Բաժիններ՝

«Երբ Հայաստանը կհաղթահարի տոտալ աղքատությունը, և ամեն 4-րդ հայը սեփական հողի վրա աղքատ չի ապրի, նոր հնարավոր կլինի խոսել ֆուտբոլում, սպորտում մեծ հաջողությունների մասին». Նիկոլայ Պետրոսյան

Ֆուտբոլի ազգային հավաքականի վերջին պարտությունների, զարգացման ուղիների, հեռանկարների, Ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատանքի ու այլ հարցերի մասին 168.am-ը զրուցել է Նիկոլայ Պետրոսյանի հետ, ով 2005 թվականին եղել է championat.ru (հետագայում՝ championat.com) կայքի առաջին աշխատակիցը, հետագայում զբաղեցրել է Ռուսաստանի թիվ 1 մարզական մեդիայի նորությունների ծառայության ղեկավարի, այնուհետև՝ գլխավոր խմբագրի պաշտոնները: 2014-2016թթ. զբաղեցրել է՝ Adidas ԱՊՀ արտաքին կոմունիկացիաների տնօրենի, իսկ 2016-2018թթ.՝ bwin Russia միջազգային բուքմեյքերական ընկերության մարքետինգի տնօրենի պաշտոնները: 2018 թվականի հոկտեմբերին նշանակվել է Mail.Ru Group ընկերության կազմի մեջ մտնող կիբերսպորտային ESforce Holding-ի մեդիա տնօրենի պաշտոնը:

– Որպես ֆուտբոլային աշխարհում հայտնի մարդ ու մարզաձևի գիտակ՝ ինչպե՞ս կգնահատեք հավաքականի վերջին 2 խաղերի արդյունքները Եվրո-2020-ի նախընտրական փուլում։ Օրինաչափությո՞ւն էր այդ արդյունքը, թե՞ պատահականություն։

– Վերջին հարցին պատասխանելու համար երևի թե պետք է հաշվի առնել ՖԻՖԱ-ի դասակարգման ներկայիս վարկանշային աղյուսակը, որտեղ մեր հավաքականը զգալիորեն հետ է մնում և՛ Բոսնիա-Հերցեգովինայի, և՛ Ֆինլանդիայի հավաքականներից, հետևաբար՝ այդ պարտությունները զարմանալի կամ սենսացիոն արդյունքներ չեն։ Օբյեկտիվ իրականությունն այն է, որ Հայաստանի հավաքականն ավելի թույլ է կամ իր խաղամակարդակով զիջում է։ Այլ բան է, որ յուրաքանչյուր հանդիպում իր համար յուրահատուկ սցենարով է զարգանում, և խաղադաշտ դուրս են գալիս ոչ թե՝ վարկանշային թվերը, այլ՝ կոնկրետ ֆուտբոլիստներ, որոնք առաջադրանք են ստանում մարզիչներից։ Ֆուտբոլը գեղեցիկ է նրանով, որ երբեմն լինում են անակնկալներ ու սենսացիոն արդյունքներ. այս խաղում սենսացիա չգրանցվեց։ Որևէ ողբերգական բան տեղի չի ունեցել, քանի որ, որքան ես գիտեմ, մարզչական շտաբն ընտրական փուլի մեկնարկից առաջ որևէ կոնկրետ մրցաշարային նպատակ թիմի առջև չի դրել։

Ես չեմ լսել կամ կարդացել, որ ասեն՝ Հայաստանի հավաքականը պայքարելու է Եվրո-2020-ի ուղեգրի, բոլոր տնային հանդիպումներում հաղթելու կամ այլ չափելի արդյունքի համար, հետևաբար՝ յուրաքանչյուր խաղին թիմը դուրս է գալիս խաղադաշտ, փորձում է նվիրվածությամբ արդյունքի հասնել, բայց քանի որ չկա նպատակ, 1-2 օրից այս պարտություններն էլ կմոռացվեն, ու կսպասեն հաջորդ խաղին, ինչպես եղել է վերջին 26 տարում։ Ցավալի է, բայց Հայաստանի հավաքականը չունի որևէ վեհ նպատակ։ Հայաստանի հավաքականն ապրում է փակ, ալգորիթմիկ ցիկլում ու ստեղծում դեժավյուի զգացում։

Կարդացեք նաև

Մարզչական շտաբի աշխատանքում ինչպիսի՞ բացթողումներ կան, ինչի՞ վրա պետք է դրվի շեշտը, արդյո՞ք կազմը ճիշտ էր ընտրված։

– Ֆուտբոլում, ինչպես նաև քաղաքականության մեջ, բոլորը գիտեն՝ որն է ճիշտը, ավելի լավ են հասկանում, քան մարզիչը։ Միշտ, երբ գլխավորել եմ մարզական մեդիա, իմ լրագրողներին ասել եմ՝ եթե դու մարզչից լավ ես հասկանում խաղի տակտիկան, ինչո՞ւ ես ավելի քիչ գումարով լրագրող աշխատում, գնա, մարզչական լիցենզիա ստացիր և ավելի մեծ գումար վաստակիր։ Ասածս այն է, որ լիցենզավորված մարզիչը բոլորիցս լավ է հասկանում, թե ինչ տակտիկա ու կազմ պետք է ընտրել տվյալ խաղի համար։ Եվ չմոռանանք, որ խաղերի նախօրեին ֆուտբոլիստներին տեսնում և գնահատում է գլխավոր մարզիչը։

Կասկածում եմ, որ տվյալ իրավիճակում մեզնից որևէ մեկը կկարողանար ճիշտ որոշում կայացնել, որովհետև մենք այդ կոմպետենցիան չունենք, և առհասարակ մեդիայի նպատակը ոչ թե մարզչական զուտ սպեցիֆիկ մասնագիտական հարցերը քննարկելը պետք է լինի, այլ տրամադրություն ստեղծելը, փորձել թեկուզ սենսացիա գտնելը, բայց ես ինքս չեմ կարող գնահատել։ Եթե իմ ֆուտբոլային գիտելիքները համեմատենք Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի գիտելիքների հետ, երևի հարաբերակցությունը կլինի 1։100, հետևաբար՝ ես որևէ բարոյական իրավունք չունեմ ու կոչ եմ անում լրագրողներին ու երկրպագուներին՝ չգնահատել մարզչի աշխատանքը։

Հիմա ես համացանցում կարդում եմ ֆենթըզի ֆուտբոլի սիրահարների գրառումներն այն մասին, թե Արմեն Գյուլբուդաղյանցը թույլ մարզիչ է, ա՛յ, եթե վերցնեինք Ջիանի դե Բիազիին, իրավիճակն այլ կլիներ… Նախ՝ սկսենք նրանից, որ դե Բիազիին՝ որպես մարզիչ, եթե նա փայլուն մարզիչ էր, չէին թողնի իտալական A սերիայից հեռանալ։ Եթե նա փայլուն մարզիչ էր, կմնար Իտալիայում ու կմարզեր այնտեղի բարձրակարգ թիմերից մեկը։ Եվ հետո, ենթադրենք, թե նա Ալբանիայի հավաքականի հետ որևէ դրվագային հաջողության է հասել, դա չի նշանակում, որ Հայաստանի հավաքականի հետ էլ հաջողություն կունենար։ Բացի դրանից, կարևոր է հասկանալ, որ հայկական ֆուտբոլի պրոբլեմն առանձին մարզչի մեջ չէ։ Ով ուզում է լինի, որևէ բան էապես չի փոխի, որովհետև պրոբլեմը համակարգային է։ Երբ համակարգը կգործի, այդ ժամանակ մարզիչն իր կոմպետենցիաների մասով կկարողանա արդյունք տալ կամ չտալ, և այդ ժամանակ մենք կարող ենք խոսել, թե ով էր լավ ու ով՝ վատ։

Ինչպե՞ս եք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատանքը գնահատում և արդյո՞ք Ֆեդերացիայի ղեկավարների աշխատանքը բավարար եք համարում։

– Հարցն այն է, թե ի՞նչ չափանիշերով պետք է գնահատել Ֆեդերացիայի աշխատանքը։ Եթե ֆեդերացիան, օրինակ, հրապարակեր իր ռազմավարությունը, դրա մեջ նշված լինեին կազմակերպության գործունեության գլխավոր նպատակները, այդ դեպքում ֆուտբոլային հասարակությունը, բոլոր հայերս կկարողանայինք համեմատել հռչակված նպատակներն ու դրանց կատարումը։ Բայց քանի որ նման փաստաթուղթ չկա, կամ ես ծանոթ չեմ, փոխարենը՝ կան ընդհանուր խոսքեր ֆուտբոլի զարգացման մասին, իսկ զարգացում ասելով՝ ենթադրում եմ՝ պետք է հասկացվի նաև պաշտոնական հանդիպումներում ազգային հավաքականների պաշտոնական արդյունքները, և եթե դու պարտվում ես այն հավաքականներին, որոնք երբևէ լուրջ նվաճումների չեն հասել համաշխարհային ֆուտբոլում, ուրեմն այս միջանկյալ ժամանակահատվածում ազգային ֆեդերացիայի աշխատանքը բացասական է գնահատվում։

Մյուս կողմից, եթե չկա փաստաթուղթ, հետևաբար՝ յուրաքանչյուրս կարող ենք տալ մեր սուբյեկտիվ գնահատականը։ Մեկը կարող է ասել՝ եթե 700 խաղադաշտ են կառուցում, թեև դեռ չեն կառուցել, ուրեմն լավ են աշխատում, մյուսը կարող է ասել՝ եթե հավաքականը 2 հանդիպում պարտվել է, ուրեմն վատ են աշխատում։ Այսինքն՝ երբ չկա կոնկրետ հռչակված նպատակ, գնահատականներն էլ կլինեն սուբյեկտիվ։ Ես բացասական եմ գնահատում ֆեդերացիայի աշխատանքը, բայց ոչ թե այն պատճառով, որ թիմը 2 խաղ պարտվել է, այլ այն պատճառով, որ ֆեդերացիան չունի մշակված ռազմավարություն։ Քանի դեռ չկա այդ ռազմավարությունը, հայկական ֆուտբոլի բոլոր արդյունքները լինելու են ավելի շատ բացասական, քան դրական։

Ի՞նչ տարբերություն եք տեսնում Ռուբեն Հայրապետյանի և Արթուր Վանեցյանի ժամանակների ֆեդերացիաների միջև։

– Նախ՝ պետք է հաշվի առնել այն, որ ես Հայաստանում չեմ ապրում և կարող եմ շատ գործընթացներ սխալ գնահատել կամ տեղյակ չլինել դրանցից, բայց հեռվից նկատելի կամ շոշափելի տարբերություն չկա, և պատճառը միգուցե այն է, որ, եթե հաշվի չառնենք ֆեդերացիայի նախագահի փոփոխությունը, ֆեդերացիայի կազմում զգալի փոփոխություններ չեն եղել. աշխատում են նախկինում աշխատած մարդիկ։ Համենայն դեպս, երբ տեսանյութեր եմ դիտում կամ հարցազրույցներ եմ կարդում, դրանք նույն մարդիկ են, ովքեր հայկական ֆուտբոլում 20 տարի կան։

Միգուցե պաշտոններն են փոխվել։ Այո, նախագահը փոխվել է, բայց, ինչպես ես հասկանում եմ, Արթուր Վանեցյանն անհամեմատ ավելի կարևոր հարցերով է զբաղված, և դա միայն ողջունելի է, որովհետև, եթե ՀՀ-ում արմատախիլ արվի կոռուպցիան, և նախկինում չարաշահումներ թույլ տված մարդիկ կամ նրանց մի մասը գումարներ վերադարձնեն պետբյուջե, բայց միևնույն ժամանակ՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակում գրավի վերջին տեղը, անձամբ ես կլինեմ ամենաերջանիկ հայը։ Որովհետև դա կնշանակի, որ Արթուր Վանեցյանը հաջողությունների է հասել իր հիմնական գործառույթներում և միգուցե նաև այդ պատճառով անտեսել է հայկական ֆուտբոլի պրոբլեմները։

Թեպետ ինձնից բան կախված չէ, ես անձամբ կհամաձայնեի այդ սցենարին ու կնախընտրեի տեսնել կոռուպցիայից մաքրված, քան թե Եվրո-2020-ին մասնակցող Հայաստան։ Ես տեսնում եմ, որ այդ ուղղությամբ կան արդյունքներ, և ուրախանում եմ, և եթե ԱԱԾ տնօրենը շարունակի հաջողություններ գրանցել, շատերի համար մեկ կլինի՝ Հայաստանի հավաքականը բոսնիացիներին մեկ գոլ խփե՞ց, թե՞ չխփեց։

Ինչո՞ւ հավաքականի առջև այս շրջափուլում հստակ նպատակներ դրված չեն։

– Կարծում եմ, որ այդ նպատակները դրված չեն, որովհետև ֆեդերացիայի առջև նպատակներ դրված չեն։ Ֆեդերացիան գոյություն ունի ուղղակի, որովհետև պետք է գոյություն ունենա։ Նույնիսկ պետականություն չունեցող, բայց որևէ մակարդակում ճանաչված տարածքներն ունեն ֆուտբոլի ֆեդերացիա։ Ես չգիտեմ՝ ֆեդերացիայում, որ մարդիկ աշխատանքի են գալիս, գիտե՞ն՝ ինչ նպատակի համար են գալիս. աշխատավարձ, ատրիբուտիկա, այդ ամենը հասկանալի է, բայց կոնկրետ նպատակ կա՞, հանուն ինչի՞ գոյություն ունի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, և իրենք հանուն ինչի՞ են գալիս աշխատանքի։

Ես կասկածում եմ, որ այդ հարցի պատասխանը կա, թեպետ ես կարծում եմ, որ իրենք կասեն՝ ֆուտբոլ ենք զարգացնում, այնինչ իրականում ֆուտբոլ զարգացնելու գործառույթն այդ նպատակին հասնելուն միտված միջոցներից մեկն է։ Բոլորն ունեն ֆեդերացիա, մենք էլ ունենք, մեկ-մեկ հաղթում ենք, ավելի շատ պարտվում ենք, միջազգային ֆուտբոլային կառույցները փողեր են տալիս… Անընդհատ իլյուզիա են ստեղծում, որ առաջ են շարժվում, այնինչ հնարավոր չէ զարգանալ, եթե դու նպատակ չունես։ Մինչև այդ հարցերի պատասխանները չտրվեն, ոչ ֆեդերացիան է զարգանալու, ոչ Հայաստանի հավաքականը։ Մնացած ամեն ինչը պոպուլիզմ է։

Ֆեդերացիան ֆուտբոլի զարգացման տեսլական ունի՞ արդյոք, դուք տեսնո՞ւմ եք հայկական ֆուտբոլի զարգացման նախանշաններ կամ հեռանկարներ։

– Որքան հասկանում եմ, ֆուտբոլի զարգացման ծրագրի ստեղծման ծանր բեռը դրվել է իսպանացի Մելենդեսի ու նրա օգնականների ուսերին։ Հույս ունեն, որ Մելենդեսը, ով բարձր կարգի մասնագետ է, թղթի վրա ծրագիր կներկայացնի, բայց այդ ծրագիրը դեռ պետք է իրականացնել։ Ընդ որում, ես կարծում եմ, որ Մելենդեսը պատասխանատու է լինելու բացառապես մեթոդոլոգիական ուղղության համար՝ ինչպես ուսուցանել երեխաներին ու պատանիներին ու ինչպես անել, որ մի տարիքային խմբից անցումը մյուսին լինի արդյունավետ։

Բայց ֆուտբոլը զարգացնելու համար բավարար չէ այդ մեթոդոլոգիական հուշումներով գործընթացներ կազմակերպելը։ Կան ենթակառուցվածքներ, դեմոգրաֆիկ խնդիրներ՝ քանի՞ 8-10, 10-12, 12-14 տարեկան երեխա կա Հայաստանում, նրանցից տոկոսային հարաբերությամբ որքա՞նը պետք է ֆուտբոլով զբաղվի՝ ըստ ֆեդերացիայի պատկերացումների։ Բացի դրանից, գալիք տարիների առումով մենք ի՞նչ ակնկալիքներ ունենք՝ արդյո՞ք դեմոգրաֆիան փոխվելու է, հայրենադարձություն լինելու է, ծնելիության խթանում նախատեսվում է, ըստ Երևան քաղաքի և մարզերից յուրաքանչյուրի՝ այդ տվյալներն ինչպե՞ս են փոփոխվելու։ Սրանից ելնելով է, որ կարելի է հասկանալ, թե յուրաքանչյուր տարիքային խմբում քանի՞ երեխա կարող է պոտենցիալ հետաքրքրվել ֆուտբոլով։

Դրանից ելնելով՝ հաշվարկվում է, թե յուրաքանչյուր մարզում քանի՞ խաղադաշտ է հարկավոր, քանի՞ լիցենզավորված մարզիչ է հարկավոր յուրաքանչյուր տարիքային խմբի համար, և այլն։ Այս հարցերի պատասխանը ես չեմ լսել։ Մելենդեսն ասում է՝ ես ձեր երեխաներին կսովորեցնեմ ճիշտ գնդակ կասեցնել, կամ մարզիչներին կսովորեցնեմ, թե վարժությունների հերթականությունն ինչպես կառուցել, մարզումների ժամերն ինչպես ընտրել, և այլն, բայց այդ ամենը երկրորդական է։ Նախ պետք է ստեղծել այդ մաթեմատիկական մոդելն ու դնել կոնկրետ նպատակ, օրինակ՝ մենք ցանկանում ենք, որ 2030թ. 8-10 տարեկան հայ տղաների 7 տոկոսը զբաղվի ֆուտբոլով, ու այդպես՝ բոլոր տարիքային ու սեռային խմբերի համար, և հետո սա տեղայնացնել։

Իմ կարծիքով՝ գոյություն չունի ստրատեգիական մտածելակերպ, այլ գոյություն ունի տակտիկական, պոպուլիստական քայլեր ձեռնարկելու ցանկություն։ Այս գործառույթում ֆեդերացիան շոշափելի արդյունքների է հասել։ Բոլորը խոսում են Մելենդեսի մասին, սպասում, որ նա այնպիսի գաղտնիքներ պիտի ասի, որոնք կփոխեն հայկական ֆուտբոլի վիճակը, բայց, ցավոք, դա այդպես չէ։

Ե՞րբ կարող ենք շոշափելի արդյունքներ ակնկալել հավաքականի ցուցաբերած արդյունքների մասով։

– Բոլորս շատ լուրջ սխալ ենք թույլ տալիս, երբ Հայաստանի հավաքականից առհասարակ որևէ արդյունք ենք ակնկալում, որովհետև ազգային հավաքականը բուրգի գագաթնակետն է։ Մենք այդ բուրգի հիմքը դեռ չենք կառուցել, բայց ակնկալում ենք, որ այդ գագաթը կլինի գեղեցիկ։

Չունենալով ենթակառուցվածքներ, մեթոդոլոգիա, ֆեդերացիայի առջև դրված ստրատեգիական նպատակներ՝ հնարավոր չէ ակնկալել, որ մենք կունենանք թիմ, 11 ֆուտբոլիստներ, որոնք դուրս կգան դաշտ ու ստաբիլ արդյունք կցուցադրեն։ Իհարկե, կլինեն դրվագներ, իհարկե, կախված որևէ սերնդում տաղանդների տեսակարար կշռի ավելացումից՝ կգրանցվեն հաջողություններ, բայց դա բացառություն է, որն ընդամենը հաստատում է այն կանոնը, որ Հայաստանի ֆուտբոլը թույլ է, և դա՝ այն պատճառով, որ չունի հիմք։

Պետք է խոստովանել նաև, որ Հայաստանը Եվրոպայի ամենաաղքատ երկրներից է. դա օբյեկտիվ իրականությունն է, և Հայաստանն ՈՒԵՖԱ-ի գոտու ամենաաղքատ երկրներից է։ Կարծում եմ՝ բարոյական չէ աղքատ երկրում ֆուտբոլի վրա գումարներ ծախսել , քանզի պրոֆեսիոնալ ֆուտբոլը մեծ փողեր է պահանջում, փորձել մրցակցել այլ երկրների հետ՝ դրա համար չունենալով ֆինանսական հիմքեր։ Այն ժամանակ, երբ Հայաստանը կհաղթահարի տոտալ աղքատությունը, և ամեն 4-րդ հայը սեփական հողի վրա աղքատ չի ապրի, նոր հնարավոր կլինի խոսել սպորտում մեծ հաջողությունների մասին։

Բարոյական չէ նման մոտեցում ցուցաբերելը, թեև ֆեդերացիան հենց այդպես է անում՝ հիմնական գումարները ծախսելով ազգային հավաքականի վրա, ինչի մասին ես կարծիք եմ կազմել՝ ծանոթանալով ֆեդերացիայի վերջին ֆինանսական հաշվետվությանը։

Ընդ որում, այդ գումարներն ՈՒԵՖԱ-ից ու ՖԻՖԱ-ից ստացվում են ֆուտբոլի զարգացման համար, բայց ֆեդերացիայում ֆուտբոլի զարգացումը յուրովի են հասկանում, գումարները ծախսում են ազգային հավաքականի վրա։ Որպես ծախսի հոդված՝ նշվում է ազգային հավաքականը, բայց թե ներսում այդ 1.800.000 դոլար գումարն ինչպե՞ս են ծախսել, ազգային հավաքականի չվերթերի՞ վրա, թե՞ պարգևավճարների կամ մարզաշապիկներ ու խաղակոշիկներ գնելու համար, ինֆորմացիան բացակայում է։ Բոլոր դեպքերում մենք պետք է մտահոգվենք հայկական ֆուտբոլի հիմքը ստեղծելու մասին։

Այն ժամանակ, երբ ամեն քայլափոխի, յուրաքանչյուր բակում տղաներն ու աղջիկները ֆուտբոլ կխաղան, ու կխաղան ոչ թե ավագ եղբայրներից ու քույրերից ժառանգած մաշված խաղակոշիկներով, այլ կլինեն լավ խաղահրապարակներ, իրենց ծնողներն ի վիճակի կլինեն գնել նորմալ մարզակոշիկներ ու գնդակներ, ու դա ճոխություն չի համարվի, միայն այդ ժամանակ, այդ երջանիկ Հայաստանում մենք կունենանք ուժեղ ֆուտբոլային հավաքական։ Բոլորս պետք է համակերպվենք հավաքականի պարտությունների հետ ու հանգիստ տանենք դա։

Այդ պարտությունը տղաների պարտությունը չէ, դա մեր սոցիալական խնդիրների արտացոլումն է։ Ես հույս ունեմ, որ ներկայիս կառավարությունը երկրում արժեհամակարգ փոխելով՝ կկարողանա հաղթահարել նաև աղքատությունը։ Որքան մեծ լինեն այդ հարցում մեր հաջողությունները, այնքան մեծ կլինեն ֆուտբոլում հաջողությունների հասնելու մեր հնարավորությունները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս