ՀԱԿ-ում երբեք էլ Փաշինյանով ոգևորված չեն եղել. նրանք չեն մոռացել Նիկոլի առաջին «դավաճանությունը». «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունից հետո ՀԱԿ-ում բավականին մեծ հիասթափության ալիք կա։ Չնայած արդար կլինի ասել, որ մինչ այդ էլ այնտեղ մեծ հիացմունքով չէին խոսում իրենց նախկին թիմակցի մասին։
Հիշեցնենք, որ Փաշինյանն ասել էր. «Ղեկավարը, որը չունի ժողովրդի վստահությունը, չարիք է երկրի համար, այնպես ինչպես չարիք են եղել բոլոր ղեկավարները, սկսած 1996 թվականից, երբ որ առանց ժողովրդի վստահության տիրացել են իշխանության եւ փորձել են պահել այդ իշխանությունը»։
ՀԱԿ-ում ավելի շատ նեղվել են, որ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին նույն հարթության մեջ է դիտարկել։ Ինչպե՞ս կարող էր։ Սակայն Տեր-Պետրոսյանի կադրերը, լինելով Փաշինյանի կառավարության մաս, շարունակում են լիարժեքորեն օգտվել օրվա իշխանության բարեհաճությունից, բայց եւ միշտ հավատարիմ մնալ առաջին նախագահին։ Բոլոր առումներով։
Ի դեպ, ՀԱԿ-ում երբեք չեն մոռացել ու չեն պատրաստվում մոռանալու Նիկոլ Փաշինյանի առաջին «դավաճանությունը», երբ նա լքեց ՀԱԿ խմբակցությունը եւ խիստ քննադատեց Տեր-Պետրոսյանին։
Հիշեցնենք, թե 2016-ի ամռանն ինչ էր ասել Փաշինյանը Տեր-Պետրոսյանի մասին. «Լեւոն Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանի հետ դաշինք է կազմել Ղարաբաղի հարցում, այսպես կոչված, մի ծրագիր իրագործելու համար, որը դիվանագիտական շրջանակներում հայտնի է որպես Լավրովի պլան։ Դա մի խայտառակ եւ ստորացուցիչ լուծում է Հայաստանի համար, եւ այդպիսի լուծման համաձայնելը ամոթալի է ոչ միայն առաջին դեմքերի, այլեւ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: