«Այս ֆիլմը պետք է նայել և հասկանալ, թե ինչ պետք է չանել ձեր երեխաների հետ». Արայիկ Մանուկյանը՝ Մել Դալուզյանի մասին պատմող ֆիլմի վերաբերյալ
«Ֆիլմերի ֆինանսավորումը որևէ կապ չունի իշխանության թելադրանքի հետ. իշխանությունը չի ֆինանսավորում ֆիլմը, իշխանությունը հատկացնում է գումար ֆիլմարտադրությանը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Հայեր» համահայկական մեդիահարթակի հիմնադիր և գլխավոր խմբագիր Արայիկ Մանուկյանը՝ անդրադառնալով «Մել» ֆիլմի ֆինանսավորմանը:
Նա ընդգծեց. «Այդ ֆիլմի հայտին տրվել է շատ մասնակի ֆինանսավորում: Սա բացարձակապես կեղծ օրակարգ էր՝ նետված հրապարակ: Ես չգիտեմ՝ ով է հրապարակ նետելու շահագրգռված կողմը, բայց շատ ակնհայտ է, որ իշխանության դեմ քարոզչական պատերազմ իրականացնող կողմերը…»:
Դիտարկմանը՝ հենց Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժԺմանակ» օրաթերթն է առաջինը գրել ֆիլմի մասին, նա այսպես արձագանքեց. «Իսկ անպայմա՞ն է, որ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթը լինի 100-տոկոսանոց իշխանական թերթ»:
Մանուկյանի գնահատմամբ՝ գործ ունենք անոմալ երևույթի հետ. «Քննարկում ենք մի բան, որը չենք տեսել, մի բան, որի մասին ոչինչ չգիտենք: Ես շատ նորմալ կհամարեի, եթե ֆիլմը լիներ, տեսնեինք և խոսեինք դրա մասին: Եթե ես տեսնեի, որ այդ ֆիլմը քարոզ է այդ երևույթի, չնայած՝ շատ հետաքրքիր է հասկանալ, թե ընդհանրապես ինչ է նշանակում՝ քարոզ: Հիմա մենք կարո՞ղ ենք «Նամուս» ֆիլմը համարել անբարոյականության քարոզ, որովհետև այնտեղ երևում է կուրծքը, կամ կարո՞ղ ենք համարել անառակության քարոզ՝ շատ սիրված հայկական ֆիլմի մեջ անառակների գալը ֆիլմում: Թեման կապ չունի քարոզի հետ: Թեման խոսում է մի մարդու ապրած ողբերգության մասին, այդ մարդու մանկության շրջանում ապրած վախերի և պրոբլեմների մասին, անհատի ձևախեղման երևույթի մասին: Այս ֆիլմը պետք է նայել և հասկանալ, թե ինչ պետք է չանել ձեր երեխաների հետ»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում