Էդմոն Մարուքյանը՝ Սերժ Սարգսյանի ելույթի և ՀՀ-ում քաղաքական հետապնդումների մասին
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ Զագրեբում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է մի բանից, որն ավելի շատ վերաբերում էր իրենց իշխանությանը, քանի որ սահմանադրությամբ փոխզսպումներն և հավասարակշռությունը խաթարված է:
«Խորհրդարանական կառավարման ամբողջ տրամաբանությունն ապականված է, և այդ Սահմանադրության հեղինակներն իրենք են: Այսօրվա քաղաքական համակարգը ժառանգել է սուպերվարչապետական համակարգ, որը հիմնադրել է Սերժ Սարգսյանը, սակայն բոլորիս հայտնի հանգամանքներից ելնելով՝ չի կարողացել վայելել, այսինքն՝ նա խոսում է այն համակարգից, ինչն ինքը ստեղծել էր իր համար: Այս մասով, այսօրվա իշխանություններին պետք է քննադատել նրա համար, որ այդ համակարգը դեռևս վերափոխված չէ, և շարունակում ենք ապրել այդ համակարգում»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Էդմոն Մարուքյանը:
Նա հույս հայտնեց, որ հաջորդ տարի սահմանադրական բարեփոխումների համար ստեղծվող հանձնաժողովն ամբողջությամբ կփոխի սուպերվարչապետական հակակշիռների ու փոխզսպումների համակարգերը:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հայտարարությանը՝ քաղաքական հետապնդումների մասով, Էդմոն Մարուքյանը նշեց, որ, եթե նման բան լիներ, ապա իրենք հանդես կգային հայտարարությամբ:
«Որ մասով տեսել եմ մտահոգություններ՝ արտահայտել եմ: Օրինակ՝ իմ վերջին հայտարարությունը կարող եք նայել դատավոր Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասով, ես դրան անդրադարձել եմ՝ օրենքի երկակի կիրառության առումով, հույս ունեի, որ դա տեղ կհասներ, բայց տեղ չի հասել: Դատարանների շրջափակման մասով նույնպես ունենք հայտարարություններ, և դրանք ուժի մեջ են: Արսեն Բաբայանի մասով ասել ենք, որ կալանավորման կիրառումն ընդհանրապես իրավաչափ չի եղել, ավելին՝ այն բարքերի դեմ, որ պայքարում էինք, երբ պատգամավորները չէին կարող այցելել նրան, նույնպես արձանագրել ենք: Բայց ես չեմ կարող ասել, որ տեղի ունեցածը քաղաքական հետապնդում է»,- շեշտեց Է. Մարուքյանը:
Նրա խոսքով՝ Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի գործը քաղաքական հետապնդում որակելու համար դեռ որոշակի հանգամանքներ պակասում են:
Զվարթ Խաչատրյան