Ամանորի միջոցառումների համար Երևանում կծախսվի 325 մլն դրամ․ հայտնի է տոնական միջոցառումների ծրագիրը
Կառավարությունն այսօր ընդունեց որոշում, որով Ամանորի գլխավոր միջոցառումների անցկացման պարտավորությունը դրվեց Երեւանի քաղաքապետարանի վրա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«Ավելի վաղ գործադիրը որոշում էր կայացրել, ըստ որի, մշակութային միջոցառումներ իրականացնող կազմակերպություններն ու գերատեսչությունները կարող են գնումները կատարել մեկ անձից՝ ելնելով գնման առանձնահատկությունից: Ավելի քան մեկ ամիս շարունակ Երեւանի քաղաքապետարանի հետ կայացած քննարկումների արդյունքում, այսօր կառավարությունը որոշեց ավելացնել Երեւանում կայանալիք տոնական միջոցառումների ծավալը:
Ըստ այդմ, սկսած դեկտեմբերի 21-ից՝ երկրի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունից, 16 օր շարունակ միջոցառումների շարք է նախատեսվում մայրաքաղաքում. մասնավորապես,
Հանրապետության հրապարակի շատրվանների տարածքում կառուցվելու է հեքիաթային քաղաք,
Երեւանի 2750-ամյակի պուրակում գործելու է Սուրբծննդյան տոնավաճառ (Christmas Market),
Հրապարակում տեղադրվելու է վերգետնյա անցում՝ կամրջակներով, որոնք միացնելու են հրապարակի եզրային «ափերը» կենտրոնական օղակի եւ այնտեղ տեղադրված գլխավոր տոնածառի հետ,
Հյուսիսային պողոտայում տեղադրվելու է կրեատիվ տոնածառերի ցուցադրություն եւ այլն:
Իսկ գլխավոր իրադարձությունը կլինի Նոր տարվա գիշերվա ընթացքում. ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հանրապետության հրապարակում ելույթ կունենա աշխարհահռչակ Գորան Բրեգովիչը՝ իր նվագախմբով:
Գիտեմ, որ հարկատուներին (իսկ լրագրող գործընկերներիս՝ առաջին հերթին) հետաքրքրում է տոնական միջոցառումներին ծախսվելիք գումարի չափը: Ըստ կառավարության որոշման, նախատեսվել է 271,797 հազար դրամ, որը գումարվելու է Երեւանի բյուջեով հատկացված շուրջ 54 միլիոնին: Միջոցառումները կազմակերպելու է չորս ընկերություն, որոնցից երեքը, Կառավարության, Երեւանի քաղաքապետարանի եւ ԿԳՄՍ համատեղ քննարկումների արդյունքում, հետեւյալն են. «ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲԸ, «Սթեյջ Սթայլ» ՍՊԸ եւ «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ: Չորրորդ ընկերությանը կընտրի Երեւանի քաղաքապետարանը:
1-ին լուսանկարում Հանրապետության հրապարակի ձեւավորման էսքիզն է, ամբողջական պրեզենտացիան կներկայացնենք մոտ օրերս»: