«Մենք իրավունք չունենք ընդունելու որոշումներ՝ ելնելով եսամոլությունից, քանի որ պատասխանատվություն ենք կրում ապագա սերունդների համար». Հոռմի Ֆրանցիսկոս պապ
Հոռմի Ֆրանցիսկոս պապը հիշեցրել է ատոմային էներգիայի օգտագործման վտանգի մասին եւ հորդորել է պատասխանատու որոշումներ կայացնել էներգետիկայի բնագավառում հանուն ապագա սերունդների: Նոյեմբերի 25-ին այդ մասին Ճապոնիայի մայրաքաղաքում քահանայապետը հայտարարել է 2011 թվականի երկրաշարժից եւ ցունամիից տուժածների հետ հանդիպման ընթացքում, որոնք հանգեցրեցին «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարին։
«Ցանկանում եմ հիշել «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի աղետը եւ դրա հետեւանքները: Բացի գիտական եւ բժշկական խնդիրների լուծման անհրաժեշտությունից, պետք է աշխատել նաեւ հասարակության վերականգնման համար: Այնքան ժամանակ, քանի դեռ չեն վերականգնվել այդ համայնքները, եւ մարդիկ նոր եւ անվտանգ կյանքի հնարավորություն չեն ստացել, այդ արտակարգ պատահարը չի կարելի համարել սպառված: Ուստի դա լուրջ խորհրդածում է պահանջում ատոմային էներգիայի օգտագործման շուրջ, ինչպես ավելի վաղ մատնանշել են իմ եղբայրները՝ ճապոնացի եպիսկոպոսները, որոնք դիմել են ատոմային կայանները փակելու պահանջով»,- ասել է Ֆրանցիսկոսը:
Նա նաեւ ընդգծել է, որ անհրաժեշտ է համարձակ եւ կարեւոր որոշումներ ընդունել էներգիայի այլընտրական աղբյուրների օգտագործման եւ ապագա էներգաապահովման վերաբերյալ: «Մենք իրավունք չունենք ընդունելու որոշումներ՝ ելնելով եսամոլությունից, քանի որ պատասխանատվություն ենք կրում ապագա սերունդների համար»,- ընդգծել է Հռոմի պապը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: