
ԿԳՄՍ նախարարությունը վերահաստատում է բոլոր առկա հարցերը քննարկելու պատրաստակամությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը վերահաստատում է բոլոր առկա հարցերը քննարկելու պատրաստակամությունը: Նախարարությունը տեղեկացնում է, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծն աշխատանքային փաստաթուղթ է:
«Առաջիկա օրերին հանրային քննարկման փուլում նախարարի և նախարարության այլ ներկայացուցիչների կողմից հանդիպումներ կլինեն բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Հանրությանը հուզող բոլոր թեմաները կքննարկվեն այդ հանդիպումների ընթացքում: Հանդիպումների օրակարգը շուտով կսահմանվի»,- նշված է հաղորդագրության մեջ:
Արդեն մի քանի օր է տարբեր ուսումնական հաստատությունների ուսանողները բողոքի ակցիա են անցկացնում Երևանում՝ պահանջելով Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Նրանք իրենց դժգոհությունն են հայտնում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Մասնավորապես, նրանք դեմ են բուհերում Հայոց լեզու և Հայոց պատմություն առարկաների դասավանդման վերաբերյալ առաջարկություններին: