Կառավարության չկատարված որոշման հետքով
2018 թ. օգոստոսի 9-ի Կառավարության նիստում որոշում էր ընդունվել՝ «Կալանավորված անձանց և դատապարտյալների հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու նպատակով, հաշվի առնելով քրեակատարողական հիմնարկների տեղակայվածությունը, մարզերի (Շիրակ, Լոռի, Սյունիք) 110 և ավելի մահճակալ ունեցող բազմապրոֆիլ բժշկական հաստատություններում, իսկ Երևան քաղաքում՝ 500 և ավելի մահճակալ ունեցող բազմապրոֆիլ բժշկական հաստատություններում, առանձնացվում է առնվազն 10 մահճակալ ունեցող, երկաթե ճաղավանդակներով և երկաթե դռներով ամբողջովին մեկուսացված, տեսախցիկներով վերահսկվող բաժանմունք, որի պահպանությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կողմից»:
Սույն որոշումն ուժի մեջ է մտել 2018 թվականի օգոստոսի 15-ից: Ըստ նույն այդ որոշման՝ մեկ տարի հետո, այսինքն՝ 2019թ. օգոստոսի 15-ից, Երևան քաղաքի բժշկական օգնության և սպասարկման համապատասխան լիցենզիա ունեցող 500 և ավելի մահճակալ ունեցող բազմապրոֆիլ բժշկական հաստատությունները պետք է արդեն սպասարկեին դատապարտյալներին ու կալանավորված անձանց:
Արդարադատության նախկին փոխնախարար Տիգրան Խաչիկյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Հիշյալ վերջնաժամկետից անցել է շուրջ չորս ամիս, և մինչ օրս առկա չէ նշված որոշման կատարման մասին որևէ տեղեկատվություն:
Փաստացի, կարող ենք արձանագրել, որ քրեակատարողական ոլորտի հիշյալ ռազմավարական քայլի իրացումը, որը նաև Կառավարության գործունեության ծրագրից ուղղակիորեն բխող պահանջ է, ևս ձախողված է: Նշված որոշման կատարման ամբողջ պատասխանատվությունը դրված է ՀՀ արդարադատության և առողջապահության նախարարությունների վրա:
Հիշյալ անգործության հետևանքով առկա է Կառավարության որոշում, որը մինչ օրս մնացել է չկատարված՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:
Մնում է մեկ հարցի պատասխան. ո՞վ է կրելու նշված որոշման չկատարման համար պատասխանատվությունը»:
168.am-ն Արդարադատության նախարարությունից հետաքրքրվեց, թե ի՞նչ փուլում են նշված աշխատանքները:
«Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Կառավարության 09.08.2018թ. թիվ 880-Ն որոշման Երևան քաղաքում տեղակայված ներքոհիշյալ քաղաքացիական առողջապահական հաստատություններում համապատասխան բաժանմունքների շինարարական աշխատանքները գտնվում են հետևյալ փուլերում.
«Էրեբունի» բժշկական կենտրոն-բաժանմունքը հատկացվել է 9-րդ հարկում, շինարարական աշխատանքները ընթացքի մեջ են,
«Արմենիա» բժշկական կենտրոն – բաժանմունքը հատկացվել է 4-րդ հարկում, շինարարական աշխատանքները ընթացքի մեջ են,
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն – բաժանմունքը հատկացվել է 1-ին հարկում, նախագծման և շինարարական աշխատանքների համար պետք է հայտարարվի մրցույթ»:
«Քրեակատարողական ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից նշված բժշկական հաստատությունների հետ տարվել և տարվում են անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվական աշխատանքներ, դրանք պահպանության և անվտանգության ապահովման սահմանված չափանիշներին առավելագույնս համապատասխան կառուցելու համար»,- ասված է Արդարադատության նախարարության հաղորդագրության մեջ:
ԱՆ տրամադրած պատասխանից պարզ է դառնում, որ մեկ տարուց արդեն անցել է ևս 4 ամիս, սակայն Կառավարության որոշումը փաստացի կատարված չէ:
Արդարադատության նախկին փոխնախարար Տիգրան Խաչիկյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ կառավարության այդ նախաձեռնությունը մշտապես ՀՀ ռազմավարական գերակայություններից է եղել, և դրա կարևորությունն ընդգծվել է նաև երկրի վարչապետի կողմից:
«Անցյալ տարի, երբ ընդունվում էր նախագիծը, ընդգծվել է, որ դա բավականին արդյունավետ գաղափար է: Գաղափարի մասին ուղղակիորեն դրական կամարտահայտություն է հայտնել նաև առողջապահության նախարարը նիստի ժամանակ, և դա հրապարակային է եղել»,- ասաց նախկին փոխնախարարը՝ շեշտելով, որ իր պաշտոնավարման ընթացքում նա բոլոր ջանքերը գործադրել է դրա իրագործման համար:
Վերջինս նշում է, որ ինքը քրեակատարողական ծառայողների հետ բազմաթիվ շրջայցեր է կատարել, գտել են հարմար տարածք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում:
«Մինչև այժմ ինձ հայտնի չի որևէ տեղեկատվություն, որ այդ որոշումը կատարվել է, որովհետև չի կատարվել փաստացի: Սրանով առկա է արդեն կառավարության որոշման չկատարում, իսկ կառավարության որոշման չկատարման մասով չունենալ քաղաքական պատասխանատվություն, սա չգիտեմ՝ ինչ ժանրից է:
Մեր հարցին, թե ո՞վ պետք է կրի քաղաքական պատասխանատվություն, Տիգրան Խաչիկյանը պատասխանեց՝ այն նախարարությունը կամ նախարարությունները, որոնց վրա դրված է այս որոշման կատարումը:
«Դա առաջին հերթին Արդարադատության նախարարությունն է, և երկրորդը՝ Առողջապահության նախարարությունը, որ պետք է համատեղ անեին»,- ասաց ԱՆ նախկին փոխնախարարը:
Ըստ Տիգրան Խաչիկյանի՝ այդ որոշումը, որը նպաստավոր պայմաններ էր ստեղծում դատապարտյալների բուժօգնության կազմակերպման համար, հրաշալի պայմաններ էր ստեղծում նաև քրեակատարողական ծառայողների կողմից հսկողական գործառույթներն իրականացնելու համար:
«Որովհետև մի բան է՝ հսկողական գործառույթներն իրականացնել հիվանդանոցի մեջ բոլոր հիվանդների, մեր քաղաքացիների համար ընդհանուր հասանելիության պայմաններում, և մեկ այլ բան՝ այդ հսկողությունն իրականացնել մեկուսացված սենյակում, անվտանգության բոլոր բաղադրիչների պահպանմամբ»,- նշեց Տիգրան Խաչիկյանը:
Մեր դիտարկմանը, թե ենթադրվում է, որ դատապարտյալների համար առանձնացված հարկաբաժինները երկաթյա ճաղավանդակներով առանձնացված պիտի լինեին, նախկին փոխնախարարն ասաց. «Այո, ամբողջ հարկը պետք է մեկուսացված լիներ, ու կրկնում եմ, շատ լավ տարածք էինք գտել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում, բայց արհեստական պատճառներով մինչև այժմ չի իրականացվել: Մենք որդեգրել ենք դատապարտյալների իրավունքների պաշտպանությանն ուղղված քաղաքականություն, բայց այդ կարևորագույն որոշումը 4 ամիս հետո չի կատարվում երկրի քաղաքականությունը մշակող մարմինների կողմից»:
Գոհար Սավզյան