«Տնտեսական հեղափոխության համար Կառավարությունը և ԱԺ-ն պարտավոր են ապահովել միջավայր, սակայն գործողությունների պատասխանատուն ժողովուրդն է». Վարազդատ Կարապետյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանն անդրադառնալով 2020 թվականի պետական բյուջեի նախագծին՝ նշեց, որ այդ նախագծով մի շարք ոլորտներում՝ կրթության, մասնավորապես՝ դպրոցաշինության մեջ, ռոբոտաշինության ծրագրում, առողջապահության ոլորտում, հնարավոր է իրականացնել տարբեր ծրագրեր:
«Իհարկե, պետք է հաշվի առնենք, որ բյուջեն անսահմանափակ չէ, և հնարավոր չէ ամեն ինչ միանգամից անել, մեզ անհրաժեշտ է որոշակի ժամանակահատված, օրինակ՝ ճանապարհաշինության մեջ ակնհայտ առաջընթաց կա, և մյուս տարի մի քանի անգամ ավելի գումարի է նախատեսված ոռոգման ջրագծերի վերանորոգման և համակարգի թարմացման հետ կապված: Այսինքն՝ Կառավարությունը սահմանել է որոշակի գերակայություններ, և այդ գերակայություններն ակնհայտ իրենց արտացոլումը գտել են մեր բյուջեի մեջ»,- շեշտեց պատգամավորը:
Նրա խոսքով՝ նախագծում մի քանի հատվածներ կան, որոնք ուժեղացման կարիք ունեն, օրինակ՝ տնտեսական զարգացման ծրագրերի առումով սպասում են Կառավարության նոր ռազմավարությանը, որում պլանավորված կլինեն արդեն նոր միջոցառումներ ու գումարներ:
«Գյուղատնտեսության առումով տեսանք, որ գումարը կա խելացի անասնագոմերի, ջերմոցների մասով: Եթե մինչև այժմ կառավարությունն ասում է, որ կսուբսիդավորի տոկոսները, ապա հիմա ասում է, որ կառուցեն որակյալ նախագծով գոմեր»,- շեշտեց Վ. Կարապետյանը:
168.am-ի հարցին՝ հնարավո՞ր է բյուջեի այս նախագծով իրականացնել տնտեսական հեղափոխություն, Վարազդատ Կարապետյանը պատասխանեց, որ Կառավարությունը և Ազգային ժողովը պարտավոր են ապահովել միջավայր, սակայն գործողությունների պատասխանատուն ժողովուրդն է:
«Եթե ժողովուրդն իր պատասխանատվությունը չվերցրեց, նշանակում է՝ իր ուժը չի գիտակցում, պատասխանատվությունը և ուժը միաձուլված են իրար, հենց որ պատասխանտվությունը տվեց, տալու է նաև ուժը: Դրա համար մենք այն բանի կողմնակիցն ենք, որ մարդիկ իրենց պատասխանատվությունն ու ուժը պահեն և առաջնորդվեն դրանով: Մարդիկ պետք է գնան դեպի գործարարություն, պետք է վստահ լինեն, որ կարող են զբաղվել գործարարությամբ և ունենալ հաջողություններ: Եթե ուշադիր եք եղել, ապա հարկային փոփոխությունների փաթեթը, որը մենք ընդունեցինք, լավ հնարավորություն է տվել միկրոբիզնեսի զարգացմանը»,- ընդգծեց Վարազդատ Կարապետյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան