Ուսանողները պահանջում են հանդիպում ԿԳՄՍ նախարարի հետ համալսարանում
«Հանուն ազգային կրթության» ուսանողական շարժման նախաձեռնող խմբի՝ ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանին նամակ հանձնելուց անցել է 2 օր: Դիմողները դեռ պատասխան չունեն, սակայն չեն շտապում եզրահանգումներ անել, ասում են՝ քանի որ ըստ կանոնակարգի՝ 3 աշխատանքային օրում պետք է պատասխան տան, իսկ այդ օրը լրանում է երկուշաբթի, կսպասեն: Նախաձեռնող խմբի անդամների նամակում մասնավորապես ասվում է, որ ակնկալում են ռեկտորի ժ/պ-ի աջակցությունը՝ կրթության ոլորտում առաջացած թնջուկը լուծելու համար, և հրավիրում են ԿԳՄՍ նախարարին ուսանողների հետ քննարկման հենց Համալսարանում: Սպասելու ընթացքում, սակայն, խումբը ձեռքերը ծալած չի նստել:
«Մենք հանդիպումներ ենք ունեցել տարբեր ֆակուլտետների դեկանների հետ: Հաճախ հարցնում են՝ իսկ ոչ մասնագիտական ֆակուլտետներում ի՞նչ են մտածում: Շատ ֆակուլտետների դեկաններ իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել մեր շարժմանը, շատ ֆակուլտետների գիտական խորհուրդներ արտահերթ նիստ են պատրաստվում գումարել՝ քննարկելու համար այս հարցը: Չնայած շատերն իրենց զորակցությունն են հայտնել մեր շարժմանը, բայց եղել են նաև մարդիկ, ովքեր ասել են մոտավորապես հետևյալը՝ «երեխեք ջան, մենք ձեզ հետ ենք, ուզում ենք, որ Հայոց լեզուն, Հայոց պատմությունը դասավանդվեն, բայց եթե պարտադիր բաղադրիչը հանվի, հնարավոր է, որ մենք գերադասենք մեր ֆակուլտետի դասախոսներին 0.25 դրույք ավելի տալ: Մենք հենց սրանից ենք վախենում»,- ասաց ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի ծրագրերի համակարգող Էդվարդ Գալստյանը:
«Հանուն ազգային կրթության» ուսանողական շարժման նախաձեռնող խմբի անդամ, ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանող Գևորգ Գյուլումյանը պնդում է՝ անկախ նրանից՝ իրենց պնդման հետ համաձա՞յն են ոչ մասնագիտական ֆակուլտետներում, թե՞ ոչ, Հայաստանի համար պատրաստվող մասնագետի համար հայոց լեզու իմանալը պարտադիր է:
«Հիվանդությամբ զբաղվում է բժիշկը, մասնագետը: Հայ բանասիրության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողներն այս հիվանդության բժիշկներն են, մասնագետներն են և կարող են կարծիք արտահայտել ու պնդել, որ Հայոց լեզուն ու Հայոց պատմությունը բուհական ծրագրում ոչ պարտադիր դարձնելը կործանարար է: Բացի ազգային դաշտից, կա նաև մասնագիտական լեզվամտածողության դաշտ, դուք պատկերացնո՞ւմ եք լեզվի դպրոցական մակարդակով գրված գիտական աշխատանք: Դա ընթեռնելի չի լինի»,- ասաց Գևորգ Գյուլումյանը:
Լրագրողների այն պնդմանը, թե ըստ Կրթության մասին օրենքի նախագծի՝ ստուգվելու է ուսանողի լեզվի իմացությունը, Էդվարդ Գալստյանը հակադարձեց.
«Հայոց լեզվի իմացության ստուգման համակարգ մշակված չէ, ինչպես, օրինակ, անգլերենի մակարդակը ստուգում է Թոյֆլը, հայերենի համար դա չի գործում: Կրթության ոլորտի պատասխանատուները, ոլորտի մասնագետները միշտ պնդել են, որ մեզ մոտ քննության համակարգը թերի է: Եթե կստեղծվեն պայմաններ, որ հանրակրթական դպրոցներում հայոց լեզվի ուսուցման մակարդակը հավուր պատշաճի կլինի, քննությունների ժամանակ գիտելիքը հավուր պատշաճի կստուգվի, այդ դեպքում կարելի է խոսել այս օրինագծի մասին, բայց դեռ ոչինչ չարած՝ միանգամից Հայոց լեզուն դարձնում են ոչ պարտադիր»:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ