«Փաշինյանը ցույց է տալիս, որ ինքը ևս վատ ռուսամետ քաղաքական գործիչ չէ, ինչպես Քոչարյանը և նույնիսկ Սերժ Սարգսյանը». Տարասով

«168 Ժամի» զրուցակիցն է ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը

– Պարոն Տարասով, նոյեմբերի 10-11-ը տեղի ունեցավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առաջին պաշտոնական այցը ՀՀ՝ մեր երկրում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխություններից հետո: Նախարարների համատեղ ասուլիսի ընթացքում Մնացականյանն ու Լավրովն անդրադարձ կատարեցին երկկողմ օրակարգի հրատապ թեմաներին, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, ռուս-թուրքական մերձեցմանը, հայաստանյան բիոլաբորատորիաներ ռուս մասնագետների մուտքին: Ընդհանուր առմամբ ինչպե՞ս եք գնահատում այս այցը, ի՞նչ ցույց տվեց այն:

– Այցն անակնկալներով էր, քանի որ այցի նախնական կանխատեսումները զուսպ, հուսադրող էին: Բայց մինչ Լավրովի այցը՝ կայացավ ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի այցը Երևան: Երբ հայտարարվեց ՀՀ-ում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ռազմական ներուժի կրկնապատկման մասին, որին ՀՀ իշխանությունները դրական վերաբերվեցին, պարզ դարձավ, որ հայ-ռուսական հարաբերությունները որակապես փոխվում են, տեղի է ունենում բեկում, քանի որ ավելի վաղ հարաբերություններում խնդիրներ կային՝ Հայաստանը բազմավեկտոր քաղաքականության նուրբ ակնարկներ էր անում, Մոսկվան զգուշորեն լսում էր դրանք, բայց ներկայումս, ընդհանուր առմամբ, Փաշինյանի թիմը որոշում է կայացրել, հենց այդ պատճառով Ռուսաստանի հետ երկխոսությունը ստացվեց՝ ինչպես երբևէ անկեղծ և բաց: Այս իմաստով, առաջին պաշտոնական այցը համարում եմ հաջողված: Այն նաև բազմապլան էր, ինչպես Դուք նշեցիք՝ քննարկված թեմաների բազմազանությամբ: Իսկապես, շատ հարցեր են քննարկվել՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ շրջանակում համագործակցություն, երկկողմ հարաբերություններ, Լավրովը բազմանշանակ հայտարարություններ արեց՝ նշելով, որ Ռուսաստանը կանգնած է Հայաստանի թիկունքին, նա հստակեցրեց իր դիքրոոշումը ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ: Ի դեպ, նա բացեիբաց խոսեց Լեռնային Ղարաբաղի մասնակցության մասին բանակցային գործընթացում և նշեց, որ այդ որոշումը պետք է կայացնեն կողմերը, սակայն Մոսկվան դրան դեմ չէ: Նա նաև հիշեցրեց անցյալը, թե ինչպես է Ղարաբաղը դուրս մնացել բանակցություններից: Ներկայումս հասկանալի է, որ դա սխալ որոշում էր:

– Այսինքն՝ կարծում եք, որ իշխանությունները որոշել են է՛լ ավելի սերտ քաղաքականություն վարել ռուսական կողմի հե՞տ: Ինչո՞վ եք դա բացատրում:

– Այո, Փաշինյանը սկսեց ռուսական ուղղությամբ ավելի կիրթ քաղաքականություն վարել, զարգացնել իր հարաբերությունները: Լավրովի հետ հանդիպմանը նշվեց Փաշինյան-Պուտին հանդիպումների քանակը: Ասեմ, որ որևէ մեկ այլ երկրի ղեկավարի հետ Փաշինյանը նման ինտենսիվ երկխոսություն չի ունեցել իր իշխանության օրոք: Առավել ևս ՀՀ-ն անդամակցում է ԵԱՏՄ-ին, ՀԱՊԿ-ին: Ներկայումս Փաշինյանը խմբագրում է ռուսական ուղղությամբ իր քաղաքականությունը՝ այն պատճառով, որ Արևմուտքում հեղափոխությունը չունեցավ մեծ հեղինակություն: Նա նշում է, որ նախկին իշխանությունը Ռուսաստանի հետ չունի այն կապերը, ինչ նա, և ըստ էության նա դա ցույց տվեց: Չկա ներկայումս մի հարց, որ ասենք՝ այդ հարցում հայ-ռուսական հարաբերություններում կա խնդիր:

– Հայ-ռուսական գազային բանակցությունները, Ռուսական երկաթուղիների խնդիրները Հայաստանում խնդիրներ չե՞ն երկկողմ օրակարգում:

– Դրանք դարձել են տեխնիկական հարցեր և դրանք կլուծվեն: ՀՀ իշխանությունները հասկանում են, որ աշխարհում ավելի սերտ գործընկեր, քան Ռուսաստանն է, Հայաստանն այլևս չունի: Փաշինյանը սկսեց կառուցել կիրթ, սերտ համագործակցություն Ռուսաստանի հետ, դա հեռանկարային է: Եթե նա ևս մեկ հարց լուծի և ելք գտնի Քոչարյանի խնդրի հետ կապված, ապա դա կլինի հիանալի, քանի որ Լավրովը ցույց տվեց, որ Մոսկվան չի կառչում Քոչարյանի թեմայից և համարում է, որ դա ՀՀ ներքին գործն է, բայց կարելի է հաշվի առնել, որ Քոչարյանը որոշակի հեղինակություն ունի Մոսկվայում: Բայց ներկայումս Փաշինյանը ցույց է տալիս, որ ինքը ևս վատ ռուսամետ քաղաքական գործիչ չէ, ինչպես Քոչարյանը, և նույնիսկ՝ Սերժ Սարգսյանը:

Ինձ համար մի փոքր զարմանալի էին Ցյուրիխյան արձանագրությունների վերաբերյալ նրա որակումները: Հայտնի է, որ ռուսական կողմն ակտիվորեն մասնակցել է այդ արձանագրությունների պատրաստման գործընթացին և ներկա է եղել ստորագրման արարողությանը, սակայն առաջին անգամ նման ձևաչափում Լավրովը խոսեց այն մասին, որ հայկական կողմին զգուշացրել են այդ արձանագրությունների ոչ միանշանակ հետևանքների մասին: Ինձ համար հիմա պարզ է, որ Սերժ Սարգսյանը, ով գնաց այդ արձանագրությունների ճանապարհով, զոհաբերում էր շատ բաներ: Բայց Թուրքիան, իմ կարծիքով, չափազանց լուրջ սխալներ թույլ տվեց, Ադրբեջանը՝ ևս, որը ճնշումներ էր բանեցնում Թուրքիայի նկատմամբ, որպեսզի նա չստորագրի այդ արձանագրությունները, կապելով այն Ղարաբաղյան կարգավորման հետ:

– Ինչո՞ւ Լավրովը հիշեց հայ-թուրքական արձանագրությունների մասին հենց հիմա, երբ ըստ էության ոչ Հայաստանը, առավել ևս՝ ոչ էլ Թուրքիան, դրա շուրջ որևէ օրակարգ չունեն:

– Պարզ է, քանի որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Ցեղասպանության ճանաչման բանաձև, այդ փաստաթուղթը վիրտուալ բնույթ է կրում: Հայկական դիվանագիտության խնդիրը ներկայումս հանդիսանում է այն, որպեսզի իրեն ինչ-որ կերպ փաթեթավորի այս գործընթացում, քանի որ Հայաստանի հետ որևէ կապ այս բանաձևը չունի:

– Պարոն Տարասով, մեկ ամիս առաջ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը քննադատում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», իսկ այսօր ողջունում է Փաշինյանի մեկ այլ հայտարարություն այն մասին, որ «ԼՂ հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, ԼՂ-ի և Ադրբեջանի ժողովուրդների համար»: Սա ինչպե՞ս կբացատրեք:

– Սա կոմպրոմիսային տարբերակ է: Փաշինյանը չափազանց հակասական հայտարարություններ էր անում, եթե հիշում եք: Մի կողմից՝ նա նշում էր, որ Ղարաբաղը պետք է հանդես գա՝ որպես բանակցային կողմ, հետո՝ «Արցախը Հայաստան է», որը նշանակում էր բանակցային ողջ ձևաչափի վերափոխում: Նա ասաց, բայց ոչինչ չարեց այդ ուղղությամբ: Երբ Փաշինյանը հայտարարեց, որ հարկավոր է՝ հաշվի առնելով Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի շահերը, դա կոմպրոմիսային որոշում է: Սա խոսում է այն մասին, որ, օրինակ, եթե Ադրբեջանը խոսում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, կոմպրոմիսայի մոտեցումն այն է, որ նա պետք է հրաժարվի այդ սկզբունքից, հայկական կողմի մոտեցումը խոսում է այն մասին, որ որոշակի փուլում հայկական կողմերը գուցե պատրաստ լինեն հանձնել շրջանների մի մասը: ԼՂ շահն էլ այն է, թե որ շրջանները կարող են հանձնվել, և ինչպես է պահպանվելու դրա արդյունքում ողջ Ղարաբաղի անվտանգությունը և ինչ պայմաններով, քանի որ հենց այնպես որևէ մեկը ոչինչ հանձնել չի պատրաստվում: Հանկարծ Լավրովն ասում է, որ աջակցում է, քանի որ դա նշանակում է՝ վերադարձ Մադրիդյան սկզբունքներին, իսկ դրանք դիտարկում են որոշակի քայլեր, որոնք ձեզ հայտնի են: Լավրովը հաստատեց ԵԱՀԿ ՄԽ դիրքորոշումը Մադրիդյան բանակցությունների վերաբերյալ:

-Հարցն էլ այն է, որ վերջին օրերին տեղեկություններ են տարածվում, որ Մադրիդյան սկզբունքներըն այլևս բանակցային սեղանին չեն: Ըստ Ձեզ՝ ինչի՞ շուրջ են ընթանում այդ դեպքում բանակցությունները:

– 2018 թվականի աշնանից մինչև 2019 թվականի ապրիլ հանդիպումներ էին տեղի ունենում տարբեր ձևաչափերով, որոնց ընթացքում մի շարք պայմանավորվածություններ ձեռք բերվեցին՝ ինչպես օպերատիվ կապի, այնպես էլ՝ հումանիտար: Սրանք դրական քայլեր էին, սա մոտեցում էր, որը բազային մոտեցումների հետ կապ չուներ: Այս քայլերով փոխվել էր օրակարգը, այսինքն՝ ՄԽ-ն մասնավոր հարցերով էր զբաղված, կարգավորման բազային հարցերը դուրս էին դրանից:  Հիմա փոքր հարցերից դեպի մեծ հարցեր են ընթանալու, թեև Լավրովն ընդունեց, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցն ամենաբարդ խնդիրներից մեկն է, և համաձայնություններ նման հարցերի շուրջ քիչ հավանական են:

– Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն ավելի վաղ բազմիցս նշել էր, որ Մադրիդյան սկզբունքները հնացած են: Այսինքն՝ Արցախյան կողմը դրանք բացառում է արդեն իսկ, ինչպե՞ս կարող են կողմերը վերադառնալ դրանց, հատկապես, երբ հիմա էլ ասվում է, որ դրանք սեղասնին չեն:

– Մասիս Մայիլյանը մի փոքր հեռուն էր գնացել: Լավրովը վերադարձավ Մադրիդյան սկզբունքներին, և հայկական կողմը դա հաստատեց: Գուցե դրա հիման վրա նոր համաձայնագիր կազմվի, սակայն ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն այս նախկին պրոյեկտն են առաջ մղում և առաջարկներ փոխելու մասին չեն էլ մտածում: Մադրիդյան սկզբունքներին այլընտրանք դեռ գոյություն չունի, այլ առաջարկներ չկան, իսկ Լավրովի հայտարարությունը կրում է կատեգորիկ բնույթ. նա խոսում է հենց Մադրիդյան սկզբունքներից:

Տեսանյութեր

Լրահոս