Ո՞րն է ռուսական բազայի գործառույթը պատերազմի ժամանակ
Գյումրիում ռուսական բազան ՀՀ անվտանգության բաղադրիչ է, բայց այն կառույցը չէ, որ պատերազմի ժամանակ գործողություններ ապահովի: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:
«Դա մի կառույց է, որը պատերազմական իրավիճակում պիտի ապահովի ընդլայնումը հայ-ռուսական ծրագրերի, այդ թվում՝ ՀՕՊ-ի»,- ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է պատերազմի վերսկսման հավանականությանը, Թուրքիայի աջակցությանն Ադրբեջանին, և սրա ֆոնին ՀՀ ԱԳՆ-ի վարած քաղաքականությանը, Վաղարշակ Հարությունյանը հիշեցրեց, որ ՀԱՊԿ կանոնադրությամբ ՀՀ-ի դեմ ագրեսիայի դեպքում դա պետք է կանխվի կազմակերպության կողմից: Երկրորդ՝ ագրեսիան կանխվում է երկրի զինված ուժերի կողմից:
«ՀՀ-ում ռուսական բազայի և ՀԱՊԿ-ին անդամակցության շնորհիվ մենք այս տարիների ընթացքում՝ 1993-ից մինչ այսօր, պատրաստել ենք 4000 սպա: Եվ սա եղել է անվճար, եթե մենք հաշվենք այդ գումարի չափը, ապա դա մոտ 800 միլիոն դոլար կկազմի: Մյուս կողմից՝ մեր բանակաշինության գործընթացում՝ պատերազմի ժամանակ և հետո, ամենահիմնական խնդիրը եղել է այն, որ չունեինք կադրային սպա: Պատերազմից հետո զորամասերում, հիմնականում՝ մոտոհրաձգային և հրետանային, մենք ունեինք թափուր տեղեր, որովհետև սպաներ չկային, ուստի մեծ քանակով զոհեր ունեինք: Եվ երբ ունեցանք հնարավորություն սպաներ պատրաստելու, կորուստների թիվը 3-4 անգամ նվազեց»,- պնդեց Հարությունյանը:
Ըստ նրա՝ անհրաժեշտության, ՀՀ-ի դեմ սպառնալիքի դեպքում ՀԱՊԿ-ը կկատարի իր գործառույթները:
«Դա կառույց է, որը քաղաքական որոշումներ է ընդունում, իսկ ռազմական ուժերը գործում են միայն ուղղություններով: Այստեղ հայ-ռուսական զորամիավորումն է: Եվ այստեղ կա մշակված ծրագիր, թե ո՞նց է գործելու և ո՞ր դեպքում: ՀՀ-ի անվտանգությունն ապահովված է երեք մակարդակով՝ ՀԱՊԿ, հայ-ռուսական և հիմնական բաղադրիչը՝ դա մեր ՀՀ ԶՈՒ-ն է: Եվ ՀԱՊԿ-ին մեր մասնակցության շնորհիվ մենք զենք ենք ստանում էժան գներով, սպաներ ենք պատրաստում, որոնք բարձրացնում են մեր բանակի մարտունակությունը»,- ասաց Հարությունյանը:
Անդրադառնալով ՀԱՊԿ-ում Ադրբեջանի այս կամ այն կարգավիճակ ունենալուն՝ նախկին պաշտոնյան հիշեց, որ Հեյդար Ալիևի ժամանակ Ադրբեջանն անդամակցել է ՀԱՊԿ-ին, բայց երկու տարի հետո հայր Ալիևն ԱՊՀ երկրների նախագահների նիստին դիմեց ՌԴ այն ժամանակվա ղեկավար Ելցինին, թե՝ «մտել են ՀԱՊԿ, որ Ղարաբաղի հարցը լուծվի, բայց այն չի լուծվում, ՀԱՊԿ-ը չի աջակցում Ադրբեջանին»:
«Ելցինը պատասխանեց՝ հարգելի պարոն նախագահ, ՀԱՊԿ-ն գործում է միայն արտաքին ագրեսիայի դեպքում, իսկ Ղարաբաղի հարցը լուծվում է այլ սկզբունքով և տրամաբանությամբ: Դա խաղաղապահների առաքելությունն է, և պայմանագիրը, որը պիտի կնքվի կողմերի միջև: Այնպես որ, մոտեցումը, թե Ադրբեջանը կմտնի ՀԱՊԿ, բացառում եմ: Ինքը չի մտնելու, չի դիմելու այդ քայլին, քանի որ այն վիճակը, որ ստեղծված է, դա թույլ չի տա. Թուրքիայի գործոնը կա, նա ինչի՞ պիտի համաձայնի, որ Ադրբեջանը մտնի ՀԱՊԿ: Ադրբեջանի բանակը Թուրքիան վերցնելու է իր հսկողության տակ փաստացի: Թուրքիայի շահերը չեն համընկնում, իսկ նրա ազդեցությունը մեծ է Ադրբեջանի վրա: Երկրորդ՝ հայկական կողմը դա երբեք թույլ չի տա, որ Ադրբեջանը դառնա ՀԱՊԿ անդամ, իսկ որոշումն ընդունվում է կոնսենսուսով»,- ասաց նա:
Մարիամ Պետրոսյան