Բաժիններ՝

«100 գաղափար Հայաստանի համար» համահայկական մրցույթի անվանակարգերում ներկայացվել է 17 հայտ

«100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթը, որն այս տարի անցկացվում է «Քիմիական գիտություններ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ», «Մանկավարժական գիտություններ», «Ճարտարապետություն», «Սոցիոլոգիական գիտություններ» անվանակարգերում, ստացել է 17 հայտ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը:

«Կարծում եմ` դիմումների քանակի քիչ լինելը պայմանավորված է նրանով, որ դիմողներին երբեմն այնքան էլ պարզ չէ ծրագրի վերջնանպատակը: Նրանք չեն պատկերացնում, թե ինչ են ստանալու, և դա բնական է, բայց մենք անում ենք ամեն հնարավորը նմանատիպ ծրագրերի կարևորությունը մարդկանց հասցնելու համար: Ժամանակ է անհրաժեշտ, որ բոլորը հասկանան` մրցույթն օբյեկտիվ է և արդար»,-շեշտեց փոխնախարարը:

Նրա խոսքով` մրցույթն իրականացվում է երիտասարդների նորարարական մտածողությունը զարգացնելու, երկրի սոցիալ-տնտեսական, մշակութային կյանքում նրանց ներգրավվածությունն ապահովելու համար: «Այն նախատեսված է Հայաստանում և սփյուռքում ապրող 16-35 տարեկան երիտասարդների համար: Սա շատ կարևոր մրցույթ է այն առումով, որ այն երիտասարդները, որոնք չունեն ծրագրեր կազմելու և դրամաշնորհներ ստանալու փորձառություն, բայց ցանկանում են ի լուր աշխարհի հայտարարել իրենց գաղափարների մասին, կարող են դիմել ծրագրին: Նրանց գաղափարները փորձագիտական գնահատականի են արժանանում: Դա նրանց հնարավորություն է տալիս գնահատել սեփական մտահաղացման որակական մասն ու իրագործման հնարավորությունները»,-շեշտեց Լոռեցյանը:

Մրցույթի արդյունքները պարզ կդառնան դեկտեմբերի 10-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս