Սերժ Սարգսյանը խոսեց
Զագրեբում ընթացող Եվրոպական Ժողովրդական կուսակցության համագումարի ընթացքում Սերժ Սարգսյանը, ի վերջո, խոսել է՝ քաղաքական գնահատական տալով Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությանը, ղարաբաղյան կարգավորմանը, ինչպես նաև՝ Հայաստան-ԵՄ հարաբերություններին։
Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը որոշակի նահանջել է իշխանափոխությանն անցյալ տարի իր տված առաջին գնահատականից, թե՝ «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի»։ Նա նշել է իր գլխավորած կառավարության կարևոր գործառույթը հեղափոխական գործընթացների ընթացքում՝ ընդգծելով, որ հեղափոխության «թավշյա» բնույթը մեծամասամբ պայմանավորված էր իրենց վարքով, քանի որ հիմնական նպատակը մարդկային զոհերից խուսափելն էր և երկիրը ցնցումներից զերծ պահելը. «Ժամանակի սղության պատճառով միայն ընդգծեմ, որ իմ երկրում իշխանափոխությունը տեղի ունեցավ բացառապես խաղաղ ճանապարհով։ Նպատակս մեկն էր՝ թույլ չտալ, որ մարդկային զոհեր լինեն, և պետությունը զերծ պահել վտանգավոր ցնցումներից»:
Սերժ Սարգսյանը նաև տալիս է երկրում վերջին 1,5 տարվա ընթացքի բավական կոշտ գնահատականը՝ արտաքին և ներքին քաղաքականության բնագավառներում էական զարգացումների բացակայությունը, ժողովրդավարության և սահմանադրական կարգի նկատմամբ հարձակումները, լրատվամիջոցների և քաղաքական գործիչների նկատմամբ հետապնդումները, դատարանների անկախության սպառնալիքները։ Վերջին խնդիրների բարձրաձայնումը ԵԺԿ համագումարին կարևոր է նրանով, որ այս կուսակցությունն ունի ամենախոշոր ֆրակցիան Եվրոպայի խորհրդում, մինչդեռ Հայաստանը նույնպես ԵԽ անդամ է և ունի որոշակի պարտավորություններ այս կազմակերպության առաջ, մասնավորապես, արդար դատական համակարգի, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության բնագավառներում։
«Հեղափոխության անվան տակ իշխանության եկածներն իրականության մեջ անցած մեկուկես տարվա ընթացքում որևէ հեղափոխական փոփոխություն կամ երկրի արտաքին ու ներքին օրակարգերի հեղափոխական բեկում չեն մտցրել:
Ավելին` երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգավոր զարգացումներ են տեղի ունենում: Խաթարվել են սահմանադրականության հիմքերը։ Չի գործում իշխանությունների տարանջատման և հավասարակշռության սկզբունքը։ Բազմաթիվ փաստերով ակնհայտ խախտված է դատական իշխանության անկախությունը։ Իրականացվում են քաղաքական հետապնդումներ: Պարբերական են դարձել ընդդիմադիր լրատվամիջոցների և ակտիվիստների նկատմամբ ագրեսիվ գործողությունները, անհանդուրժողականությունը և ատելության խոսքը հասել են մտահոգիչ չափերի:
Անցյալ տարի ես հեռացա, որպեսզի իմ ժողովուրդը փորձի է՛լ ավելի լավ պետություն կառուցել:
Սակայն այսօր արդեն ավելի ու ավելի հնչեղ են դառնում այն մարդկանց ձայները, ովքեր ինձ մեղադրում են իշխանությունը պոպուլիստներին զիջելու մեջ: Եվ հիմա ես այստեղ եմ՝ բարձրաձայնելու այդ մտահոգությունները՝ պաշտպանելու համար այն հավատն ու ակնկալիքները, որ ունեցել են հազարավոր մարդիկ տեղի ունեցած իշխանափոխության ընթացքում»,- ասել է նա:
Երրորդ նախագահը հասկանում է, որ Նիկոլ Փաշինյանի հեղափոխության հաջողության մեջ մեղավոր է նաև իր կառավարության վարած քաղաքականությունը, սակայն նա այդ խնդիրներն ու բացթողումները բացատրում է նրանով, որ իրենց համար առաջնայինը եղել են անվտանգության և խաղաղության խնդիրները, ինչի պատճառով այլ ոլորտներն աչքաթող են արվել, և այս առիթով հնչեցնում է նաև այն մարդկանց մտահոգությունները, ովքեր իրեն մեղադրում են «իշխանությունը պոպուլիստներին զիջելու մեջ»։ «Այո՛, Հայաստանում կատարվածի մեջ կար նաև մեր մեղքը: Բայց վստահեցնում եմ, որ մեզ համար մշտապես առաջնային և կենսական են եղել անվտանգության և խաղաղության հարցերը, և այդ պատճառով գուցե որոշ հարցեր ստորադասվել են այս խնդիրների լուծմանը»,- հայտարարել է Ս. Սարգսյանը:
Սերժ Սարգսյանը, թերևս, գիտակցում է, որ ԵԺԿ-ն կարող է որոշակի դեր խաղալ նաև ղարաբաղյան կարգավորման գործում, և այդ պատճառով բարձրաձայնում է իր մտահոգությունները՝ բանակցային գործընթացի ներկա փուլի խնդիրների հետ կապված։ Թեև արտաքնապես ուղիղ չեն արտահայտվում ներկա ընթացքի բանակցային կնճիռները, սակայն երկրորդային աղբյուրներից եկող որոշ ակնարկներ հուշում են, որ լուրջ խնդիրներն են ահագնանում այս ասպարեզում, և Սերժ Սարգսյանը Բաքվին հայտարարում է, որ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»։ Այս հայտարարությունը վաղուց ենք սպասում լսել Հայաստանի ներկա իշխանություններից, սակայն Նիկոլ Փաշինյանն այն չի արտասանում։
«Արցախյան հակամարտության ներկայիս բանակցային փուլն ինձ մոտ մտահոգություններ է առաջացնում: Որպես մարդ, ով անձամբ մասնակցել է Արցախի ինքնապաշտպանության գործընթացին, ես լավ գիտեմ խաղաղության արժեքը: Այս տեսակետից ցանկացած՝ անգամ վատ բանակցությունը գերադասելի է պատերազմից: Շատ կարևոր է, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերը շարունակեն ստանալ միջազգային հանրության անվերապահ աջակցությունը: Ցավոք, մենք ականատես ենք լինում, թե ինչպես է Ադրբեջանը շարունակում զինվել և սպառնալ Արցախին և Հայաստանին: Ուզում եմ, որ Բաքվում կրկին լսեն իմ այս ուղերձը՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, և այս խնդիրը չունի ռազմական լուծում»,- հայտարարել է Ս. Սարգսյանը:
Իր ելույթի վերջում Սերժ Սարգսյանը խնդրանքով դիմել է ԵԺԿ համագումարի մասնակիցներին՝ արագացնել Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացումը՝ ասելով. «Հայաստան-ԵՄ հարաբերություններն այսօր էլ զարգանում են իմ ղեկավարության շրջանում նախագահ Տուսկի հետ միասին դրված հիմքերի վրա: 2017 թվականին Բրյուսելում կնքված համաձայնագիրը պետք է կյանքի կոչվի՝ բարելավելով մեր քաղաքացիների կյանքը: Այս բարձր ամբիոնից խնդրում եմ ձեզ հնարավորինս արագացնել վավերացման գործընթացը»: