«Ամբոխն իշխանության է բերում պատմական պատահականությունների, որոնք ոչ կոմպետենտ են, չունեն պետության զարգացման տեսլական և քաղաքականությունն իրականացնում են օրվա կուրսով». Անդրանիկ Թևանյան
«Մեզ հիմա հավաքական «մենք»-ի լիարժեք հաղթանակ է պետք նաև ներքին կյանքում: Շատերին թվում էր, թե այդ «մենք»-ը հաղթել է 2018-ի գարնանը: Սակայն կյանքը ցույց տվեց, որ երբ դու քո «ես»-ը և ամբոխի վերածված «մենք»-ն ինքնակամ հանձնում ես պատահական մարդու, ապա ստանում ես ընդամենը էժանագին սերիալ»,- «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի միավորիչ հավաքի ժամանակ իր ելույթի ընթացքում հայտարարեց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը՝ հավելելով, որ մենք ապրում ենք քաղաքական ու տնտեսության ականապատ դաշտում, և դրանք շարունակ պայթում են մեր ոտքերի տակ:
Վերջինս նշում է, որ ամբոխը չի կարող երբեք պետություն կառուցել, քանզի իշխանության է բերել իր արտացոլանքին՝ անբան ու անպետք մեկին:
«Ամբոխը հանցավոր է, ավերիչ ու հակապետական: Այդ ծառից որակյալ պտուղ չի կարող ընկնել: Ամբոխն իշխանության է բերում պատմական պատահականությունների, որոնք ոչ կոմպետենտ են, չունեն պետության զարգացման տեսլական և քաղաքականությունն իրականացնում են օրվա կուրսով: 2018-ի հայտնի քաղաքական զարգացումների արդյունքում մենք այդպիսի իշխանություն ենք ստացել, և դա՝ այն դեպքում, երբ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունները բազմաթիվ ներքին ու արտաքին մարտահրավերների առաջ են կանգնած»,- ասաց Անդրանիկ Թևանյանը:
Ըստ քաղաքագետի՝ անվտանգությունը սկսվում է կրթությունից, հասնում տնտեսությանը ու նոր միայն անցնում հրանոթների ու արկերի: Հզոր և դինամիկ զարգացող տնտեսությունը խաղաղության գլխավոր երաշխավորներից է, ռազմաքաղաքական հաշվեկշիռն ի օգուտ մեզ պահելու կարևոր գործոնը:
Տնտեսական հարաբերությունները, ըստ Անդրանիկ Թևանյանի, 28 տարվա ընթացքում անցել են մի քանի փուլեր ու այժմ դեմ առել տնտեսական հեղափոխության լոզունգային պատին:
«2018-ին Հրապարակը լցվեց քաղաքական ու իրավական նիհիլիզմով, այսինքն՝ մերժմամբ: Դա ոչ թե մեկ անձի, այլ մի շարք երևույթների ու որոշ դեպքերում՝ պետության մերժում էր, ինչն ամենավտանգավորն է: 2018թ. մայիսից Հայաստանում հայտարարված է տնտեսական հեղափոխություն, բայց բովանդակային առումով չկա բացատրություն, թե ինչ բարեփոխումներ են արվում, և ովքեր են բարեփոխիչները»,- նկատեց Անդրանիկ Թևանյանը՝ հավելելով, որ տնտեսական հեղափոխության շոշափելի արդյունքները տեղափոխվել են մինչև 2050թ.:
Նա նշում է, որ այս իշխանությունը սեփականության վերաբաշխման ու երբեմն՝ նաև լատենտ կոռուպցիայի ու բյուջեի մսխման բացահայտ ճանապարհն է ընտրել:
Մանրամասները՝ տեսանյութում
Գոհար Սավզյան