«Եթե խոսում ենք դատարանների անկախության մասին, պետք է չմոռանանք, որ իշխանության մյուս թևի, մանավանդ՝ բարձրագույն ատյանների ներկայացուցիչներն ուղղակի իրավունք չունեն դատարանի կայացրած ակտը քննադատելու». Ալվինա Գյուլումյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ-ն այսօր հրավիրել էր «Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը և լեգիտիմության խնդիրները» թեմայով հանրային քննարկում, որի ժամանակ անդրադարձ կատարվեց Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին։
Քննարկման բանախոսներն էին ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը, ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Նշենք, որ քննարկման մասնակիցներից որևէ մեկը, բացի ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանից, սահմանադրական իրավունքի մասնագետ չէ, և, թերևս, դժվար է այս քննարկումն անվանել մասնագիտական:
Դանիել Իոաննիսյանն իր ելույթի ժամանակ նշեց, որ հանրության վստահությունը վայելող դատական համակարգ մենք չունենք, և դրա պատճառները տարբեր են:
«2013թ. նախագահական ընտրություններից հետո, երբ արդյունքները բողոքարկվում էին, մենք ակնկալիք չունեինք, որ մեր դիմումը կբավարարվի: Նույնը տեղին էր դրան նախորդող և հաջորդող բողոքարկումների մասով»,- ասաց Դանիել Իոաննիսյանը: Նա կարծում է, որ դատարանի նկատմամբ անվստահությունը խորացավ ՍԴ ընտրվելու նոր կարգի ընդունմամբ:
Ըստ Արման Բաբաջանյանի՝ ՍԴ-ն կցորդ է նախկին ռեժիմի, և այն, ինչ այսօր անում է Դատարանի մեծամասնությունն առնվազն, խոսում է այն մասին, որ հենց դատարանն ինքն է այսօր խաթարողը մեր երկրի սահմանադրական անվտանգության:
ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը նկատեց, որ ինչ-որ բացթողում, ամեն դեպքում, եղել է, և դա Սահմանադրական դատարանի ոչ հրապարակային և երբեմն՝ ոչ թափանցիկ գործունեությունն է թերևս, և դա է ըստ էության պատճառներից մեկը, որ այսօր հնչում են նման գնահատականներ:
«Առաջինը, որ խանգարում է մեր հրապարակային գործունեությանը, մեր պարտավորությունն է՝ լինել քաղաքականապես չեզոք և զսպվածություն ցուցաբերել, և դրանով պայմանավորված՝ ես ձեռնպահ կմնամ որոշ գնահատականների ուղիղ պատասխանելուց»,- ասաց Ալվինա Գյուլումյանը:
Վերջինս նշեց, որ այստեղ այսօր խոսվեց դատարանների նկատմամբ վստահության մասին, բայց ինքը չի հիշում մի պահ, երբ մեր հանրապետությունում որևէ իշխանության օրոք դատարանները չդիտարկվեին՝ որպես քավության նոխազ:
«Երբ հասարակությունում ինչ-որ մի բան այնպես չէ, մեղավոր են դատարանները: Միգուցե ակնկալիքներն են շատ, ու դրանով իսկ բարձր գնահատական է տրվում դատարաններին, բայց եկեք չմոռանանք, որ, եթե ասում ենք 6.5 % վստահության մասին, դրա ո՞ր տոկոսն է վերաբերում դատարաններին, և արդյո՞ք հարցվածները դատարանների հետ երբևէ առնչություն ունեցած անձանց շրջանակից են: Սա ամենևին չի նշանակում, որ ես ասում եմ՝ դատարանները բարձր վստահություն ունեն, բայց մենք պետք է պատճառները փնտրենք, թե ինչո՞ւ այդ վստահությունից դատարանները չեն օգտվում»,- նշեց ՍԴ անդամը:
Ալվինա Գյուլումյանը կարծում է, որ դատարանների նկատմամբ անվստահության երկրորդ պատճառը քաղաքական իշխանությունների վերաբերմունքն է դատարանների նկատմամբ:
«Որովհետև, եթե իշխանությունները, կապ չունի՝ ներկա թե նախկին, մեղմ ասած, արդյունավետության պակաս են ունենում, հիշում են, որ դատարաններն են մեղավոր, մինչդեռ դատարանների հեղինակությունը բարձրացնելու համար հենց քաղաքական իշխանություններն են, որ պետք է զսպվածություն ցուցաբերեն: Ընդհանրապես, եթե խոսում ենք դատարանների անկախության մասին, մենք պետք է չմոռանանք, որ իշխանության մյուս թևի, մանավանդ՝ բարձրագույն ատյանների ներկայացուցիչներն ուղղակի իրավունք չունեն դատարանի կայացրած ակտը քննադատելու»,- նկատեց ՍԴ անդամը՝ հավելելով, որ դա կարող են անել քաղհասարակությունն ու առանձին քաղաքական գործիչներ, բայց ոչ իշխանությունը՝ որպես այդպիսին:
Ալվինա Գյուլումյանը շեշտում է, որ, եթե այդպես է վարվում իշխանությունը, դա անում է նաև հասարակությունը:
Ինչ վերաբերում է բուն ՍԴ-ին, ապա ՍԴ անդամը նշեց, որ Բարձրագույն դատարանն իր գործունեության ընթացքում կայացրել է շուրջ 1500 վճիռ, և դրանցից շատերն ուղղված են եղել հենց հասարակությունում ժողովրդավարության զարգացմանը, իրավունքի գերակայության ապահովմանը և մարդու իրավունքների պաշտպանությանը:
«Ինձ համար ցավալի է, որ այսօր դատարանի նկատմամբ անվստահության մասին խոսում են մարդիկ, որոնք դատարան մշտական դիմողների մեջ են այն պարագայում, երբ նրանց դիմումներն ըստ էության բավարարվել են»,- հավելեց Ալվինա Գյուլումյանը:
Ինչ վերաբերում է ընտրական վեճերին, Ալվինա Գյուլումյանը նշեց, որ, ցավոք, ՍԴ-ն իրավունքի ուժով երբեմն չի կարող կայացնել այն որոշումը, որը փողոցն է ուզում:
ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ ինքն ամենևին կասկածի տակ չի դնում ՍԴ կայացրած 1500 վճիռներն ամբողջությամբ:
«Ավելին, մեր իրավաստեղծ գործունեության ընթացքում հենց ՍԴ որոշակի վճիռներին ենք մենք հղում անում նոր նախագծերի դեպքում, հիմնավորման մեջ: Բայց Դուք խոսում եք քաղաքական չեզոքության մասին: Կարո՞ղ եմ ես, օրինակ, Ձեր հրաժարականից հետո գնալ ՍԴ ու համարվել քաղաքականապես չեզոք»,- դիմելով Ալվինա Գյուլումյանին՝ ասաց Սիսակ Գաբրիելյանը:
Նա նաև հակադարձեց Ալվինա Գյուլումյանին այն հարցում, թե քաղաքական իշխանությունը ՍԴ-ի նկատմամբ հայտարարություններ է անում՝ հիշեցնելով.
«Ձեր Սահմանադրական դատարանի նախագահն է տալիս հարցազրույցներ և հնչեցնում քաղաքական հայտարարություններ»:
Գոհար Սավզյան
Մանրամասները՝ տեսանյութում