«Մեր խմբակցությունում չկա որևէ միտում փողով չծառայելու մասին». Տիգրան Կարապետյանը դեմ է 10 մլն դրամով՝ 2 տարվա փոխարեն՝ 1 ամիս ծառայելու նախագծին
168 TV-ի «Ռեվյու» հաղորդման հյուրն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը:
– Ձեր խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ներկայացրել է օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկում է 10 մլն դրամ վճարել և ծառայել բանակում 1 ամիս՝ արագացված ընթացակարգով. սա փողն ընդդեմ ծառայության կոնցե՞պտ է։
– Ես միանշանակ դեմ եմ այդ գաղափարին, երբ այս նախագիծը հասնի մեր հանձնաժողով, ես իմ կարծիքը կասեմ։ Միանշանակ է այն, որ որքան էլ ականջահաճո չէ լսելը, միևնույն է՝ մենք դատապարտված ենք ունենալու պարտադիր զինվորական ծառայություն։
– Պատգամավոր Հայկ Սարգսյանը երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ ինքն առաջարկում է հետևյալը՝ մի՛ սպասիր, մինչև 27 տարին լրանա, նոր վերադառնաս Հայաստան. արի ՛, վճարիր 10 միլիոն դրամ, որը կգնա ՊՆ-ին, իսկ քո փոխարեն էլ՝ այլ քաղաքացի 2 տարի կծառայի։ Բանակն ուժեղացնո՞ւմ ենք այս կերպ։
– Զինված ուժերի նկատմամբ մենք պետք է լինենք շատ զգույշ, և յուրաքանչյուր մեր քայլը պետք է լինի հավասարակշռված։ Հիմա շրջանառության մեջ կա մի օրենքի նախագիծ, որով վերացնում ենք վճարել և չծառայելու սկզբունքը. յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պետք է ծառայի բանակում. վերջ։ Հիմա ստացվում է՝ այս առաջարկով ծնողի վրա լրացուցիչ բեռ ենք դնում, որ նա այդ գումարը տա և երեխային ազատի բանակից։ Ես ամեն դեպքում դեմ եմ՝ անկախ նրանից, թե ինչ բացատրություններ կան։ Կրկնում եմ՝ դեմ եմ։
– Հայկ Սարգսյանն առաջարկում է նաև բանակում ծառայելը խրախուսելու համար մարզասրահներ, լողավազաններ սարքել, զինվորներին խրախուսել զբաղվել սպորտով։ Աշխատո՞ղ տարբերակ է։
– Բանակում կան համապատասխան վարժասարքեր և այլն. գիտե՛ք, բանակում ջերմոցային պայմաններ չեն ստեղծում. բանակը բանակ է՝ մանավանդ ՀՀ-ի պարագայում. մեր բանակը գտնվում է պատերազմական իրավիճակում։
– «Սա իմ երազած Հայաստանն է, որտեղ այլևս չի լինի պարտադիր զինվորական ծառայություն». սրանք նախագծի հեղինակի խոսքերն են, իսկ Ձե՞ր երազած Հայաստանն ինչպիսին է։
– Իմ երազած Հայաստանն է՝ ունենալ տարածաշրջանում ամենազինված, ամենամարտունակ բանակը, որի հետ հաշվի են նստում տարածքով, չափով, բյուջեով և ավելի մեծ բանակ ունեցող երկրները։
– Սա Ձեր խմբակցությունում բանակում ծառայելու կամ փողով ծառայությունից ազատվելու մասին միակ նախագիծը չէ. ավելի վաղ էլ Անդրանիկ Քոչարյանը, Մխիթար Հայրապետյանն ու Արման Բաբաջանյանն էին ներկայացրել նախագիծ. նրանք առաջարկում են բանակում չծառայելու դիմաց վճարվելիք գումարի չափը հասցնել 6 մլն դրամի, իսկ հետախուզման տարիքը՝ 27-ից 45 տարեկանը դարձնել, այս կարգավորմա՞նն ինչպես եք վերաբերվում։
– Վճարել տուգանք՝ չծառայելու դիմաց, դա մեր խմբակցության, մեր իշխանության գաղափարը չէ. դա մենք չենք արել, երբ վճարում են 3 միլիոն դրամ։ Մեր խմբակցությունում չկա որևէ միտում փողով չծառայելու մասին, մեր գործունեությունը միտված է նրան, որ ունենանք զարգացած ռազմարդյունաբերություն, ավելի պատրաստված զինված ուժեր, ավելի լավ սպառազինություն, և բոլոր այդ ասեկոսեները կամ մեղադրանքները մեր իշխանության հասցեին ապատեղեկատվություն են։
– Ասեկոսենե՞ր են արդյոք, որ Ձեր խմբակցությունում զգալի թիվ են կազմում բանակում չծառայածները. օրինակ՝ Արարատ Միրզոյանը, Հակոբ Սիմիդյանը, Էդգար Առաքելյանը, Ալեքսանդր Ավետիսյանը, Սոս Ավետիսյանը, Արման Բոշյանը, Արման Եղոյանը բանակում չեն ծառայել, և այս ցանկը երկար է։ Հիմա հարց է հնչում՝ իսկ ավելի լավ չէ՞ պատգամավորները սեփական օրինակով ցույց տան բանակում ծառայելու առավելությունը, վայր դնեն մանդատն ու գնան բանակ։
– Բանակում չեմ ծառայել նաև ես. ես բանակից ազատվել եմ, քանի որ ծնվել էր իմ երկրորդ որդին։ Ես բանակում չեմ ծառայել, բայց իմ ամբողջ գիտակցական կյանքը կապված է եղել զենքի, սպառազինության, բանակի հետ։ Համարո՞ւմ եմ արդյոք, որ դա իմ կենսագրության ոչ հպարտ էջն է, իհարկե, ես չեմ հպարտանում նրանով, որ ես բանակում չեմ ծառայել, բայց ես ունեմ երկու որդի, որոնք ծառայելու են Զինված ուժերում, իսկ իմ աշխատանքը միտված է նրան, որ մեր զինվորների ծառայությունը դարձնենք ավելի ժամանակակից և անվտանգ։
– Դուք Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի անդամ եք, արդեն հայտնել եք, որ հանձնաժողովի գործունեությունը 6 ամսով երկարաձգելու առաջարկով դիմելու եք ԱԺ նախագահին. Ինչո՞ւ է առաջացել հանձնաժողովի աշխատանքը երկարաձգելու անհրաժեշտությունը։
– Ազգային ժողովին երեկ ենք դիմել. իսկ դիմելու անհրաժեշտությունն առաջացել է՝ աշխատանքների ծավալով պայմանավորված. դա կապված է փաստաթղթերի ծավալի հետ, իհա՛րկե, կան մարդիկ, որոնց էլ դեռ չենք հասցրել հանձնաժողով։
– Իսկ Սերժ Սարգսյանին ե՞րբ եք հրավիրելու հանձնաժողով։
– Կարծում եմ՝ դրա մասին նախապես կհայտարարվի. հիմա մենք ավելի թափանցիկ ենք աշխատում և նախապես ասում ենք, թե ովքեր են հրավիրվելու։
– Իսկ առաջիկայում հրավիրվողների ցանկում Մովսես Հակոբյանը կա՞։
– Այո՛։
– Դուք մի առիթով ասել էիք, որ Քննիչ հանձնաժողովի խնդիրն է՝ նաև պարզել, թե ի՞նչն էր հակառակորդին հնարավորություն տվել կարծելու, որ կարող է իրականացնել մշակված օպերացիան: Աշխատանքի այս ժամանակահատվածում որևէ բան կարողացե՞լ եք պարզել։
– Փակագծեր չեմ բացելու, բայց Ադրբեջանի զինված ուժերը 2000-ականների կեսերից սկսել էին անօդաչուների ձեռքբերումը. այս մասին բազմաթիվ անգամներ ահազանգել են, ահազանգել եմ նաև ես։ Ապրիլյան պատերազմի ժամանակ հիշում ենք այդ անօդաչուների հարվածները, մեր դիրքերն անարգել նկարելը, հետևաբար՝ մեր բացթողումներից մեկն անօդաչուների դեմ պայքարին ոչ պատրաստ լինելն էր, և սա նույնիսկ առանց քննիչ հանձնաժողովի է ֆիքսվել։ Հիմա մենք ուզում ենք հասկանալ, կարո՞ղ է պարզվի, որ օբյեկտիվ պատճառներ ունեինք, ֆինանսական խնդիրներ կայի՞ն։
– Իսկ այս 6 ամսվա ընթացքում դա չպարզեցի՞ք։
– Բազմաթիվ հարցերի պատասխաններ ստացել ենք, բայց ես իրավունք չունեմ հրապարակելու, որովհետև այն, ինչ պետք է հրապարակվի, դա որոշվում է հանձնաժողովի կողմից։
– Հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ չհերքեց, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ մեր զինվորները նաև բահով են կռվել, միևնույն ժամանակ պարզաբանեց, որ «իրոք զինամթերքը վերջացել է, և հակառակորդը հասել է դիրք, նա պետք է բահն էլ կիրառի, քարն էլ կիրառի, բռունցքն էլ կիրառի, զենքը կա, զինամթերքը վերջացել է, ի՞նչ պետք է անեն»։ Ֆիքսե՞լ է զենք չլինելու փաստը։
– Այդ միֆերը, որոնք կան հասարակության մեջ, թե փամփուշտ չի եղել, զինվորները խոտ են կերել, հերքվեցին։ Մենք հայտարարում ենք, որ առաջնագծի բոլոր ստորաբաժանումներում փամփուշտ է եղել, չի եղել մի դիրք, որտեղ փամփուշտ չի եղել։
– Եթե, այդուամենայնիվ, հանձնաժողովի աշխատանքների ավարտին սեղանին դնեք մի փաստաթուղթ, որը կփաստի՝ Ապրիլյան պատերազմը պայմանավորված չէ, ի՞նչ կստացվի, կստացվի՝ ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանի՝ այդ մասին արված հայտարարություններն իրականության հետ աղերս չունեի՞ն։
– Մեր հանձնաժողովի վերջնական զեկույցն արտացոլելու է իրական պատկերը. այդ փաստաթուղթը կամ զեկույցը որևէ մեկին հակադրվելու, ականջահաճո լինելու կամ ինչ-որ շրջանակների շահի սպասարկողը չի լինելու։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում
ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ