«Սիրիայում հումանիտար խմբի գործունեությունը ցույց տվեց ՝ Հայաստանը ոչ միայն խաղաղություն թելադրող, այլև խաղաղություն արտահանող երկիր է». Արկադի Տոնոյան
Հալեպում ՀՀ հյուպատոսությունում ՀՀ հումանիտար առաքելության խմբի ներկայացուցիչ Արկադի Տոնոյանի հարցազրույցը «168 Ժամ» թերթին
– Այս պահի դրությամբ Սիրիայի հայաշատ ո՞ր բնակավայրերի կամ թաղամասերի անվտանգությունն է առավել վտանգված կամ ահաբեկիչների թիրախի տակ: Եվ ի՞նչ իրավիճակ է Քամիշլիի հատվածում՝ հաշվի առնելով, որ նոյեմբերի 11-ին ահաբեկիչների կողմից սպանվեցին Քամիշլիի հայ Կաթողիկե համայնքի հովվապետեր:
– Եթե օպերատիվ տեսանկյունից գնահատենք իրավիճակը, ապա ներկա պահին գործողությունները, որոնք ծավալվում են Սիրիայի հյուսիս-արևելքում, Քամիշլի քաղաքն են առավել վտանգում։ Ե՛վ կառավարական, և՛ ռուսական ուժերը փորձում են նվազեցնել խաղաղ բնակչությանը սպառնացող վտանգի մակարդակը, չնայած որ Քամիշլի քաղաքի մեծ մասը գտնվում է քրդական ազատ դեմոկրատական ուժերի հսկողության տակ։ Ինչ վերաբերում է նոյեմբերի 11-ին հայ կաթողիկե համայնքի հովվապետերի սպանությանը, հարկ է նշել, որ դեպքը տեղի է ունեցել Դեր Զորում։ Ահաբեկիչների իրականացրած ոճրագործությունը ստացավ իր համարժեք արձագանքը, ու միջազգային հանրությունը դատապարտեց։ Ահաբեկչական ակտն ուղղված էր քրիստոնյա համայնքի դեմ։ Նման դեպք չէր գրանցվել 2011 թվականից ի վեր, ահաբեկիչների կողմից օրեր առաջ առաջին անգամ սպանվեցին հայ եկեղեցականներ։ Նոյեմբերի 11-ին և 12-ին Քամիշլիում ավտոմեքենաների մեջ տեղադրված պայթուցիկների գործարկումը հստակ ուղերձ էր՝ անվտանգության և իրավիճակի փոփոխության առումով, սակայն այս պահին պետք է փաստեմ, որ իրավիճակը վերահսկելի է, և Քամիշլիում հայ համայնքի անվտանգության ապահովումն այս պահին բարձր մակարդակի վրա է։
– Սիրիայի հայ համայնքն ի՞նչ դժվարություններ ունի այսօր: Չմոռանանք, որ 2011 թվականից բռնկված պատերազմը Սիրիայում ավերեց այդ երկրի երբեմնի հայտնի քաղաքները, այդ թվում՝ Հալեպը։ Ինչպե՞ս է շարունակվում կյանքն այսօր Հալեպում, արդյո՞ք սկսվել են վերականգնողական աշխատանքներ:
– Կան և՛ տնտեսական, և՛ սոցիալական խնդիրներ: Պատերազմի պատճառած վնասներն ուղղակի ահագնացող չափերի են հասնում Սիրիայում: Անդառնալի են հատկապես մարդկային կորուստները, որոնք հաշվվում են հարյուր-հազարներով: Այստեղ պետք է խորը հարգանքի խոսքեր հնչեցնել Սիրիայի ժողովրդի հասցեին, որը մեծ զոհողությունների գնով դուրս է գալիս երկարատև և դաժան պատերազմի թոհուբոհից` չլքելով իր հայրենիքն ու անսասան մնալով այն պաշտպանելու իր հանձնառության մեջ: Այսօր Սիրիան թևակոխում է հետպատերազմական վերականգնման և ազգային կոնսոլիդացիայի նոր ժամանակաշրջան: Հալեպ քաղաքը պատերազմի հետևանքով ամենամեծ մարդկային և նյութական կորուստները կրած քաղաքներից է: Այսօր կյանքը Հալեպում մտել է բնականոն հունի մեջ. բացվում են վաճառատներն ու հասարակական սննդի օբյեկտները, զգալի աշխուժություն է նկատվում կյանքի գրեթե բոլոր ոլորտներում:
Կառավարությունն իր սուղ միջոցներից դրամական աջակցություն է ցուցաբերում կրթօջախների, ռազմավարական նշանակության շինությունների կառուցման և վերականգնման համար: Բարձրանում է նաև անվտանգության մակարդակը, ինչն ապահովվում է հետևողական աշխատանքի շնորհիվ:
– Հալեպը հայտնի էր հայկական մեծ համայնքով, որը ձևավորվել էր 1915թ.-ից հետո։ Հայերն այս պատերազմի արդյունքում կրկին դարձան փախստականներ, մի մասը վերադարձավ Հայաստան։ Այս պահին ի՞նչ չափի հայ համայնք կա Սիրիայում, մասնավորապես՝ Հալեպում: Ունե՞ք արդյոք որոշակի տվյալներ։
– Այո, պատերազմն իր դրոշմն է թողել նաև հալեպահայության վրա: Երբեմնի ծաղկուն, ազգային ընդգծված կոլորիտով մայր գաղութից այսօր մնացել է ընդամենը 14-15 հազար հալեպահայ, որոնք իրենց ազգանվեր գործունեությամբ և անասելի ջանքերի գնով փորձում են պահպանել համայնքի դիմագիծն ու համայնքային կառույցների կենսունակությունը: Պետք է ուրախությամբ արձանագրել, որ վերականգնվում և նոր ընթացքի մեջ է մտնում համայնքի ազգային կյանքը. հաճախ են իրականացվում մշակութային միջոցառումներ, նոր և բարձր մակարդակի վրա է հյուպատոսություն-համայնք փոխգործակցությունն ու համատեղ միջոցառումներ կազմակերպելու և իրականացնելու պատրաստակամությունը: Եռամսյակը մեկ անգամ տեղի են ունենում այցելություններ հիմնականում Լաթաքիա և Քեսաբ, ուր կազմակերպվում են հյուպատոսական ընդունելություններ` շրջանի հայությանը հյուպատոսական տարաբնույթ հարցերում աջակցություն ցուցաբերելու նպատակով:
– Հրադադարի համեմատաբար հանգիստ պայմաններում կա՞ն դեպքեր, երբ հայերը վերադառնում են Սիրիա։
– Կան, անշուշտ: Նրանք, որոնք վերադառնում են հիմնականում իրենց գույքը վաճառելու և Հայաստանում վերջնական հաստատվելու նպատակով: Լինում են նաև դեպքեր, երբ վերադառնում են մշտական բնակության, սակայն այս նպատակով վերադարձողների թիվը դեռևս փոքր է: Այստեղ պետք է նշել, որ հալեպահայության մի մասի հայացքը, ընդհանուր առմամբ, ուղղված է Մայր Հայրենիքին, և Հալեպում բնակվող բազմաթիվ հայեր իրենց ապագան տեսնում են Հայաստանում: Սակայն քիչ չեն Հալեպում իրենց կյանքը վերահաստատել ցանկացողները:
– Հայկական հումանիտար խումբն ի՞նչ դժվարությունների է բախվում այսօր:
– Ցանկացած նոր նախաձեռնություն էլ դժվարությունների բախվում է՝ սկսած ամենօրյա տեղաշարժից՝ մինչև տեխնիկական հարցեր, սակայն այս պահին կարող ենք վստահ արձանագրել, որ հաջողություն ենք գրանցել մեր գործունեության ընթացքում՝ մեր թիկունքին ունենալով ՀՀ և մեր երկրի գործընկերների՝ Սիրիայի իշխանության և ՌԴ աջակցությունը։ Մեր խումբն այս ամիսների ընթացքում մի շարք գործառույթներ է իրականացրել՝ անվճար բժշկական աջակցություն, հումանիտար ականազերծում, ականների վտանգի իրազեկման և առաջին բուժօգնության դասընթացներ։ Հարկ եմ համարում նշել, որ մի շարք միջազգային կառույցների հետ գործակցության լայն շրջանակ ունենք, մասնավորապես՝ ՄԱԿ-ի զարգացման, ՄԱԿ-ի ժողովրդագրական ծրագրերի։
Մեր մանկաբարձ-գինեկոլոգները և մանկաբույժն իրենց գործունեությունն են ծավալում այդ կառույցի հովանու տակ գտնվող բժշկական կենտրոններում։ Հայ բժիշկները, ընդհանուր առմամբ, ավելի քան 6500 քաղաքացու բժշկական աջակցություն են տրամադրել։ Սակրավորներն այս պահի դրությամբ ականազերծել են մոտ 120 հազար քառակուսի մետր տարածք։ Բժիշկներն աշխատում են նաև հայ համայնքի Դարմանատուն ընկերաբժշկական կենտրոնում, Հալեպի զինվորական հոսպիտալում, 1-ին կլինիկական հիվանդանոցում, Շաքարային դիաբետի կենտրոնում։ Հայաստանի Հանրապետության իշխանությունների բարի կամքի դրսևորմամբ պարբերաբար նաև անհրաժեշտ դեղորայք է նվիրաբերվում Հալեպի հիվանդանոցներին։ Այս մասին բազմաթիվ լուսաբանումներ են եղել։ Սիրիական կողմի երախտագիտությունը վկայում է առաքելության հաջողված ու կարևոր լինելու մասին։ Եթե կարճ որակում տամ, ապա կասեմ, որ հայկական հումանիտար խումբն իր առաքելությունը կատարում է գերազանց։
– Կցանկանայի անդրադառնայիք նաև Սիրիայի իշխանությունների հետ համագործակցությանը և դրա ուղղություններին:
– Սիրիական իշխանությունների հետ համագործակցությունը հիմնականում Հալեպի նահանգային իշխանությունների մակարդակով է։ Սերտորեն գործակցում ենք սոցիալական ոլորտում։ Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի կողմից իրականացված «Մենք ձեզ հետ ենք» նախաձեռնության շրջանակում և սիրիական կողմի միջոցով սոցիալական ծանր պայմաններում ապրող ընտանիքների երեխաներին հանձնվեցին Հայաստանից Հալեպ հասցված գրենական պիտույքները, խաղալիքներն ու հագուստները։ Անձնակազմի մշտական տեղակայման վայրի կենցաղային և ամենօրյա շարժի հետ կապված հարցերը նույնպես սիրիական կողմի հետ համագործակցության շրջանակում են։ Հայ համայնքի հետ նույնպես մեր շփումները շատ սերտ են։ Հումանիտար խմբի միջոցառումները հիմնականում իրականացնում ենք մշակութային կամ ժամանցային շենքերում։ Հայ համայնքը շատ ակտիվ մասնակցություն ունի։ Պարբերաբար համերգներ ու ներկայացումներ են կազմակերպում՝ հրավիրելով հումանիտար խմբի անձնակազմին։ Տեղական մարմինների հետ համագործակցության վերաբերյալ որևէ խոչընդոտ չկա։ Հարաբերությունները ձևավորվել են փոխադարձ հարգանքի ու վստահության մթնոլորտում։
– Սկզբնական շրջանում Սիրիա Հայկական հումանիտար խումբ ուղարկելու գաղափարը միանշանակ չընդունվեց: ՀՀ-ում եղան անգամ կարծիքներ, որ այն ռիսկի տակ է դնում ՀՀ-ի անվտանգությունը: Առաքելությունից բավականին ժամանակ է անցել, ի՞նչ տվեց այն ՀՀ-ին, բացի նրանից, որ այսկերպ սիրիահայերի և սիրիացիների նկատմամբ բարոյական պարտք կատարեցինք:
– Բնականաբար, հարցը քաղաքական տարր է պարունակում, ես զերծ կմնամ այդ տեսանկյունից հարցին պատասխանելուց։ Կասեմ հետևյալը՝ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ներքո գործող մարդասիրական խումբը զերծ է բոլոր տեսակի քաղաքական շահարկումներից։ Սիրիայում գտնվող հայ մասնագետներն իրականացնում են բացառապես հումանիտար առաքելություն, որ լիազորված է՝ համաձայն միջազգային փաստաթղթերի ու հուշագրերի։ Իհարկե, բարոյական պարտքի զգացումը շատ կարևոր է, սակայն պետք է փաստենք, որ սա ոչ միայն բարոյական պարտքի վերադարձ էր, այլ նաև մեր միջազգային պարտավորությունների շրջանակում մասնագետների փայլուն աշխատանքի դրսևորում՝ ՀՀ սահմաններից դուրս։ Հումանիտար խմբի անվտանգությունն ապահովում են մեր ռազմական ոստիկանները՝ իրենց պրոֆեսիոնալ աշխատանքով։ Հայկական հումանիտար խմբի գործունեությունը ցույց տվեց, որ այսօր Հայաստանը ոչ միայն խաղաղասեր, խաղաղություն թելադրող, այլ նաև խաղաղություն արտահանող երկիր է։
– Եթե խոսենք ուժերի բալանսից կամ գրանցված հաջողություններից, սիրիական կառավարական ուժերն ի՞նչ մակարդակում կամ դիրքում են՝ ահաբեկչական ուժերի և նրանց աջակիցների համեմատ:
– Հարկավոր է տարանջատել օպերատիվ գործողությունները քաղաքական և տնտեսական բաղադրիչներից։ Սիրիական կառավարական ուժերը լայնածավալ գործողություններ են իրականացնում հյուսիսում՝ Իդլիբ նահանգում, հյուսիս-արևելքում՝ Հասաքեում, Ռաքայում։ Իդլիբում իրավիճակն այլ է օպերատիվ բնույթով, եթե համեմատենք Հասաքեի, Ռաքայի ու Դեր Զորի հետ։ Այն, որ սիրիական ուժերն այս պահի դրությամբ գրեթե 90 տոկոսով վերահսկողություն են սահմանել Սիրիայի ամբողջականությունն ապահովելու առումով, դա արդեն իրողություն է։ Իդլիբում օպերատիվ տեսանկյունից իրավիճակը խրթին է, քանի որ խմբավորումները, որոնք վայելում են, մասնավորապես, Թուրքիայի զինված ուժերի աջակցությունը, ավելի պատրաստված վիճակում են։ Ներկա պահին Իդլիբի ուղղությամբ լայնածավալ ռազմական գործողություններ, որպես այդպիսին, չեն ընթանում, սակայն սիրիական կառավարական ուժերն ամբողջությամբ վերահսկողություն են սահմանել այն եզրագծում, որն Իդլիբ նահանգի հարևանությամբ է։ Դրանք Լաթաքիան և Հալեպն են, իսկ հարավից՝ Համան։ Թե հետագայում ինչ ռազմական գործողություններ ու զարգացումներ կլինեն, դժվար է ասել։ Այն, որ սիրիական իշխանություններն իրավիճակն իրենց ձեռքն են վերցրել 2015 թվականից, դա փաստ է։ Ինչ վերաբերում է հյուսիս-արևելքում ծավալվող ռազմական գործողություններին, ապա հարկ է նշել, որ թուրքական զինված ուժերն իրենց բուֆերային գոտու անվտանգության ապահովումն իրականացնում են Թել Աբյադից Ռաս էլ ընկած բնակավայրերում՝ 220 կմ ճակատով և 30 կմ խորությամբ։ Սակայն մյուս նահանգներում բոլոր այն տարածքները, որոնք գտնվում են սիրիական իշխանությունների դիրքավորումների տակ, բոլոր այն խնդիրները, այն մարտավարական առաջադրանքները, որ իրականացնում են սիրիական ուժերը, կարճ ժամանակում գրանցում են փայլուն հաջողություններ։
Մարիամ Պետրոսյան
Հ.Գ. Նշենք, որ Պաշտպանության նախարարություն հարցերն ուղարկվել էին նոյեմբերի 12-ին՝ ահաբեկիչների կողմից Քամիշլիի հայ Կաթողիկե համայնքի հովվապետերի սպանությունից անմիջապես հետո: