Բաժիններ՝

Վենետիկի թանգարաններն ու դպրոցները վերսկսել են աշխատանքը հեղեղումից հետո

Վենետիկի թանգարաններն ու դպրոցները, որոնք ավելի վաղ փակվել էին վերջին կես դարի ընթացքում քաղաքը պատուհասած ռեկորդային հեղեղման պատճառով, նոյեմբերի 18-ին վերսկսել են իրենց աշխատանքը: Այդ մասին հայտնել է TGCOM-24 հեռուստաալիքը:

Նրա տվյալներով՝ երթեւեկությունը կվերսկսեն նաեւ ջրային տրամվայները՝ վապորետոները, որոնք հիմնական փոխադրամիջոցն են Վենետիկում: Նոյեմբերի 17-ին քաղաքում ջրի մակարդակը հասել է 150 սանտիմետրի նշագծին, ինչից հետո սկսել է իջնել: Ընդ որում, ինչպես հայտնել են օդերեւութաբանները, իրադրության զգալի բարելավում չարժե սպասել մինչեւ երեքշաբթի օրը:

Նոյեմբերի 18-ին Իտալիայի քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտը եղանակային վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակն է հայտարարել Տոսկանայում եւ Էմիլիա-Ռոմանիեում այնտեղ սպասվող հորդառատ անձրեւների եւ ամպրոպների պատճառով, որոնք դարձյալ կարող են գետերի վարարում հրահրել այդ մարզերում: Կիրակի օրը Տոսկանայում ափերից դուրս է եկել Առնո գետը, որպես նախազգուշական միջոց տարհանվել է մի քանի հարյուր մարդ: Երկուշաբթի մի քանի քաղաքներում, այդ թվում՝ Պիզայում, իշխանություններն անվտանգության նկատառումներով կարգադրել են փակել դպրոցները: Նոյեմբերի 18-ին վտանգի առավելագույն մակարդակը գործում է նաեւ մի քանի այլ շրջաններում:

Վենետիկում կրիտիկական իրադրություն է ստեղծվել վերջին կես դարի ընթացքում «բարձր ջրի» ռեկորդային մակարդակի կապակցությամբ, որը նոյեմբերի 13-ին հասել է գրեթե 190 սանտիմետրի: Դա հանգեցրել է քաղաքի 80 տոկոսի հեղեղման, ներառյալ Սուրբ Մարկոսի հրապարակը, որտեղ ջրի մակարդակը գերազանցել է 1 մետրը: Հեղեղման պատճառով փակվել են թանգարանները, այդ թվում՝ Դոժերի պալատը: Վենետիկի հյուրանոցների ասոցիացիայի տվյալներով՝ հեղեղումից հետո զբոսաշրջիկների ավելի քան 35 տոկոսը հրաժարվել է Վենետիկ ուղեւորությունից: Քաղաքի իշխանությունները տարերքի պատճառած վնասը գնահատում են 1 մլրդ եվրո: Իտալիայի կառավարությունն արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել եւ 20 մլն եվրո է հատկացրել աղետի հետեւանքների վերացման սկզբնական փուլին, հաղորդել է ՏԱՍՍ-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս