«Պետք է վերջ տալ սիրողական մակարդակի գնահատականներին և անցնել գործի». գիտնականները՝ վարչապետին
«Ազգային օրակարգը շատ երկար տարիներ եղել է շատ հարմար տանիք՝ մենաշնորհներ հաստատելու, կոռուպցիոն հարստություններ կուտակելու, կուսակցական համակարգեր մտցնելու, այդ թվում՝ կրթական համակարգում, կրթական համակարգի որակը գցելու այն աստիճան, որ այսօր ՀՀ-ում կարող ենք ասել, գրեթե չկա ոչ միայն մրցունակ բուհ, այլև մրցունակ ֆակուլտետներ»,- նոյեմբերի 20-ին Վենետիկի Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության վանահայրերի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ Հայաստանում գիտական գործունեություն վարել նշանակել է՝ ամեն առավոտ գնալ մի շենք, որի ճակատին գրված է՝ գիտահետազոտական ինստիտուտ, օրվա առաջին կեսին սուրճ խմել և վերադառնալ տուն: «Շատ բնական է, որ նման գործունեությամբ զբաղվող որևէ շրջանակի այդ կոմֆորտ զոնայից փորձում ես դուրս բերել, դա առաջացնում է որոշակի խնդիրներ: Բայց մենք գնալու ենք այդ ճանապարհով: Յոլա գնալու տրամաբանություն թույլ չենք տալու Հայաստանի ոչ մի ոլորտում»,- նշել էր նա:
Փաշինյանի այս խոսքերն առաջացրել են գիտական համայնքի ներկայացուցիչների վրդովմունքը:
«Եթե Փաշինյանը չէր ցանկանում վիրավորել, այդ դեպքում պետք է հաշիվ պահանջի նրանից, ով իրեն գցել է թյուրիմացության մեջ»
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի փոխտնօրեն Հայկ Հարությունյանի կարծիքով՝ ՀՀ վարչապետի այս խոսքերից գիտությամբ զբաղվող մարդիկ վիրավորվել են:
«Իմ կարծիքով՝ ՀՀ վարչապետն իսկապես վիրավորել է գիտաշխատողների զգալի մասին: Ինչպես ցանկացած բնագավառում, այնպես էլ գիտության մեջ կան մարդիկ, ովքեր այնքան էլ բարեխիղճ չեն աշխատում, սակայն ասել, որ Հայաստանում գիտական գործունեություն վարել նշանակել է՝ ամեն առավոտ գնալ մի շենք, որի ճակատին գրված է՝ գիտահետազոտական ինստիտուտ, օրվա առաջին կեսին սուրճ խմել և թողնել-գնալ տուն, դա իսկապես լուրջ վիրավորանք է այն մարդկանց հասցեին, ովքեր առավոտից երեկո աշխատում են այդ չնչին աշխատավարձերով և տալիս են միջազգային մակարդակի արտադրանք՝ զեկուցում են, տպագրում հոդվածներ, և այլն: Եթե այդ ամենն անիրազեկության պատճառով է, և վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր ցանկանում վիրավորել, այդ դեպքում պետք է հաշիվ պահանջի նրանից, ով իրեն նման տվյալներ է տվել, գցել թյուրիմացության մեջ: Սա ոչ միայն իմ, այլև գիտաշխատողների մեծ մասի կարծիքն է:
Ավելին, եթե նախարարին 1.5 միլիոն դրամ աշխատավարձ են տալիս, իսկ գիտաշխատողին՝ 100.000 դրամ, ապա շատ ծիծաղելի է նաև արդյունք պահանջելը, երբ գիտնականն ինքը պետք է գնա, ինչ-որ տեղից գումար հայթայթի, որ կարողանա ապրել, ինչպես նաև միջազգային կարգի գիտական հոդվածներ տպագրել:
Ես չեմ կարծում, որ Հայաստանում մեկ ուրիշ բնագավառ կա, որն այնքան բարձր ռեյտինգ ունի միջազգային սանդղակով, ինչպես գիտությունն է: Գիտության բնագավառում աշխատողները կարողացել են Հայաստանի մասին բարձր կարծիք ձևավորել, նպաստել, որպեսզի այլ երկրների գիտնականները համագործակցեն հայ գիտնականների հետ: Եթե ցանկանում ենք համեմատել մեր և եվրոպական ցուցանիշները, ապա պետք է հաշվի առնենք, որ այն ֆինանսավորումը, որ ստանում են եվրոպական երկրներում, առնվազն 10 անգամ ավելի շատ է, քան մեր գիտնականների ստացած աշխատավարձը: Էլ չեմ խոսում սարքավորումներ ձեռք բերելու ֆինանսավորման մասին, որն անհրաժեշտ է: Մեզ մոտ շատ քիչ գումար է տրամադրվում, բայց անգամ նման պայմաններում փորձում ենք «ոտք մեկնել» զարգացած երկրների գիտնականների հետ: Կուզեի՝ վարչապետն ասեր, թե նախարարություններում աշխատող մարդիկ ինչո՞վ են զբաղված, ի՞նչ են անում ընդհանրապես: Գուցե սուրճի փոխարեն կոնյա՞կ են խմում: Դա իրենց գործն է, բայց, եթե կարողանում ենք մեզ համար նաև սուրճի գումար հայթայթել ու սուրճ խմել, լավ ենք անում՝ սուրճ ենք խմում և գործ ենք անում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հայկ Հարությունյանը:
«Եթե դու՝ որպես պետություն, չես ստեղծում պայմաններ, ապա առնվազն անտրամաբանական է խոսել գիտնականների արդյունավետությունից»
ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովակիմ Զաքարյան. «Գիտնականի արդյունավետությունը չափում են գիտաչափական մեթոդներով, օրինակ՝ որքա՞ն հոդված է տպագրում մեկ տարվա մեջ, որքա՞ն հղում է ստանում հոդվածն այլ գիտնականների կողմից, և այլն։ Սրանք չափելի մեծություններ են։ Եվ եթե վարչապետը ծանոթ լիներ այդ թվերի հետ՝ կտեսներ, որ նույնիսկ մեր սոսկալի վատ ֆինանսական պայմաններում, երբ գիտության վրա մենք ծախսում ենք պահանջվող մինիմալից էլ չորս անգամ քիչ, մեր գիտնականները չափազանց պրոդուկտիվ են, նրանք ստեղծում են նոր գիտելիք։ Պետության խնդիրն է՝ ստեղծել այնպիսի միջավայր, որում այդ գիտելիքը ստեղծվի ամենաբարձր որակի և նաև ստանա կիրառություն։ Եթե դու՝ որպես պետություն, չես ստեղծում նման պայմաններ, ապա առնվազն անտրամաբանական է նաև խոսել եղած գիտնականների արդյունավետությունից և պետությանը տված նրանց օգուտից։ Պետք է վերջ տալ սիրողական մակարդակի գնահատականներին և անցնել գործի՝ քանի դեռ Հայաստանում կան գիտնականներ»:
«Հիմա՝ հյուրանոցում նստած, լսում եմ իմ երկրի վարչապետին, ով ինձ սուրճ խմող է անվանում։ Ուր հասանք…»
Ավելի վաղ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը ֆեյսբուքյան էջում հրապարակել էր ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի նամակը, որը նա ուղարկել էր Նուր-Սուլթանից.
««Հարգելի գործընկերներ, երեկ մեծ գիտաժողով էր Նուր-Սուլթանում, զեկույց ներկայացրի «Հայ պատմիչները՝ ղազախների մասին» թեմայով։ Այնքան հպարտ էի, որ ղազախները շնորհակալ էին մեր ազգի մեծերին, որ մեր շնորհիվ իրենց պատմությունը պահպանվել է։ Հիմա՝ հյուրանոցում նստած, լսում եմ իմ երկրի վարչապետին, ով ինձ սուրճ խմող է անվանում։ Ուր հասանք…»։ ԳԱԱ պատմության ինստիտուտը մինչ այդ մեկ այլ գրառմամբ տեղեկացրել էր, որ Աշոտ Մելքոնյանին նրա զեկույցի համար շնորհվել է Ղազախստանի պետության Պատմության ինստիտուտի հատուկ հավաստագիր:
«Թե ես սուրճ էի խմում կամ սառը ջուր՝ իմ ընտրությունն էր։ …Մի՛ հիասթափեցրեք»
Պատմաբան, հնագետ, մշակութաբան Համլետ Պետրոսյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր գիտությունը, և, հատկապես չարչրկված հայագիտությունն այսօր էլ անհատների ուսերին է, ինչպես դարեր առաջ էր և դարեր շարունակ: Ուզում եմ սիրելի վարչապետին ասել, որ, երբ խաչքարերն էի հետազոտում, որևէ պետական հիմնարկ ինձ չէր ֆինանսավորում, երբ Տիգրանակերտն էի հայտնաբերում, որևէ պետական հիմնարկ ինձ չէր ֆինանսավորում: Եվ ինձ նման հարյուրավորները կան: Թե ես սուրճ էի խմում կամ սառը ջուր՝ իմ ընտրությունն էր: Հայաստանյան մերօրյա գիտությունը միայն պետական հիմնարկում սուրճ խմելով չէ, որ ներկայանում է: Մի՛ հիասթափեցրեք»:
Անի Կարապետյան