«Հանրապետականների հետ չաշխատելը հավասար է տոտալ տապալման». Սուրեն Սարգսյան
168 TV-ի «Ռեվյու» հաղորդման հյուրն է Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանը
– Պարո՛ն Սարգսյան, նոյեմբերի 11-21-ն ԱՄՆ-ում էր գտնվում ԱԺ պատվիրակությունը՝ Լիլիթ Մակունցի գլխավորությամբ։ Մակունցն այսօր ամփոփելով այցի արդյունքները՝ նշեց, որ իրենք կոնկրետ առաջարկներով էին գնացել ԱՄՆ և առաջարկել են որոշակի համագործակցություն կոնկրետ ուղղություններով՝ մարդու իրավունքներ, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում, կոռուպցիայի կանխարգելում։ Սրա՞նք են հայ-ամերիկյան օրակարգի առաջնահերթ ուղղությունները։
– Հայ-ամերիկյան օրակարգը զարգացնելու և խորացնելու մեծ ռեսուրս կա, որը, ցավոք, ամբողջապես չի իրականացվել՝ պայմանավորված օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, իսկ ինչ վերաբերում է այդ առանձնացված ուղղություններին, իհա՛րկե, դրանք շատ կարևոր են։ ԱՄՆ-ի համար այս ուղղությունները եղել են մշտապես ուշադրության կենտրոնում վերջին 30 տարվա ընթացքում, սրանք նրանց համար գրավիչ թեմաներ են։
– 30 տարի առաջնահերթ են եղել, հիմա էլ նույն վիճա՞կն է. իներցիայո՞վ այդ ուղղությունները կարևորվեցին։
– Փոփոխություն չէր կարող լինել, թեև փաստ է, որ օրակարգը թարմացնել էր պետք. Հայ-ամերիկյան օրակարգը կառուցված է միայն օգնության տրամաբանությամբ, բայց պետք է դառնալ գործընկեր պետություն։
– Իսկ ի՞նչ նոր հարցերով պետք է թարմացնել այդ օրակարգը։
– Առաջին հերթին՝ պետք է դնել տնտեսական համագործակցության հարցը՝ լուրջ ներդրումներ անելու համար. այս ուղղությամբ քայլեր դեռևս մեր կողմից չեն արվում։
– Լիլիթ Մակունցն ասաց, որ առաջարկ են արել՝ Հայ Դատի, հայկական հանձնախմբի հետ ունենալ հուշագրի տեսքով որոշակի համագործակցություն։ Հայ դատի, հայկական հանձնախմբի հետ համագործակցությունը՝ հուշագրով թե առանց դրա, տասնամյակների պատմություն ունի: Ի՞նչ փոփոխություն կտա հուշագիրը, եթե անգամ առաջարկն ընդունվի և ստորագրվի:
– Մենք, օրինակ, ԱՄՆ-ի հետ հուշագիր ունենք ստորագրած. Լևոն Տեր-Պետրոսյանը և ԱՄՆ 41-րդ նախագահը հուշագիր են ստորագրել, բայց թե դա որքանով է ազդել համագործակցության խորացման վրա, պատմությունը ցույց է տվել։ Մեծ հաշվով, ցանկացած հուշագիր, որին միս ու արյուն չեն տալիս, ընդամենը մնում է՝ որպես հայտարարություն։
– Իսկ ունե՞ն մեր խորհրդարանականները համապատասխան կամք և համապատասխան հմտություններ, կամք ստորագրվելիք հուշագրերին միս և արյուն տալու համար։
– Կարծում եմ՝ լուրջ, հետևողական, շարունակական համագործակցության պարագայում կարող են, որովհետև ԱՄՆ մեր համայնքը ևս բավականին ակտիվ աշխատում է ԱՄՆ օրենսդիրների հետ։ Այստեղ ամենակարևորը համակարգված աշխատանքն է։
– Իսկ Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարություն կա՞, և եթե՝ այո, ապա Հայ Դատն ի՞նչ տեղ է զբաղեցնում:
– Ինձ ընդհանրապես հայտնի չէ որևէ ռազմավարություն որևէ պետության հետ՝ այդ թվում և՝ ԱՄՆ-ի հետ. եթե ինչ-որ գաղտնի գրիֆով ինչ-որ ռազմավարություններ լինեն, միգուցե դրանց մասին տեղյակ չլինենք, թեև ես վստահ եմ՝ նման ռազմավարություններ չկան. Ազգային անվտանգության ծառայության ռազմավարություն անգամ չկա, էլ ուր մնաց՝ կոնկրետ պետության հետ լինի. մենք որևէ ռազմավարական մոտեցում որևէ հարցում չունենք։
– Իսկ որո՞նք են այդ ռազմավարությունների բացակայությունների պատճառները։
– Չեն հասցնում, ժամանակը չի հերիքում, դեռ շուտ է. փորձում են հասկանալ՝ արդյո՞ք պետք է, պետք չէ. Օրինակ՝ ԱՄՆ-ի հետ մենք կարող ենք ունենալ ռազմավարություն, թե ինչպես կարող է Հայաստանն աշխատել ԱՄՆ-ի հետ՝ դեմոկրատների, հանրապետականների հետ համատեղ։ ԱՄՆ-ի հետ պետք է ունենալ այդ աշխատանքը, քանի որ այդ պետությունը թիվ 1 գերտերությունն է, պոտենցիալ ունի նաև ՀՀ ներդրումներ բերելու հարցով. բայց, ցավոք, դա էլ չի արվում։
– Լիլիթ Մակունցն այսօր իր խոսքում նշեց, որ հայ-ամերիկյան օրակարգում կարևորել են համագործակցությունը ոչ միայն դեմոկրատների, այլ նաև հանրապետականների հետ։
– Սա շատ կարևոր է, որովհետև Հայաստանում եթե հանրապետականներին մերժել են, դա դեռ չի նշանակում, որ պետք է ԱՄՆ-ի հանրապետականներին էլ մերժեն։ Պետք չէ մոռանալ, որ ԱՄՆ նախագահը հանրապետական է, և նա 2020 թվականի նոյեմբերին բոլոր շանսերն ունի վերընտրվելու, այնպես որ, այնտեղ հանրապետականների հետ չաշխատելը հավասարազոր է աշխատանքի տոտալ տապալման։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում
ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ