«Ես չեմ ուզում մասնակից լինեմ ցեխշպրտոցներին». Դավիթ Սանասարյան
«Մենք ցույց ենք տալիս, թե իրավական առումով ինչ խնդիրներ կան, անկախ նրանից՝ դատարանը կբավարարի՞, թե՞ չի բավարարի: Մենք մեր գործընթացի մեջ ենք, մենք հանրությանը, այդ թվում՝ իրավագետներին, սահմանադրագետներին, ներկայացնում ենք սահմանադրական խնդիր»,- լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Սանասարյանը՝ անդրադառնալով իր պաշտպան Ինեսսա Պետրոսյանի դատարանում ներկայացրած՝ գործը կասեցնելու և ՍԴ ուղարկելու միջնորդությանը:
Մեր հարցին ի պատասխան՝ Դավիթ Սանասարյանն անդրադարձավ նաև գործով անցնող մյուս մեղադրյալ Տարոն Ավետիսյանի փաստաբան Հրանտ Անանյանի հայտարարությանը, թե հիմնավորված չէ գործը կասեցնելը, ապա Սահմանադրական դատարան ուղարկելը: Նրա խոսքով՝ հիմնավորվածության-չհիմնավորվածության խնդիր չկա, իրենց միջնորդության մեջ գրել են, որ դատարանը գործը կասեցնի և նոր ուղարկի ՍԴ, բայց դեմ չեն առանց կասեցնելու գործի ՍԴ ուղարկմանը:
Դավիթ Սանասարյանը, ում լիազորությունները ՊՎԾ պետի պաշտոնում շարունակում են կասեցված մնալ, կարծում է, որ Ազգային անվտանգության ծառայության քննչական մարմինը սահմանադրականության խնդիր ունի: Ըստ նրա՝ ԱԱԾ քննչական մարմինը ոչ թե վարչապետի որոշմամբ պետք է հաստատվեր, այլ պետք է այդ մարմնի գործունեությունը նախատեսված լիներ օրենքով՝ այնպես, ինչպես մյուս քննչական մարմինների դեպքում:
Գործով ամբաստանյալ Դավիթ Սանասարյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իր նախորդ հայտարարությանը, որով, ի պատասխան ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ «երբ ժամանակը գա, կխոսեմ» դիտարկման՝ ասել էր, թե՝ «իսկ եթե ե՞ս խոսեմ», ու դրանից հետո պահպանած լռությանը, ասաց.
«Որոշել եմ, որ այս փուլում չեմ պատասխանելու: Նաև կարծում եմ, որ այդ մակարդակում՝ «սուտ է ասում, ճիշտ է ասում», ես պե՞տք է մտնեմ դրա մեջ: Կարծում եմ՝ ես իր հետ առհասարակ բանավեճ չունեմ: Ինքն այդ քաշային կատեգորիան չունի, որ ես իր հետ բանավեճի մեջ մտնեմ: Ես իրեն զգուշացրել եմ, որ՝ մի խառնվի, մի սխալ արա, բայց ես նրա հետ բանավեճ չեմ անում»:
Իսկ առհասարակ վերջին շրջանում իր լռության մասին հարցին ի պատասխան՝ ասաց.
«Ես չեմ ուզում մասնակից լինեմ ցեխշպրտոցներին: Ես կարծում եմ՝ մեր երկրում շատ լուրջ խնդիրներ կան, քան միմյանց նկատմամբ ցեխ շպրտելով՝ գաղջ մթնոլորտը նորից սպասարկելը»:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր 168.am-ը, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ Դավիթ Սանասարյանի և մյուսների գործով դատական նիստում Սանասարյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը միջնորդել էր կասեցնել գործն ու այն ուղարկել ՍԴ: Որոշումը կհրապարակվի այսօր ժամը 15:30-ին:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ