Լիլիթ Մակունցը՝ Սերժ Սարգսյանի և Արթուր Վանեցյանի հայտարարությունների մասին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը համաձայն չէ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի Զագրեբում հայտնած այն մտքի հետ, որ նախորդ 1,5 տարվա ընթացքում Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության մեջ որևէ փոփոխություն չկա:
«Չնայած այն հանգամանքին, որ Կառավարությունն իր ծրագրում նշել է և մենք գնում ենք այդ ուղղությամբ, որ արտաքին քաղաքականության առումով վեկտորներ չենք փոխել, այդուհանդերձ Հայաստանը վարում է ոչ միայն բալանսավորված քաղաքականություն, այլև որակական առումով նոր շեշտադրումներ ու խորություն է հաղորդում իր գործընկերների հետ հարաբերություններում: Այս ամենի վառ ապացույցը Հայաստանի՝ եվրոպական մի շարք երկրների հետ համագործակցությունն է: Այնպես որ, ես համաձայն չեմ Սերժ Սարգսյանի շեշտադրումների հետ»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Լիլիթ Մակունցը:
Անդրադառնալով ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի հայտարարությանը, որ «Սորոսի» հիմնադրամը Հայաստանի համար վտանգ է ներկայացնում, Լիլիթ Մակունցը նշեց, որ հիմնադրամի հետ կապված խոսակցությունները եղել են նաև այն ժամանակ, երբ Արթուր Վանեցյանը դեռ ԱԱԾ պետ էր.
«Եթե Արթուր Վանեցյանը երկրին սպառնացող որևէ վտանգ տեսներ, ապա, վստահ եմ, կձեռնարկեր բոլոր անհրաժեշտ քայլերը։ Եթե այդ քայլին չի դիմել, նշանակում է որևէ վտանգ չի տեսել: Նրա դիրքորոշումը հիմնված է եղել այն վերլուծությունների վրա, որոնք նրան փոխանցել են: Իհարկե, այդ դիրքորշումն ինձ մոտ որոշակի տարակուսանք առաջացնում է»,-ընդգծեց Լիլիթ Մակունցը:
Զվարթ Խաչատրյան