Տրոլեյբուսի երթևեկության գինը կբարձրանա. ումի՞ց են սա թաքցնում. Արմեն Պողոսյան
«Երևանի տրանսպորտային համակարգում ավերակ է: Տեղյակ եմ, որ Քաղաքապետարանի կողմից պատրաստվում է ալտերնատիվ ծրագիր, որը 70 տոկոսով պատրաստ է: Ծրագրում գրված է էլեկտրատրանսպորտի զարգացում. Ո՛չ ժամկետներ կան, ո՛չ ռեսուրսներ, ո՛չ էլ նշում են, թե ինչ միջոցներով է դա արվելու»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը:
«Եթե էլեկտրատրանսպորտը չզարգանա, տրանսպորտի վիճակն ինչքան էլ բարելավենք՝ չի բուժվի: Եվ այն զարգացնելու փոխարեն՝ ոչնչացնում ենք: Հանեցին տրամվայը, տրոլեյբուսը հոգեվարքի մեջ է»,- հավելեց նա:
«Մեր դիտարկմանը, որ Քաղաքապետարանի հայտարարությամբ՝ 101 տրոլեյբուս լինելու է, Արմեն Պողոսյանը պատասխանեց. «Ես ծանոթ եմ այդ ծրագրին, բայց չկա սակագնի գոնե մոտավոր պատկերացում, թե ինչքան է աճելու: Ամեն անգամ այդ հարցը տալիս եմ, ասում են՝ երբ որ ձեռք կբերենք այդ տրոլեյբուսները, այն ժամանակ էլ կպարզվի: Այս դարում այդ լեզվով չեն խոսում: Սեղմում են կոճակը և տեսնում են, թե որքա՞ն արժե գերմանական ավտոբուսը, ճապոնական տրոլեյբուսը: Համեմատությունը ցույց կտա, որ չի կարող 4 անգամ թանկ չլինել, քան հիմա է: Բնական է, չէ՞, որ սակագինը կթանկանա, իսկ ումի՞ց են թաքցնում»,- նշեց Արմեն Պողոսյանը:
Հավելենք, որ Երևանի քաղաքապետարանի փոխանցմամբ՝ չնայած հնամաշ վիճակին՝ տրոլեյբուսն այսօր քաղաքացիներից շատերի համար երթևեկելու նախընտրելի միջոց է: Օրական էլեկտրատրանսպորտից 12000-14500 ուղևոր է օգտվում: Էկոլոգիապես մաքուր տրանսպորտային այս միջոցը զարգացման հեռանկար ունի: Մայրաքաղաքի նոր երթուղային ցանցը 850 ավտոբուսի կողքին նախատեսում է նաև 101 նոր տրոլեյբուս:
Անի Կարապետյան