ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել համացանցում տարածված տեսանյութի կապակցությամբ
Համացանցում հրապարակված «Սկանդալային Տեսանյութ. Հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ տեսանյութի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՔԾ մամուլի ծառայությունից:
«Հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի երկրորդ մասով` պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով»,- ասացին ՀՔԾ մամուլի ծառայությունից:
«NewsMedia.am» կայքում «Սկանդալային Տեսանյութ. Հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ հրապարակված տեսանյութի շրջանակում ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվող ծառայողական քննության ընթացքում վարչություն է կանչվել ոստիկանության ծառայող:
Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանով ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Նարեկ Սիմոնյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են:
Համացանցում նոյեմբերի 21-ին տարածվել է խոշտանգման կադրեր պարունակող տեսանյութ, որի կապակցությամբ, լրատվամիջոցների տարածած տեղեկատվության համաձայն, ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացուն խոշտանգելու առերևույթ հանցագործության դեպքը տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության բաժանմունքներից մեկում:
ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ստուգումներ են իրականացվում տարածված տեսանյութի վերաբերյալ:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նույնպես արձագանքել էր համացանցում բուռն քննարկման առիթ դարձած տեսանյութին, որտեղ երևում է, թե ինչպես են անձինք հարվածներ հասցնում քաղաքացուն և փորձում տեղեկություն կորզել նրանից: ՄԻՊ-ը նշել էր, թե իր ստորագրությամբ համապատասխան պաշտոնական գրություն կուղարկվի քրեական հետապնդման մարմին: