«Լևոն Տեր-Պետրոսյանով հիացած մարդիկ հող հանձնելը չեն համարում մեծ արատ». Անուշ Սեդրակյան

«Այն փոփոխությունները, որոնք ես ակնկալում էի տեսնել մեր արտաքին քաղաքական կուրսի մեջ, չեմ տեսնում, դրանք չկան, թեպետ, պետք է նշեմ, որ չի եղել նաև դրանց հետ կապված խոստում»։ Այսօր «168 TV»-ի  «Ռեվյու» հաղորդման եթերում ասաց քաղաքագետ Անուշ Սեդրակյանը։

Դիտարկմանը՝ թեև իշխանության գալուց հետո խոստումներ չեն եղել, սակայն ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դեմ է արտահայտվել ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին, ապրիլյան պատերազմն էլ համարել է պայմանավորված Ադրբեջանին ԵԱՏՄ մտցնելու ցանկությամբ, իսկ իշխանության գալուց հետո ջանք ու եռանդ չի խնայում Պուտինի հետ լավ հարաբերություններ ունենալու համար, Անուշ Սեդրակյանը նշեց.

«Հռետորաբանությունը փոխվեց իշխանության գալուց շատ առաջ. եթե հիշում եք, ընդդիմադիր ԵԼՔ-ի հռետորաբանությունը հանգեց նրան, որ, եթե արդեն ԵԱՏՄ-ի մեջ ենք, ուրեմն մենք ստիպված ենք ընդունել այդ կարգավիճակը։ Փաշինյանը նեյտրալ դիսկուրսից գնում է դեպի ռուսական դիսկուրս»։

Անդրադառնալով այսօր Հայաստանում կայացած ՀԱՊԿ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների հանդիպմանը՝ Սեդրակյանը համարեց դա պաշտոնական շրջանակներում տեղի ունեցող հերթական հանդիպում, որից որևէ բան ակնկալել հնարավոր չէ։

«Մենք այստեղ գտնվում ենք այն ֆորմատում, որտեղ չկա հավասար անդամակցություն։ Չի՛ կարելի փոքր պետություն լինելով՝ մտածել, որ խոշոր պետությունների արտաքին քաղաքական վեկտորը փոփոխվել է՝ քո ներքին խնդիրներով պայմանավորված»,- ասաց նա։

Խոսելով ռուսական 102-րդ ռազմաբազայի  խնդրի մասին՝ Սեդրակյանը նկատեց. «Իսկ ներկա գեոպոլիտիկայի պայմաններում ռուս-թուրքական հարաբերությունների շրջափուլում արդյո՞ք Ռուսաստանը կցանկանա հակադրվել Թուրքիային. ներկա պայմաննեում դա հնարավոր չէ»Նա  հարց հնչեցրեց «իսկ ինչո՞ւ այս ռազմաբազայի գոյության հարցում մենք չենք խոսում տնտեսական նպատակահարմարության մասին»։

Անդրադառնալով ներհայասատանյան զարգացումների, մասնավորապես՝  Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ Սեդրակյանն ասաց, որ առկա գործընթացներում ինքը չի տեսնում հստակ փաստարկված մեկ ընդհանուր ստանդարտ։
«Հիմա կարծում եմ, որ դա չկա, որովհետև կա՛մ պետք է բոլորին համաներում հայտարարել, կամ պետք է բոլորին խստագույն պատժել։ Երբ քաղաքական կամ պետական վեաբերմունք ես դրսևորում, պետք է տաս դրա սահմանումը, պետք է ասել, որ այս մարդիկ թերացել են և այս կամ այն բաների համար պետք է պատասխան տան,  պետք է տալ այդ ցանկը հասարակությանը, և նա էլ կսևեռվի այդ ցանկի վրա»։

Քաղաքագետից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք նոր Հայաստանում կա կոռուպցիա՝ մատնանշելով  հեղափոխությունից հետո առերևույթ դրա մեջ մեղադրվող Դավիթ Սանասարյանին, ով, ի դեպ, շարունակում է իր հարցազրույցներում անուններ հնչեցնել՝  Առողջապահության նախարարից մինչև Արթուր Վանեցյան։

Հարցին  ի պատասխան՝ Սեդրակյանն ասաց. «Որպես ընկեր՝ ես հույս ունեմ, որ նա նման բան չի արել, բայց եթե նա դա արել է և դա ապացուցվի՝ հանցակազմով, ես որպես ընկեր՝ նրա մոտ «պերեդաչի կտանեմ», բայց չեմ արդարացնի։ Բայց քանի դեռ որևէ բան ապացուցված չէ, մենք  իրավունք չունենք դրա մասին խոսելու, իսկ ինչ վերաբերում է նրա կողմից տրվող անուներին, ապա դրա համար կա քննություն, թող ապացուցվի»։

Քաղաքագետ Անուշ Սեդրակյանն անդրադարձավ նաև Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի շուրջ ընթացող զարգացումներին.

«Հիմա, երբ մենք արդարացիորեն պնդում ենք, որ մենք հանրության հետ ակտիվ կապի մեջ ենք, հասկանում ենք, որ կա անմիջական դեմոկրատիա, իմաստը ո՞րն է նման մարմին պահելու, արդյո՞ք հաշվել են, թե այն ինչ է նստում բյուջեի վրա»։

Սեդրակյանը նշեց, որ, եթե խոսվում է այդ կառույցի գոյությունը չդադարեցնելու, այլ ընդամենը ՀԽ նախագահի փոխարեն՝ մեկ այլ անձի նշանակելու մասին, ապա իշխանության այդ քայլն ինքը չի հասկանում, և այն իր մոտ հարցեր է ծնում։

Սեդրակյանը նաև խոսեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ այսօր իրականացվող քաղաքականության վրա ունեցած ազդեցության մասին։

«Լևոն Տեր-Պետրոսյանը 20 տարի անց շարունակում է պահպանել քաղաքական բացարձակ ազդեցություն, նրա գաղափարական գիծը մեծ ազդեցություն ունի։ ՀՀ-ում կա հսկայական մարդկային զանգված, որը ցայսօր հիացած է Լևոն Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականությամբ, և նրանք քիչ դեր չեն կատարում հիմա մեր քաղաքականության մեջ, իսկ այդ մարդիկ հող հանձելը չեն համարում  մեծ արատ»,- ասաց  Սեդրակյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս