
Ո՞վ է Վիտալի Բալասանյանի մրցակիցը. Երկու համագումար՝ մեկ օրում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վաղը Արցախի «Վալեքս գարդեն» հյուրանոցի սրահում տեղի կունենա «Արդարություն» կուսակցության համագումարը` գարնանային ընտրություններին ընդառաջ։ Կուսակցությունը կհայտարարի ընտրություններին մասնակցելու եւ գեներալ Վիտալի Բալասանյանին նախագահի թեկնածու առաջադրելու մասին: Նույն օրը համագումար կանի նաեւ Աշոտ Ղուլյանի կուսակցությունը․ նրանք էլ Ղուլյանին կհայտարարեն թեկնածու:
«Արդարություն» կուսակցության ղեկավար Հակոբ Հակոբյանին հարցրինք` ովքե՞ր են հարում կուսակցությանը։ «Փազլը շատ մեծ, բազմաշերտ է»: Ինչո՞վ է բացատրվում անկուսակցական Բալասանյանին առաջադրելը։ «Արցախի անվտանգային խնդիրներով, մարտահրավերներով։ Գտնում ենք, որ Արցախի նախագահն այսօր, երբ երկիրը գտնվում է պատերազմական իրավիճակում, ռազմաքաղաքական վեկտորի ներկայացուցիչ պետք է լինի»:
Խոսակցություն կա, որ եթե մեկ այլ կոնսենսուսային թեկնածու լինի, Բալասանյանը կաջակցի նրան․ գնալու եք մինչեւ վե՞րջ։ «Այլ մտադրություն, բացի մինչեւ վերջ գնալուց, չունենք»:
Ո՞ւմ եք մրցակից համարում։ «Վիտալի Բալասանյանին մրցակից, թող բարձր չհնչի, այս պահին չենք տեսնում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: