Բաժիններ՝

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում էներգետիկներ չկան

Նոյեմբերի 19-ին շահագրգիռ կառույցների քննարկմանն է ներկայացվել «Հայաստանի էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով 2020-2036 թվականների զարգացման պլան» հաշվետվությունը, որը պատրաստվել է  Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի մասնագետների կողմից՝ ԱՄՆ ՄԶԳ «Շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի ծրագրի» շրջանակում՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աջակցությամբ:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն իր բացման խոսքում նշել է, որ հաշվետվությունն իրական ցուցանիշների վրա հիմնված և էներգետիկ համակարգի անվտանգությանն ու զարգացմանն ուղղված կարևոր փաստաթուղթ է:

««Հայաստանի էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով 2020-2036 թվականների զարգացման պլան» հաշվետվությունը ցույց է տալիս, թե ինչպե՞ս է մեր էներգահամակարգը զարգանալու առաջիկա տարիներին, ի՞նչ քայլեր են արվելու, որ այն զարգանա նվագագույն ծախսումներով և առավելագույն արդյունավետ, որպեսզի մենք ունենանք մատչելի էներգիա սպառողների համար և հուսալի ու անվտանգ համակարգ»,-ասել է նախարարի տեղակալը:

Հայաստանի էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով մինչև 2036թ. զարգացման պլանի մշակումը թույլ է տալիս ուսումնասիրել տարբեր սցենարներ՝ մասնավորապես՝ իրացնել էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի ներուժը, գնահատելու շուկայում առկա արտադրման և սպառման տեխնոլոգիաների կիրառման անհրաժեշտությունն ու արդյունավետությունը, ամրապնդել երկրի էներգետիկ անվտանգությունը: Ներկայացված սցենարները կարող են կարևոր ռեսուրս դառնալ Հայաստանի էներգետիկ ռազմավարության մշակման ընթացքում։

Էներգետիկայի փորձագետ, ՀՀ էներգետիկայի նախարարության ռազմավարական զարգացման վարչության նախկին ղեկավար, ՀՀ-ում «Ֆարտոֆին» էներգետիկ կոնսորցիումի ներկայացուցիչ Բաբկեն Գարոյանի կարծիքով՝ «Հայաստանի էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով 2020-2036 թվականների զարգացման պլան» վերնագիրն ու բովանդակությունն արդեն տարակարծություններ են ստեղծում ՀՀ Էներգետիկայի մասին օրենքի դրույթների հետ:

«Նվազագույն ծախսերում ընդհանրապես դիտարկված չեն տիպային հզորությունները, ռեժիմները, համակարգի օպերատորին ուղղված ներդրումները:  Բովանդակության մեջ չկա գեթ մեկ բառ, որը կանդրադառնա էներգետիկ համակարգի հուսալիությանն ու անվտանգությանն ուղղված ծախսերին: Դիտարկված չէ նաև ջերմային էներգիայի պահանջարկը: 300 մլն գումար ենք ծախսում ՀԱԷԿ-ի  շահագործման ժամկետի երկարաձգման համար: Ընդհանրապես վելուծվե՞լ է մինիմալ ժամկետը: Իսկ այս սցենարում դիտարկվում է 2027 թվականից ատոմակայան չունենալը, թեև բյուջեի 2020 թվականի ուղերձում գրված է, որ ՀՀ-ում արդեն մեկնարկել է նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ժամանակացույցի մշակման աշխատանքները: Նախատեսվում է ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել 2020 թվականի դեկտեմբերին: Մեկ տոկոս ՀՆԱ-ի աճը բերում է 0.7 տոկոս էներգիայի սպառման աճի. տվյալ  դեպքում պետք է հասկանալ ՀՆԱ-ի աճի կառուցվածքը: 1500Մգվտ արևային հզորությունը նշանակում է՝  կարտադրենք շուրջ 1 միլիարդ կվտժ ոչ կայուն էլեկտրաէներգիա: Ընդհանրապես դիտարկված չէ մեր միջազգային պարտավորությունների կատարումը, հատկապես՝ «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագիրը, ոչինչ ասված չէ տարածաշրջանային ինտեգրացման մասին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բաբկեն Գարոյանը:

Բանախոսը շեշտեց՝ խնդիրն այն է, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում չկան էներգետիկներ, ովքեր պետք է քննարկեն այս հարցերը:

Ուզում եմ նաև հիշեցնել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված  Հայաստանի զարգացման տեսլականում  նախատեսվում է՝ ՀՀ բնակչությունը 2050 թվականին պետք է լինի շուրջ 5 միլիոն, իսկ ներկայացված ծրագրում 2036 թվականին բնակչությունը կազմում է 2 միլիոն 860.000: Այսինքն, ծրագիրը կազմելիս հաշվի չի առնվել ՀՀ վարչապետի առաջ քաշած թեզը»,- եզրափակեց նա:

 

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս