
Հայտնի են Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի մահվան մանրամասները

Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը մահացել է Ռուսաստանի Դաշնության Պյատիգորսկ քաղաքում մասնավոր գարեջրի գործարանում տեղի ունեցած պայթյունից: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Կարապետյանի մահվան լուրը հաստատել են Ստավրոպոլի մարզի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Գարեջրի գործարանի տարածքում պայթյունը տեղի է ունեցել նոյեմբերի 28-ին, ժամը 6:40-ին: Պայթյունի պատճառ է դարձել տեխնոլոգիական գործընթացի խախտումը: Պայթյունից հետո հրդեհ է սկսվել և մասնակիորեն այրվել է մասնավոր շինությունը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Պյատիգորսկի ղեկավարությունը հայտնել է, որ արտադրամասը չի ունեցել գազի միացման թույլտվություն:
Երևան քաղաքի վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը ծնվել է 1970թ. հուլիսի 20-ին: