Օտարերկրացիներն ակտիվորեն վաճառում են իրենց գույքը. Գալի՞ս են, թե՞ գնում են Հայաստանից

Օտարերկրյա քաղաքացիներն այս տարի Հայաստանում գրեթե կրկնակի շատ անշարժ գույք են վաճառել, քան գնել։ Խոսքն ինչպես բնակարանների, այնպես էլ՝ այլ գույքի մասին է։ Սա զարմանալի է նրանով, որ իշխանափոխությունն այլ բան էր խոստանում. մարդիկ ոչ թե պիտի գնային, այլ պիտի գային, և ոչ միայն՝ բնակվելու, այլև՝ բիզնես գործունեություն ծավալելու համար։ Հասկանալի է, որ Հայաստանում գույք գնող կամ վաճառող, այսպես ասած, օտարերկրացիների գերակշիռ մասը մեր հայրենակիցներն են, ովքեր ունեն այլ երկրների քաղաքացիություն։ Թե ի՞նչն է ստիպել նրանց այդպիսի վարքագիծ դրսևորել, կարելի է միայն ենթադրել։ Բայց առաջին տպավորությունն իսկապես մտահոգիչ է։

Իշխանափոխությունից հետո կառավարությունը ոչ միայն մեծ հայրենադարձություն էր խոստանում, այլև լուրջ ակնկալիքներ ուներ դրսից գործարար ակտիվության ցուցաբերման հետ կապված։ Ու եթե նման բան լիներ, դա պիտի արտահայտվեր, առաջին հերթին՝ անշարժ գույքի շուկայում։ Երբ մարդիկ վերադառնում են Հայաստանում ապրելու, բիզնես գործունեություն իրականացնելու համար, մտածում են առաջին հերթին բնակարան գնելու կամ այլ անշարժ գույք ձեռք բերելու մասին։ Սակայն այս պահին անշարժ գույքի շուկան նման բան ասելու հիմքեր չի տալիս։

Այնպես չէ, որ օտարերկրացիները դադարել են բնակարան կամ այլ անշարժ գույք գնել Հայաստանում։ Գնելը` գնում են, բայց անհամեմատ ավելի քիչ, քան վաճառում են։

Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա առաջին ինն ամիսներին օտարերկրյա քաղաքացիները Հայաստանում գնել են 1558 անշարժ գույք, այդ թվում` բնակարան, արտադրական նշանակության շինություն, հող և այլն։ Նույն ժամանակահատվածում վաճառել են 2963-ը։ Սա նշանակում է, որ օտարերկրացիները Հայաստանում 1405-ով ավելի շատ անշարժ գույք են վաճառել, քան գնել։ Տարբերությունը չափազանց մեծ է, ինչը մտորելու տեղիք է տալիս։

Ինչո՞ւ պիտի մարդիկ վաճառեն իրենց գույքը, առավել ևս, բնակարանները, եթե նպատակ չունեն երկրից գնալ։ Այլ կերպ մտածելու հիմքեր կարծես չկան։ Հատկապես, եթե հաշվի առնենք, որ վաճառված անշարժ գույքի մեջ մեծ թիվ են կազմում բնակարանային գործարքները. ավելի քան կեսը։

Տարվա ընթացքում օտարերկրացիները Հայաստանում վաճառել են 1978 բնակարան և բնակելի տուն։ Գնված բնակարանների թիվն անհամեմատ ավելի քիչ է` ընդամենը 1034-ը։ Այսինքն` գրեթե կրկնակի պակաս։

Մինչ կառավարությունը հույսեր է փայփայում, որ արտաքին կապիտալը պիտի գա ու ակտիվացնի Հայաստանի տնտեսությունը, անշարժ գույքի շուկայում այդ ակտիվությունը չի երևում։ Օտարերկրացիների հետաքրքրությունները չափազանց թույլ են հատկապես արտադրական նշանակության անշարժ գույքի նկատմամբ։ Տարվա ընթացքում այլ երկրի քաղաքացիները Հայաստանում ձեռք են բերել ընդամենը 7 անուն նման գույք։

Ինն ամսվա կտրվածքով սա, անշուշտ, մեծ թիվ չէ։ Հատկապես որ, նույն ժամանակահատվածում օտարերկրացիների կողմից օտարված արտադրական նշանակության շինությունների քանակը գրեթե կրկնակի ավելի է. վաճառվել է այդպիսի 13 գույք։ Դատելով պաշտոնական տվյալներից՝ անշարժ գույքի շուկայում ակտիվ են հիմնականում Ռուսաստանի քաղաքացիություն ունեցողները։ Եվ դա հասկանալի է` ՌԴ-ում աշխատում և ապրում են այդ երկրի քաղաքացիություն ունեցող մեր բազմաթիվ հայրենակիցներ, ովքեր հնարավորության դեպքում փորձում են անշարժ գույք և, առաջին հերթին, բնակարան ձեռք բերել Հայաստանում։ Այսօր էլ նման քաղաքացիների թիվը քիչ չէ։

Այս տարվա ընթացքում ՌԴ քաղաքացիները Հայաստանում գնել են 866 անշարժ գույք, որից 603-ը եղել է բնակարան։ Օտարերկրացիների կողմից գնված անշարժ գույքի ավելի քան 55 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանի քաղաքացիություն ունեցողներին։ Նույնը նաև բնակարանների դեպքում է։ Նրանք պակաս ակտիվ չեն եղել նաև անշարժ գույքի այլ, այդ թվում` հողի շուկայում։

Տարվա ընթացքում օտարերկրացիների կողմից գնված 7 արտադրական նշանակության օբյեկտներից 4-ը ձեռք են բերել ՌԴ քաղաքացիները։ Բայց այնպես չէ, որ այդ ակտիվությունն արտահայտվել է միայն գնման դեպքում։ ՌԴ քաղաքացիները շատ ավելի ակտիվ են եղել վաճառքի գործարքներում։ Անշարժ գույքի նկատմամբ օտարերկրացիների կատարած վաճառքի գործարքների 82 տոկոսը բաժին է ընկել նրանց։

Ռուսաստանի քաղաքացիներն այս տարվա ընթացքում Հայաստանում վաճառել են իրենց պատկանող 2430 անշարժ գույք։ Այն 2,8 անգամ ավելի է գնվածից։ Վաճառված անշարժ գույքի մեծ մասը եղել է բնակարան` ավելի քան 1,6 հազար։ ՌԴ քաղաքացիների կողմից այս տարվա ընթացքում շուրջ հազարով ավելի շատ բնակարան է վաճառվել, քան գնվել։ Շատ ավելի տխուր պատկեր է հողի շուկայում` վաճառքը գրեթե 7 անգամ գերազանցել է առքը։

Անշարժ գույքի շուկայում, Ռուսաստանից բացի, համեմատաբար ակտիվ են եղել ԱՄՆ քաղաքացիները։ Բայց, իհարկե, այս դեպքում գործարքները շատ ավելի քիչ են։ Ընդհանուր առմամբ ԱՄՆ քաղաքացիները Հայաստանի անշարժ գույքի շուկայում այս տարի իրականացրել են 332 գործարք, որից

208-ը եղել է գնման, մնացածը՝ վաճառքի տեսքով։

Ի տարբերություն Ռուսաստանի, ԱՄՆ քաղաքացիներն ավելի շատ գույք են գնել, քան թե վաճառել։ Ու դա արտահայտվել է՝ ինչպես բնակարանների, այնպես էլ՝ հողի շուկայում։

Ամերիկացիներն այս տարի Հայաստանում 44 միավոր հող են ձեռք բերել, վաճառել են 11-ը։ Գնել են 125 բնակարան և բնակելի տուն, ինչը 28-ով ավելի է վաճառվածից։

Փոխարենը՝ նրանք բացարձակ հետաքրքրություն չեն ցուցաբերել արտադրական կամ տնտեսական նշանակություն ունեցող անշարժ գույքի նկատմամբ։ Տարվա ընթացքում ընդհանրապես նման գույք ձեռք չի բերվելը։ Ընդհակառակը` իրենց պատկանող արտադրական նշանակության 2 շինություն վաճառել են։

Անշարժ գույքի շուկայում որոշակի ակտիվություն են ցուցաբերել նաև եվրոպական տարբեր երկրների քաղաքացիները, ովքեր գնել են 128, և վաճառել՝ 108 բնակարան։ Բայց այս դեպքում ևս արտադրական հետաքրքրություններ չեն դրսևորվել։ Մի բան, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ օտարերկրյա քաղաքացիները, կլինեն մեր հայրենակիցները թե ոչ, առայժմ այնքան էլ հակված չեն ոչ միայն տնտեսական գործունեություն իրականացնելու, այլև հաստատվելու Հայաստանում։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս