Բաժիններ՝

«2020թ. բյուջեի նախագիծը ոչ միայն հեղափոխական չէ, այլև կրկնում է իր նախորդներին». տնտեսագետ

Օրեր առաջ ԱԺ-ում իր ելույթի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2020թ. բյուջեի նախագիծը հեղափոխական է, քանի որ ճշգրիտ իրագործումն է այն նախահեղափոխական խոստման, որն ինքն անձամբ հնչեցրել է. այն է՝ 2020-ին պետբյուջեն 30-35 տոկոսով ավելանալու է: Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը, սակայն, վարչապետի պնդման հետ համաձայն չէ:

«Ցավոք սրտի, 2020թ. ներկայացված բյուջեն հեղափոխական չէ, քանի որ ունի նույն կառուցվածքը, նույն տրամաբանությունը, ինչ նախորդող չորս տարիների բյուջեն:

Մենք թե՛ եկամուտների, թե՛ ծախսերի առումով աճ ունենք, բայց դա դեռևս բավարար չէ՝ ասելու համար, որ բյուջեն հեղափոխական է»:

Կառավարության հավանությանն արժանացած 2020թ. պետբյուջեն եկամուտների գծով կազմելու է 1 տրիլիոն 697 միլիարդ 618 միլիոն 538.8 հազար դրամ, ծախսերի գծով՝ 1 տրիլիոն 880 միլիարդ 186 միլիոն 389.8 հազար դրամ, դեֆիցիտը (պակասուրդը)՝ 182 միլիարդ 567 միլիոն 851.0 հազար դրամ:

Դատելով այս ամենից, տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը պնդում է, որ 2020-ին կտրուկ շրջադարձերի պետք չէ սպասել, տնտեսական հեղափոխության՝ ևս:

«Անշուշտ, լավ է, որ ծախսային մասում ավելացում ունենք, նաև դրա արդյունքում է, որ կարողանում ենք ավելացնել կենսաթոշակը, պետական աշխատողների աշխատավարձերը, բայց տնտեսական հեղափոխությունը, որի մասին խոսվում է, այս տեմպերով դժվար է իրականացնել, քանի որ այդ գաղափարի տակ մենք դնում ենք տնտեսությունը որակապես նոր հարթություն տեղափոխելը, իսկ դա իներցիոն քաղաքականությամբ անհնար է իրականացնել»:

Ըստ տնտեսագետի՝ նախադրյալներ չկան 2050-ին ՀՆԱ-ի խոստացված 15 տոկոս աճն ապահովելու համար: Կառլեն Խաչատրյանը վտանգավոր է համարում նաև այն, որ 2019թ. բյուջեն Կառավարությունը զգուշությամբ է ծախսել՝ թերակատարելով բյուջեով նախատեսված ծախսերը:

«2019-ի  բյուջեի բոլոր ծախսերի առումով ունենք շուրջ 20 տոկոս թերակատարում:

Կապիտալ ծախսերն ավելի քան 60 տոկոսով չեն կատարվել, ապրանքների, ծառայությունների ձեռքբերումը 30 տոկսով չի կատարվել: 2019-ին ֆինանսական ռեսուրսների առկայության պարագայում, այն պարագայում, որ կոշտ հարկային վարչարարության միջոցով մենք իրականում կարողացել ենք հարկային մուտքեր ապահովել, ավելի քան պլանավորված է եղել, ծախսեր չենք կատարել: Սա հիմնականում պատճառաբանվում է կոռուպցիոն ռիսկերով, բայց այն գումարները, որոնք մենք այս տարի չենք ծախսում, կորսված հնարավորություններ են հաջորդ տարիների համար: Այդ գումարը կարող էր մտնել տնտեսություն և շրջանառվել անգամ կոռուպցիոն ռիսկի պարագայում»:

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարի ունեցել ենք 1.6 տոկոս գնաճ, ինչը, ըստ Կառլեն Խաչատրյանի, մեր երկրի համար անթույլատրելի է:

«Սա անհարկի ցածր է: Մեր տիպի երկրներում մակրոտնտեսական կայունության և զարգացման համար  շատ ավելի տրամաբանական կլիներ 5 տոկոս գնաճը, որը կխթաներ բիզնեսը, աշխուժություն կմտցներ շուկայում»:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս