 
                        Վրաստանի իշխանություններն ու ընդդիմությունը կբանակցեն դիվանագետների մասնակցությամբ
 
                                    Վրաստանի իշխանությունների եւ ընդդիմության ներկայացուցիչները բանակցություններ կվարեն դիվանագետների մասնակցությամբ եւ կքննարկեն նաեւ խորհրդարանական ընտրությունների «գերմանական մոդելին» անցնելու հնարավորությունը: Այդ մասին նոյեմբերի 29-ին լրագրողներին հայտարարել է «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կառավարող կուսակցությունից պատգամավոր Իրակլի Կոբախիձեն։
«Մենք կոնսուլտացիաներ ենք անցկացրել դիվանագիտական կորպուսի ու դեսպանների հետ: Նրանք հանդես եկան բանակցությունների սեղանի շուրջ նստելու եւ երկխոսություն սկսելու նախաձեռնութմամբ, չնայած ընդդիմության դեստրուկտիվ գործողություններին: Մենք անսացինք դիվանագիտական կորպուսի կարծիքին, եւ վաղը, օրվա առաջին կեսին, տեղի կունենա իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչների հանդիպումը: Դիվկորպուսի ներկայացուցիչները նույնպես ներկա են լինելու»,-ասել է Կոբախիձեն:
Հանդես գալով համամասնական ընտրությունների օգտին՝ ընդդիմությունը որպես այլընտրանք առաջարկել է անցնել ընտրությունների «գերմանական մոդելին», որը, նրանց ասելով, չի պահանջում փոփոխություններ կատարել Սահմանադրության մեջ: Մինչդեռ իշխանությունները հակառակն են պնդում, հաղորդել է Sputnik-ը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        