«Եթե այս ապրանքների գները բարձրանան, մարդկանց կենսամակարդակը կտրուկ կնվազի»
«Ողջունելի է, որ լիբերալների մտածելակերպը ձախողվեց, և կառավարությունը գնաց նվազագույն աշխատավարձի կտրուկ բարձրացման՝ մոտ 23 տոկոսով, ինչը աննախադեպ էր վերջին 30 տարիներ համար: Առաջին անգամ է, որ մեր նվազագույն աշխատավարձը հավասարվում է նվազագույն սպառողական զամբյուղի մեծության հետ»,- 168.am-ի հետ զրույցում նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին խոսելիս՝ ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
Պարսյանի խոսքով՝ Հայաստանում տարիներ շարունակ նվազագույն աշխատավարձը չէր բարձրացվում, քանի որ կառավարությունը հետևում էր նեոլիբերալների պնդումներին: Ըստ նեոլիբերալների՝ նվազագույն աշխատավարձի բարձրացումը լրացուցիչ ծախս կառաջացներ մասնավոր հատվածի համար: Ու նվազագույն աշխատավարձը 55.000 դրամ թողնելով՝ թեզի պաշտպանների պնդում էին, որ արդյունքում՝ փոքր, միջին և խոշոր բիզնեսը կօգտվեր իրավիճակից ու իր ծախսերը, ներդրումները կուղղեր իր բիզնեսի արդյունավետության աճին: Ըստ Պարսյանի՝ արդյունքն այն է, որ գործարարներն այդ իրավիճակից չօգտվեցին:
Իսկ 2020 թվականի հունվարի 1-ից մասնավորը կկանգնի ֆինանսական լուրջ մարտահրավերների առաջ, որոնք հաղթահարելու հարցում պետությունը պետք է կանգնի մասնավորի կողքին: 2020թ. հունվարից պետությունը բյուջե մուտք արված 130 հազար մասնավոր հատվածի աշխատողների աշխատավարձին գոյացած հարկերի հաշվին կկարողանա բարձրացնել 57.000 պետական աշխատողի նվազագույն աշխատավարձ: Իսկ մասնավո՞րը:
«Մասնավորն այս դեպքում միայն վճարում է: Ինքը ստանալու ծրագրեր չունի: Իսկ ստանալու ծրագրերը պետք է կառավարությունն իր 2020 թվականի պետական բյուջեով նախատեսի: Կարևոր է, որ պետությունն իր հարկաբյուջետային քաղաքականությունը ճիշտ, ժամանակին և ամբողջ ծավալով իրականացնի: Հարկաբյուջետային քաղաքականությունը չի ենթադրում միայն հավաքագրում, այն ենթադրում է նաև արդյունավետ ծախսում, որն այս կառավարությունը չի կարողանում ապահովել»,- 168.am-ին ասաց տնտեսագետը:
Կառավարության 2019թ. գործելաոճը Պարսյանին առիթ է տվել հավատալու, որ 2020 թվականը ևս ծախսերի ձախողման տարի է լինելու: Ըստ նրա՝ պետությունը հավաքագրում է գումարները փոքր, միջին և խոշոր բիզնեսից, սակայն թերակատարում է ծախսումները: Նա վստահ է, որ քաղաքացու կենսական պահանջները բարելավելու տեսանկյունից նվազագույն աշխատավարձը 55.000-ից 68.000 դարձնելը լուրջ սոցիալական քայլ է: Բայց լուրջ մարտահրավերներ ևս կան: «Առաջինը, մասնավոր հատվածի համար սա ծախսային բեռ է լինելու սկզբնական շրջանում, և պետությունը պետք է քայլեր ձեռնարկի, որ այդ բեռի մի մասը վերցնի իր վրա: Օրինակ՝ աջակցի փոքր և միջին բիզնեսի արդյունավետության աճին, գումարներ հատկացնի արտադրողականության աճի ուղղությամբ, սուբսիդավորի, վարկավորի»,- ասաց Պարսյանը:
Ըստ տնտեսագետի՝ երկրորդ ամենալուրջ մարտահրավերը 68.000-ի գնողունակության ապահովումն է, քանի որ 2020թ. պետական բյուջեով կանխատեսվում է, որ գնաճը պետք է հասնի 4.5 տոկոսի:
«Եթե այդ 4.5 տոկոսը տեղի ունենա ի հաշիվ առաջին անհրաժեշտության այն ապրանքների գների բարձրացման, որոնք մտնում են սպառողական զամբյուղի մեջ, ապա մեր քաղաքացին չի զգա այդ 68.000-ի բարձրացման էֆեկտը: Լուրջ անելիքներ ունենք, հակառակ դեպքում՝ կստացվի, որ 68.000 դրամով ավելի քիչ ապրանքներ ու ծառայություններ ձեռք կբերվեն, քան 55.000-ով»,- ասաց Պարսյանը՝ հավելելով, որ, եթե կառավարությունը գնողունակությունը պահպանելուն ուղղված քայլեր չձեռնարկի, 13 հազարով ավելացված աշխատավարձի սոցիալական էֆեկտը կարող է բացասական լինել:
Այդուհանդերձ, մեր զրուցակիցը զգուշացնում է, որ 2020թ. պետք է սպասել լուրջ գնաճային ճնշումների, քանի որ, ըստ նրա, կառավարությունը 2019թ. ձախողել է մի շարք ծրագրերի իրականացումը, որոնցից գլխավորը գյուղատնտեսության ոլորտի ծրագրերն էին, ինչի հետևանքով այս տարվա 9 ամիսների համար ունենք 4.8 տոկոս անկում գյուղատնտեսական ոլորտում: Պարսյանը վստահ է, որ այս անկումը մեծ ազդեցություն է թողնելու հաջորդ տարվա գյուղատնտեսական ապրանքների գների վրա:
Գնաճին օժանդակելու է գալիս 2020թ. հունվարի 1-ից 699 անուն ապրանքի մաքսատուրքերի բարձրացումը: Դրանց թվում են միսը, մսամթերքը, ձուն, կաթնամթերքը, ձեթը, դեղորայքը:
«Եթե այս ապրանքների գները բարձրանան, մարդկանց կենսամակարդակը կտրուկ կնվազի: Դա այն էր, ինչ տեղի ունեցավ այս տարվա ընթացքում: Կառավարության գերխնդիրը պետք է դառնա՝ ապահովել մարդկանց եկամուտների առաջանցիկ աճ գնաճի նկատմամբ, հակառակ դեպքում՝ մեր աղքատության մակարդակն ավելի կվատանա, կենսամակարդակն ավելի վատ ցուցանիշներ կգրանցի»,- թվերը համադրելիս՝ ասաց տնտեսագետը՝ հավելելով, որ տնտեսական, սոցիալական քաղաքականությունը վերանայելու մեծ անհրաժեշտություն կա:
Մաքսատուրքերի բարձրացման արդյունքում պետության կողմից գնաճի սուբսիդավորման հնարավորության մասին հարցին ի պատասխան՝ տնտեսագետն ասաց, որ սուբսիդիան հնարավոր կլինի, եթե, օրինակ, կառավարությունը որոշի առանձին սոցիալապես խոցելի խմբերի համար որոշակի ֆինանսավորում նախատեսել: Բայց վստահ է, դա հնարավոր կլինի գուցե գազի կամ էլեկտրաէներգիայի գնի առումով, բայց ոչ՝ ապրանքների:
«Խոսվում է, որ մինչև ապրիլ բնական գազի գինը չի բարձրանալու, սա ուղիղ ակնարկ է, որ ապրիլից հետո բարձրանալու է: Ու դա ուղղակի ազդելու է էլեկտաէներգիայի ու ՀՀ-ում արտադրվող ու մատուցվող բոլոր ապրանքների ու ծառայությունների ինքնարժեքների վրա»,- ասաց Պարսյանը՝ հավելելով, որ պետությունը պատրաստ չէ 2020 թվականին:
«Պետությունը ոչ թե պատրաստվում է, այլ սպասում է հունվարի 1-ին, ինչը շատ կարևոր մարտավարական սխալ է: Սրա արդյունքում՝ մեր բիզնեսն ու հանրությունը շուրջ խնդիրներ է ունենալու»,- նկատեց մասնագետը:
Գնաճի ճնշումը չզգալու և հավաքագրման ճիշտ քաղաքականություն իրականացնելու համար մեզ կարող էին օգնել խոշոր ներդրումները, որոնք այս պահին դեռ հորիզոնում չկան:
«Ներդրողների համար շատ կարևոր է քաղաքական ռիսկը: Պատահական չէ, որ Cambridge analytica-ն Հայաստանը դասում է բարձր քաղաքական ռիսկ պարունակող երկրների շարքում և կոչ է անում ներդրողներին, որ այդ հանգամանքը հաշվի առնեն»,- ասաց Պարսյանը՝ հավելելով, որ ներդրումներ չլինելու պատճառ է նաև ներդրումներ սպասարկող թիմ չունենալը՝ «ամակարգային կոռուպցիա չունենք, սակայն խնդիրները լուծողներ ևս չունենք»:
Մասնագետի համար սրա պատճառներից մեկն իշխանության միակենտրոնությունն է: Ասում է՝ եթե գործառույթների, իրավունքների, պարտականությունների գերկենտրոնացումը շարունակի մնալ կառավարության՝ ի դեմս վարչապետի, ձեռքում, որոշումների կայացման գործընթացն ավելի դանդաղ ու անորակ կլինի:
«Այս կառավարությունը, ձախողելով 2018-2019 թվականների պետական բյուջեի ծրագրերը, հավաքագրել է շուրջ 300 միլիարդ դրամի չափով գումար, և այդ չծախսված 300 միլիարդ գումարը հիմա գտնվում է Կենտրոնական բանկի հաշիվների վրա՝ որպես ավանդ: Այդ գումարներն օգտագործվում են ոչ նպատակային: Ու պետությունն այլ կառույցներից վարկեր է վերցնում: Անհասկանալի է այս իրավիճակը, երբ դու ունես չծախսված գումար, բայց այլ կառույցներից վարկեր ես վերցնում»,- ասաց Ս.Պարսյանը՝ նկատելով, որ դրա պատճառը հավանաբար վատ մենեջմենթ ունենալն է ու պատասխանատվությունից խուսափելը:
Հիշեցնենք, որ ԱԺ-ն նոյեմբերի 19-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ամսական նվազագույն աշխատավարձը 55.000 դրամից դարձնել 68.000 դրամ:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ