կսկսվի Մադրիդյան սկզբունքների իրագործումը, բայց կրճատված տարբերակով՝ հայերը փուլ առ փուլ վերադարձնում են ԼՂՀ-ի շուրջ օկուպացված 5 շրջանները, և այնտեղ «բազմազգ խաղաղապահ ուժերի» անվան տակ տեղակայվում են իրականում ռուսական զորքեր: Ադրբեջանում իշխանությունները դա կներկայացնեն՝ որպես սեփական մեծ հաղթանակ, իբրև թե ներկայումս՝ այդ 5 շրջանները, իսկ հետո՝ նաև մնացածը»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել էր Բաքվի Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի հակամարտությունների հետազոտության բաժնի ղեկավար Արիֆ Յունուսովը:

Մեզ հետ զրույցում Պրահայի «Ազատություն» ռադիոկայանի «Էխո Կավկազա» ծառայության քաղաքական մեկնաբան Վադիմ Դուբնովն ասաց, որ Ադրբեջանի իշխանությունն անցել է ավտորիտար բարեփոխումների նոր փուլի, տեղի է ունենում էլիտաների փոփոխություն, կլանային համակարգի էությունն է փոխվում, հեռանում է հին ավանդական կլանը, որն արդեն բավական հեռացված է համակարգից, և նրան փոխարինելու է գալիս նոր համակարգ, որում սկզբունքային դերակատարություն է ունենում Մեհրիբան Ալիևան: Նրա խոսքով՝ նոր համակարգում դերակատարություն են ունենալու և օգտագործվելու են բավականին երիտասարդ, պրագմատիկ, որոշակիորեն մոդեռն կադրեր՝ առաջադեմ, իշխանությանը լոյալ, միջին խավի:

«Սա այն է, ինչը տեղի է ունենում նման ավտորիտար երկրներում, ռեժիմն ադապտացվում է: Նոր պայմաններում հին անձինք արդեն անելիք էլ չունեին, և իրավիճակը պետք էր փոխել»,- ասաց Դուբնովը:

Նրա համոզմամբ՝ այս փոփոխություններով պայմանավորված՝ Ադրբեջանին Մոսկվայից որոշակի լոյալություն էր հարկավոր, ինչպես հարկավոր էր Հայաստանին և ցանկացած երկրի, որը նման կերպ է կառուցված:

«Առանց այդ լոյալության՝ չափազանց բարդ է լինելու: Բայց ես դա չէի ներկայացնի՝ որպես արտաքին քաղաքականության շեշտակի փոփոխություն, և չէի դիտարկի՝ որպես մուտք Ռուսաստանի ուղեծիր: Ռուս-ադրբեջանական հարաբերությունները զարգանալու են մոտավորապես այնպես, ինչպես նախկինում, նույնիսկ Ադրբեջանի համար ավելի հեշտ է լինելու փոքր հեռավորություն պահել Ռուսաստանից, քանի որ նախկինում ադրբեջանական էլիտայում շատ էին գործիչները, որոնք հակված էին Ռուսաստանի հետ համագործակցել ավելի սերտորեն: Ներկայումս քաղաքական միջավայրն ավելի միատարր է, որը թույլ է տալու Ադրբեջանին պրագմատիկ, կառուցողական քաղաքականություն վարել Ռուսաստանի ուղղությամբ, բայց ոչ ավելին, և ես չեմ կարծում, թե կտրուկ կապվածություն կառաջանա, եթե ինչ-որ բան չփոխվի անձամբ Իլհամ Ալիևի մոտ»,- ասաց Դուբնովը:

Նրա դիտարկումների համաձայն՝ Ադրբեջանի ԵԱՏՄ անդամակցության հարցը մշտապես քննարկվելու է, քանի դեռ կա ԵԱՏՄ-ն, ՀԱՊԿ-ը և Ադրբեջանը: «Բայց սա այն քննարկումն է, որը կոնկրետ քայլերին փոխարինում է»,- ասաց Դուբնովը:

Ադրբեջանի ԵԱՏՄ անդամակցությունը՝ հավանական զարգացում

Սակայն ռուս արևելագետ Ստանիսլավ Տարասովը մեզ հետ զրույցում չբացառեց, որ Ադրբեջանի ներքաղաքական խմորումները հանգեցնեն ռուս-ադրբեջանական հարաբերությունների սերտացման, այդ թվում՝ Ադրբեջանի ԵԱՏՄ անդամակցության թեմայի ակտիվացման: «Ես Ադրբեջանի ԵԱՏՄ անդամակցությունն ամենևին չեմ բացառում, քանի որ Ալիևը գրագետ, կիրթ քաղաքական գործիչ է, նա հասկանում է, որ տեսանելի ապագայում ԽՍՀՄ չի լինելու, որ Ռուսաստանը չի փորձում նախկինի նման վերահսկել այս երկրներին, այսինքն՝ ինքնիշխանությանը վտանգ չի սպառնում ոչ Ադրբեջանի, ոչ Հայաստանի, ոչ Վրաստանի, ուստի սա կարող է դիտարկվել Ադրբեջանի կողմից»,- ասաց Տարասովը:

Նա նշեց, որ Մեհրիբանի այցը Մոսկվա ներքաղաքական զարգացումների շեմին սիմվոլիկ բնույթ կրեց, բայց լուրջ գաղտնի ենթատեքստ ուներ, որի մասին կարելի է միայն կանխագուշակել, քանի որ տեղեկատվական արտահոսքեր չեղան: «Մեհրիբանը Բաքվի ենթամշակույթի ներկայացուցիչ է, նա ռուսալեզու է, նա ավարտել է ռուսական դպրոց, նա կրթություն է ստացել ռուսերենով, Փաշաևների ողջ ընտանիքը կարիերա է իրականացրել և ինքնահաստատվել Սովետական Միության տարիներին, սերտորեն համագործակցելով Մոսկվայի հետ, կա որոշակի համակրանք Ռուսաստանի նկատմամբ: Նա աջակցում է ռուսերենին Ադրբեջանում: Սա գնահատվում է: Նրա այցը համընկավ նաև Ռուսաստանի աշխարհաքաղաքական դերի բարձրացման փուլի հետ, Ռուսաստանը սկսեց ամրապնդվել, ազդեցությունը սկսեց ուժեղանալ, և ներկայումս ռուսերենի իմացությունը տնտեսապես շահավետ է դառնում: Բոլոր նշաններով Ադրբեջանի խորհրդարանի վաղաժամկետ լուծարումը լուրջ պատճառ ունի, ներկլանային խնդիրներ են, թե ինչ հարցում կոնկրետ համաձայնության չեն եկել, կրկին կարող եմ կանխագուշակել՝ Մեհրիբանի հարց, ԼՂ հակամարտության լուծումներ կամ ԵԱՏՄ անդամակցություն, հստակ չեմ կարող ասել, բայց շատ լուրջ սցենար կա, որը հանգեցրեց իշխող խմբակցության տապալմանը, և նրանք ստիպված եղան նման բանի գնալ»,- նման կարծիք հայտնեց Տարասովը:

Ըստ ռուս քաղաքական վերլուծաբանի՝ Ադրբեջանի էլիտան ժամանակին լուրջ ռազմավարական սխալ թույլ տվեց՝ կողմնորոշվելով դեպի Թուրքիա, քանի որ վստահ էր, որ Անդրկովկասում դոմինանտ դերակատարություն է ունենալու Թուրքիան, այնինչ Թուրքիան հայտնվել է լուրջ աշխարհաքաղաքական ճգնաժամի մեջ, մերձավորարևելյան հաշիվների մեջ է ներքաշվել, թուլացել է, Անդրկովասում Թուրքիայի ազդեցությունը քաղաքական զարգացումների վրա զրոյական է: «Այս իրավիճակում Ադրբեջանը գնալու տեղ չունեի, ԵՄ-ն փակեց եվրաինտեգրացիայի դուռը, Իրանի ցնցումները կարող են վտանգել հենց Ադրբեջանը, և Ալիևը ստիպված է ռուսական կողմ թեքվել՝ զուգահեռաբար ստանալով իշխանության երաշխիքներ, այս ֆոնին Մեհրիբանի այցը Ռուսաստան թվում է օրինաչափ»,- ասաց Տարասովը:

Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտության կարգավորմանը՝ Ադրբեջանում ձևավորվող նոր իրավիճակի համատեքստում, Ստանիսլավ Տարասովն ասաց, որ ՀՀ-ում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների ընթացքում Ալիևն ուներ հնարավորություն, սակայն չգնաց ռադիկալ քայլերի ԼՂ հակամարտության գոտում: Ըստ նրա՝ Մամեդյարովը խոսում է սեղանին դրված ռուսական առաջարկների մասին, սակայն ռուսական կողմը հերքել է կոնկրետ «Լավրովի պլանի» առկայությունը՝ նշելով, որ կան ընդհանուր առաջարկներ, և դրանք հայտնի են բոլորին:

«Հնարավոր է՝ երիտասարդությունը գա խորհրդարան, նոր կադրեր լինեն, նրանք առաջարկեն կարգավորման այլ տարբերակ, գուցե նրանք հրաժարվե՞ն տեղեկատվական պատերազմից, պատերազմական սցենարից, գուցե համաձայնեն խաղաղ համաձայնագրի արդեն իսկ առկա առաջարկների հիման վրա, չենք կարող շատ հեռավոր ապագային միտված վերլուծություններ անել, սակայն դա մեկ տարվա գործ չէ, պետք է տևական ժամանակ նման մտածելակերպ ձևավորել, աշխատել այս ուղղությամբ, որպեսղի հայերին չդիտարկեն թշնամիներ: Բայց այս փուլում դեռ պետք է հետևենք իրավիճակի զարգացմանն Ադրբեջանում»,- ասաց նա: Իր հերթին՝ Վադիմ Դուբնովն ասաց, որ ոչ մի արտասովոր զարգացում չպետք է սպասել ԼՂ հակամարտության գոտում: «Իլհամին բացարձակ ձեռնտու չէ ներկայումս լարվածությունը հակամարտության գոտում, նա ուժերը կենտրոնացրել է սեփական իշխանության բարեփոխման վրա, նոր իրողությունների հարմարեցմանը, ու այստեղ այդ լարվածությունը հարկավոր չէ: Առավել ևս՝ բանակցային առաջընթաց չի լինելու: Հասարակությունը ցնցել ինչ որ զիջումներով ԼՂ հակամարտության կարգավորման շրջանակում՝ տեղին չի լինելու, ստատուս-քվոն չի փոխելու»,- ասաց Դուբնովը:

 

Տեսանյութեր

Լրահոս