«Բոլոր ֆուտբոլիստներին պարտադրել Եռաբլուրում երդվել, որ նրանք երբեք չեն դավաճանի երկրի դրոշին ու հիմնին, նույնիսկ, եթե նրանց համառորեն խնդրեն «հանձնել» մարզչին կամ Ֆեդերացիայի նախագահին». Նիկոլայ Պետրոսյան
Նոյեմբերի 19-ին՝ Հայաստանի ազգային հավաքականի՝ Իտալիայի ազգային թիմին 1:9 հաշվով պարտությունից հետո իր ֆեյսբուքյան էջում բավականին ուշագրավ գրառում էր կատարել Նիկոլայ Պետրոսյանը, ով 2005 թվականին եղել է championat.ru (հետագայում՝ championat.com) կայքի առաջին աշխատակիցը, հետագայում զբաղեցրել է Ռուսաստանի թիվ 1 մարզական մեդիայի նորությունների ծառայության ղեկավարի, այնուհետև՝ գլխավոր խմբագրի պաշտոնները: 2014-2016թթ. զբաղեցրել է՝ Adidas ԱՊՀ արտաքին կոմունիկացիաների տնօրենի, իսկ 2016-2018թթ.՝ bwin Russia միջազգային բուքմեյքերական ընկերության մարքետինգի տնօրենի պաշտոնները: 2018 թվականի հոկտեմբերին նշանակվել է Mail.Ru Group ընկերության կազմի մեջ մտնող կիբերսպորտային ESforce Holding-ի մեդիա տնօրենի պաշտոնը:
Ի դեպ, 168.am-ը դեռևս մարտի 28-ին հարցազրույց էր վարել Նիկոլայ Պետրոսյանի հետ, ով հանգամանորեն վերլուծել էր հայկական ֆուտբոլի ներկայիս վիճակի խորքային պատճառներն ու առաջարկել լուծումներ, սակայն նրա խոսքն այդպես էլ լսելի չեղավ ֆուտբոլային մասնագիտական ու պատկան շրջանակների համար:
Նիկոլայ Պետրոսյանի գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Կյանքն ամեն ինչ դրեց իր տեղում: Իտալիայի երկրորդ կազմից կրած 1:9 հաշվով պարտությունն օրինաչափ արդյունք է, որին բերում է տոտալ կոռուպցիայի և անհույս դիլետանտության սինթեզը: Բայց սպորտն այնքանով է լավը, որ նույնիսկ ամենադառը պարտությունից հետո կա հաջորդ խաղը, որը հույս է տալիս: Ի դեպ, հույսի առաջացման համար պահանջվում է անհապաղ հակաճգնաժամային պլան:
- Վանեցյանը, Մելիքբեկյանը, Նիկողոսյանը (ժամանակն է տալ «հերոսների» անունները) և ընկերները պետք է հրաժարականներ ներկայացնեն, եթե նրանք ունեն խիղճ և արժանապատվություն: Հակառակ դեպքում պետք է համառորեն նրանց խնդրել այդ մասին:
- Իսպանացի թոշակառու Մելենդեսը ու նրա նորահայտ անունների խմբակը պետք է ազատվեն աշխատանքից, եթե պայմանագիրն այնքան ստրկական չէ, որ չհաջողվի գումար տնտեսել:
- Ֆեդերացիան պետք է հեռու պահել ակումբների հարուստ տերերի ուղղակի միջամտությունից: Թող զբաղվեն իրենց ակումբներով, որոնցում թագավորում է անհասկանալի չափորոշիչներով ընտրված ոչ պրոֆեսիոնալների ցածր «որակավորմամբ» (եթե այս բառն առհասարակ կիրառելի է) խորացած «բարդակն» ու քաոսը:
- Անցկացնել ֆեդերացիայի լիարժեք ֆինանսական աուդիտ ու հրապարակել դրա արդյունքները:
- Ֆուտբոլիստները պարտավոր են վերադարձնել Բոսնիայի ու Հերցեգովինայի նկատմամբ տարած ոչ մի նշանակություն չունեցող հաղթանակի համար ստացած 12.000 եվրոական պարգևավճարները: Այդ գումարները պետք է փոխանցել զոհված զինվորների ու սպաների հաշվեհամարներին:
- Միջազգային խոշոր կադրային գործակալության միջոցով որոշել ֆեդերացիայի թոփ-մենեջերների պաշտոններն ու պարտականությունները: Նույն գործակալության միջոցով հարցազրույցներ անցկացնել ու վարձել սպորտի պրոֆեսիոնալների: Խնդիրը գիտական ֆանտաստիկայի ժանրից է, բայց առանց դրա լուծման՝ ոչինչ չի ստացվի:
- Հրապարակայնորեն ընդունել, որ առաջիկա 12-15 տարում Հայաստանը չի ունենալու փոքրիշատե նշանակալից հաջողություններ ազգային հավաքականների մակարդակում:
- Ինդուստրիայի հրավիրված պրոֆեսիոնալները պետք է մշակեն ազգային ֆուտբոլի զարգացման առաջիկա 10-12 տարիների զարգացման ռազմավարությունը:
- Ֆեդերացիայի բյուջեն վերաբաշխել՝ մինիմումի հասցնելով հավաքականի ծախսերը և ավելացնելով ենթակառուցվածքներին, կադրերին (մարզիչներ, մենեջերներ, բուժաշխատողներ և այլն) և մանկապատանեկան ֆուտբոլին հատկացվող գումարները:
- Բոլոր ներկա և ապագա ֆուտբոլիստներին պարտադրել Եռաբլուրում՝ մեր հերոսների գերեզմանի մոտ երդվել, որ նրանք երբեք չեն դավաճանի երկրի դրոշին ու հիմնին, նույնիսկ, եթե նրանց համառորեն խնդրեն «հանձնել» մարզչին կամ Ֆեդերացիայի նախագահին:
Պատրաստեց Գոհար Սավզյանը