«Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանի հստակ տեսլականը հայտնի չէ». Լևոն Զուրաբյան
«Հստակ տեսլականը, թե ինչպե՞ս է տեսնում Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղի հարցի լուծումը, մենք չունենք». այսպես է արձագանքում ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը 168.am-ի այն հարցին, թե արդյոք ճի՞շտ են այն պնդումները, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանի քաղաքականությունը՝ հատկապես Արցախի հարցում:
«Մեզ հայտնի չէ, թե ի՞նչ քաղաքականություն ունի ղարաբաղյան խնդրի լուծման հարցում Նիկոլ Փաշինյանը, հետևաբար դատել՝ ինքը շարունակո՞ւմ է Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը, թե՞ ոչ, անհնար է: Գուցե կա գաղտնի տեսլական, բայց հանրությանը չի ներկայացվել, հետևաբար ասել, թե ի՞նչ է ուզում անել Ղարաբաղի հարցում Նիկոլ Փաշինյանը, ես չեմ կարող՝ նյութի բացակայության պատճառով»,- ասաց Լևոն Զուրաբյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կադրերի ընտրության հարցում ՀԱԿ փոխնախագահը որևէ խնդիր չի տեսնում, ասում է՝ ըստ ժողովրդավարության սկզբունքների՝ պետք է ղեկավարի այն թիմը, որն արդար ընտրություններով եկել է իշխանության, ստացել է ժողովրդի մանդատը: Փոխարենը՝ Լևոն Զուրաբյանը խնդիրներ է տեսնում վարվող քաղաքականության մեջ:
«Փետրվարին, երբ ներկայացվեց տնտեսության զարգացման Կառավարության ծրագիրը, մենք էլ հանդես եկանք զուգահեռ մի ծրագրի հրապարակմամբ, որը կարելի է համարել քննադատություն: Եթե ուշադիր կարդաք մեր ծրագիրը և համեմատեք Կառավարության ծրագրի հետ, կտեսնեք, որ տարբերությունն այն է, որ մեր ծրագրում կան բազմաթիվ կոնկրետ քայլեր, թե ինչպե՞ս է պետք խթանել տնտեսությունը երկրում, արտահանումը, ընդհանրապես աշխարհում Հայաստանի արտադրած ապրանքների տարածումը և բազմաթիվ այլ խնդիրներ:
Մի քանի օր առաջ մենք հրապարակել ենք բարձր տեխնոլոգիաների զարգացման վերաբերյալ առաջարկներ, որտեղ պարզ բացատրում ենք, որ չնայած Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ստեղծումը շատ ճիշտ գաղափար էր, բայց պետական աջակցության լուրջ քայլեր այդ հեղափոխական տեխնոլոգիական հատվածի զարգացման չեն առաջարկվում, մենք առաջարկում ենք, ցույց ենք տալիս, թե ինչ քայլեր պետք է անել»:
ԱԺ-ում Լևոն Զուրաբյանն ընդդիմություն չի տեսնում, չնայած ասում է՝ որոշ քայլեր անում են: Փոխարենը՝ հայտնում է, որ ՀԱԿ-ն է արտախորհրդարանական ընդդիմության հայտ ներկայացնելու: Զուրաբյանը վստահ է՝ բացի իրենցից, այս պահին ոչ ոք իրավունք չունի քննադատել գործող իշխանությանը:
«Մենք կարող ենք քննադատել այս իշխանությանը, բայց չեն կարող քննադատել ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ դաշնակցականները, ոչ նրանց միավորված «Վերնատո՞ւն» է, թե՞ ինչ է: Իրենց քննադատությունն ուղղված է թալանի հնարավորության վերադարձին, մեր քննադատությունն արդեն իրական ժողովրդավարական երկրի ընդդիմության քննադատություն է: Մենք քննադատում ենք հայեցակարգի բացակայության համար, հստակ քաղաքական ծրագրերի բացակության համար, ասում ենք՝ կարելի էր ավելի մեծ հաջողությունների հասնել, մենք ունենք այդ իրավունքը: Նրանք իրավունք չունեն քննադատել, որովհետև տասնյակ տարիներ սատարել են ավազակախմբի, «ռոբասերժական» ռեժիմին: 10 տարի շարունակ մեր բյուջեն չի փոխվել, ճանապարհներ չեն սարքվել, եղել է թալան, բայց այդ մարդիկ սատարել են, իրենք հիմա զբաղված են ընդամենն ավազակների պաշտպանությամբ»:
Մեր հարցը, թե ո՞վ է լինելու ընդդիմադիր ՀԱԿ-ի լիդերը, Լևոն Զուրաբյանն աբսուրդ որակեց՝ ասելով՝ եթե Կոնգրեսի՝ բոլորին հայտնի դեմքերի մեջ փոփոխություն լինի, ապա դա կլինի ժողովրդավարական ձևով՝ համագումարով:
ՀԱԿ փոխնախագահը բուհական ծրագրերում հայագիտական առարկաների ոչ պարտադիր դարձնելը ճիշտ քայլ է համարում, սակայն ասում է՝ ժամանակն է սխալ ընտրված:
«Անպայման չէր հիմա դա անել, կարելի էր նախատեսել ադապտացիոն ժամանակաշրջան, ասենք՝ 2-3 տարի, վերապատրաստման հարցեր լուծվեր, որ հանրակրթական դպրոցում դասավանդումն ուժեղացվեր: Դա պետք է լիներ լուրջ գործընթաց: Ցանկացած իշխանություն, որը գալիս է երկիրը վերափոխելու ամբիցիայով, առաջին հերթին իր ջանքերը պետք է ուղղի տնտեսական ակտիվացման վրա, որովհետև շատ կարևոր է տնտեսական համակարգի ռեֆորմներն առաջ գցել, և երբ դրանք ստացվում են, ստանում են ժողովրդի հավանությունը, նոր արդեն գնալ արմատական փոփոխությունների գաղափարախոսական, մշակութային դաշտում, և այլն: Ժամանակավրեպ էր, կարող էր ավելի լավ կազմակերպված լինել»:
«Մել» ֆիլմի ֆինանսավորման և Ստամբուլյան կոնվենցիայի մասին քննարկումներն էլ ՀԱԿ փոխնախագահը կեղծ օրակարգ է համարում: Ափսոսում է, որ իշխանությունը խայծը կուլ է տվել և ներքաշվել է քննարկման մեջ:
«Մենք բլոկադայի հաղթահարման խնդիր ունենք, տնտեսության աշխուժացման խնդիր ունենք, երկրի անվտանգությանը սպառնացող խնդիրներ ունենք, այսպիսի հարցերը զրոյական նշանակություն ունեն»:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ