«Այս պահին բացառվում է 43 երեխաների՝ գիշերօթիկից վերադարձն ընտանիք». ԱՍՀՆ աշխատակից

Կառավարության որոշմամբ լուծարվել են Հայաստանի վերջին 4 գիշերօթիկները: Երեքը՝ Գյումրու, Բյուրեղավանի և Դիլիջանի գիշերօթիկները, կփակվեն մինչև դեկտեմբերի 1-ը, Գյումրու թիվ 2 գիշերօթիկը կշարունակի գործել մինչև հունիսի 25-ը: Այդ 6 ամիսների ընթացքում Կառավարությունը կփորձի լուծել այն 43 երեխաների խնդիրը, որոնց ընտանիք վերադարձն այս պահին բացառվում է:

«Նախարարությունը գործընթացը սկսել է երեխաների կարիքների խորը գնահատումից, առանձնացրել ենք երեխաների երեք խումբ՝ ցածր ռիսկայնության գոտում են գտնվում երեխաներ, որոնք գիշերօթիկում են հայտնվել զուտ սոցիալական խնդիրների պատճառով, իրենց ընտանիքներին մենք կաջակցենք ձեռք բերել գույք, հագուստ, սնունդ, միջին ռիսկային գոտում են այն երեխաները, ովքեր ունեն և՛ սոցիալական աջակցության կարիք, և՛ ծնողներն ունեն մասնագիտական օգնության կարիք: Երրորդ՝ բարձր ռիսկային խմբում են այն երեխաները, որոնց վերադարձը դեռևս չի խրախուսվում, ընտանիքն ունի երկարատև մասնագիտական աջակցության կարիք: Այն երեխաները, ում վերադարձն ընտանիք անգամ այդ աշխատանքից հետո կլինի ռիսկային, չեն վերադառնա ընտանիք, նրանց համար կընտրվի այլ տարբերակ: Գյումրու թիվ 2 գիշերօթիկի 6 ամիս ուշ լուծարումը պայմանավորված է հենց դրանով, որ դեռևս այս խմբի երեխաների ընտանիք վերադարձը հնարավոր չէ»,- ասում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Քալանթարյանը:

Դեռևս ամռանը չորս գիշերօթիկներում գրանցված է եղել 260 երեխա: ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնի ղեկավար Միրա Անտոնյանի խոսքով՝ այդ հաստատություններում են հայտնվել այն երեխաները, որոնց պարագայում այլ տարբերակ չի եղել, իսկ գիշերօթիկները «բեռնաթափելու» ծրագիրը սկսվել է 2005-ից:

«90-ականներին մենք երեխաների համար նախատեսված բոլոր հաստատություններում ունեինք 1000 երեխա, 2000-ականներին՝ 11.000 երեխա: Այնտեղ էին տեղափոխվում բոլոր երեխաները, ովքեր փողոցում մուրացկանություն էին անում: 2005-ին Հայաստանը սկսեց վերանայել իր քաղաքականությունը, որոշեց, որ պետք է համակարգային լուծում տալ այս հարցին, ոչ թե փողոցները մաքրել, երեխաներին տանել հաստատություններ, բայց շատ դժվար էր առաջ գնում գործընթացը: Մոլդովան, որը մեզանից երկու անգամ ավելի շատ երեխա ունի, ռեֆորմը սկսել է 2008թ.-ին և 2012-ին ուներ ընդամենը 1000 երեխա հաստատություններում, այն էլ՝ խորը հաշմանդամություն ունեցող»,- ասաց Միրա Անտոնյանը:

Այս պահին գիշերօթիկներում գտնվող երեխաներին ընտանիքներում տեղավորելը դեռ խնդիրը չի լուծում, չէ՞ որ դեռ կծնվեն երեխաներ, որոնց ծնողները չեն ունենա բավարար պայմաններ կամ իրավագիտակցություն երեխաներին պահելու: Ի՞նչ է լինելու այն երեխաների հետ, որոնք դեռ կունենան գիշերօթիկների աջակցության կարիքը:

«Բարեփոխումների արդյունքում նախատեսում ենք ունենալ Ճգնաժամային աջակցության կենտրոններ Երևանում, Գյումրիում և Կապանում, որոնք կսպասարկեն շրջակա տարածքների բնակիչների կարիքները: Գիշերօթիկի աջակցության կարիքն ունեցող երեխաները 6 ամսով կտեղավորվեն այդ աջակցության կենտրոններում, և, եթե ընտանիքի հետ աշխատանքը չստացվեց, կդիտարկենք այլընտրանքային խնամքի հնարավորություն՝ առաջնահերթություն տալով ընտանիքներին»,- ասաց Անահիտ Քալանթարյանը:

Իսկ ինչո՞ւ նախարարությունը սկսեց գիշերօթիկների լուծարումից, այլ ոչ թե՝ ընտանիքներին օգնելուց, քանի որ փաստացի երեխաները վերադառնում են այն պայմանները, որտեղից, ապրելու բավարար պայմաններ չլինելու պատճառով, տեղափոխվել էին գիշերօթիկ:

«Դիլիջանում ունենք 16 ընտանիք, որոնք որևէ կարիք չունեին, երեխան հաստատությունում էր հայտնվել միայն այն պատճառով, որ այն մոտ էր գտնվում իրենց տանը, երեխան գնում էր, լավ ժամանակ էր անցկացնում և երբեմն վերադառնում էր, երբեմն գիշերում էր այնտեղ: Այն պարագայում, եթե երեխային անհնար է վերադարձնել ընտանիք, չենք վերադարձնելու: Երեխաներ կան, որոնք ընդգրկված են 3 տարվա աջակցության ծրագրում, ու այդքան ժամանակ նրանց թողնել հաստատությունում նպատակահարմար չէ»,- ասաց Անահիտ Քալանթարյանը:

«Երբ մի տեղ փակում ենք հաստատությունը, երեխան հայտնվում էր մեկ այլ տեղ գտնվող հաստատությունում, և դա շատ պարզ տեսանելի էր: Մի տեղից պետք էր սկսել, եթե ոչ հիմա, ապա ե՞րբ: Մանկությունը հիմա է, հիմա այդ երեխաներն ունեն իրենց ծնողների հոգատարության և ջերմության կարիքը»,- ասաց «Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագրի ղեկավար Գայանե Մարտիրոսյանը:

Անահիտ Քալանթարյանն ասում է՝ կան ծնողներ, որոնք կտրականապես մերժել են երեխաներին ընդունել ընտանիք, սակայն նրանց հետ տարվում են աշխատանքներ:

Գայանե Մարտիրոսյանն էլ վստահեցնում է՝ երեխաների կարիքների գնահատման փուլում որևէ ընտանիքի որևէ բան չեն խոստացել և չեն էլ խոստանալու, քանի դեռ ծնողները չեն հասել իրավագիտակցության այն մակարդակին, որ ցանկացած օգնություն տրվում է երեխայի բարեկեցիկ ապագայի համար:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս