Բաժիններ՝

«Ուզում ես՝ սրանց համար երկնքից աստղեր իջեցրու, ուզում է՝ Բախը գա Հայաստան, սրանք թքած ունեն դրա վրա»

Օրերս խորհրդարանում Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իր պաշտոնավարման օրոք մշակույթի ոլորտում «ցենզուրա» չի լինելու.

«Սա բոլորը շատ հստակ թող ընկալեն։ Եթե գեղագիտական խորհուրդները որոշում են կայացնում, և այդ խորհուրդներում ընդգրկված են անվանի արվեստագետներ, և իրենք ասում են, որ տվյալ գործը՝ կլինի ֆիլմ, քանդակ, թատերական ներկայացում, արժանի է, որպեսզի պետությունը դրան ուշադրություն դարձնի՝ թեկուզ տվյալ գործի 10 տոկոսով, ապա գեղագիտական խորհրդի որոշումներն ի կատար են ածվելու։ Սա բոլորը շատ հստակ թող իմանան, և սատանիզմի հիմքով համերգներ չեղարկելն այլևս չի լինելու Հայաստանում»։

Ինչ վերաբերում է ծանրորդ Մելինե Դալուզյանի մասին պատմող «Մել» ֆիլմը քննադատողներին, որին պետությունը հատկացրել է 20 մլն դրամ, ապա Արայիկ Հարությունյանը լրագրողներին կոչ էր արել տուրք չտալ այն մարդկանց խոսքերին, որոնք փորձում են այս քողի տակ քաղաքական դիվիդենտներ շահել, քանի որ, նրա բնորոշմամբ, այդ մարդիկ «հետադիմության առաջամարտիկներ են»։

168.am-ի հետ զրույցում բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանն անդրադառնալով այսօր մշակույթի ոլորտում տիրող ընդհանուր իրավիճակին՝ նշեց, որ մշակույթն այսօր նույն վիճակում է, ինչ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք էր:

Կարդացեք նաև

«Այսինքն՝ փոշիացած։ Ասում են, թե այսօր մշակույթի ոլորտում հեղափոխություն է տեղի ունենում: Դա այդ մարդկանց գործն է, թող ասեն, ես հստակ ասացի՝ մշակույթը փոշիացած վիճակում է»,- ասաց Ռ. Դավոյանը:

Նա չցանկացավ անդրադառնալ նախարարի այն հայտարարությանը, որ մշակույթի ոլորտում «ցենզուրա» չի լինելու՝ նշելով, որ դա խորքային հարց է, որին այս պահին չի ցանկանում անդրադառնալ։

Ինչ վերաբերում է Մելինե Դալուզյանին նվիրված ֆիլմին, նա նկատեց. «Դա պարզապես այլանդակություն է. այսքանը»:

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցից էլ հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք իրեն համարում է «հետադիմության առաջամարտիկ», քանի որ ինքը ևս քննադատել էր «Մել» ֆիլմը։

«Ընդհակառակը, ինքս ավելի առաջադեմ եմ, քան պատկերացնում են։ Եվ առհասարակ Արայիկ Հարությունյանի որոշումներն ու հայտարարությունները փորձում եմ ընդհանրապես բանի տեղ չդնել, հույս ունեմ, որ դա իսկապես ժամանակավոր է և թող մարդն իր բոլոր բարդույթներն իրագործի։ Կգա ժամանակ, երբ նորմալ մարդիկ իրեն կփոխարինեն»,- նշեց Դ. Սահակյանցը։

Ինչ վերաբերում է գրաքննությանը, ապա մուլտիպլիկատորը նկատեց՝ գուցե մշակույթում «ցենզուրա» չպետք է լինի, բայց մարդը պետք է գոնե ներքին ցենզուրա ունենա։

Կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի կարծիքով էլ՝ մշակույթի ոլորտում պետք է «ցենզուրա» լինի, քանի որ չեն կարող ազգին այլասերվածություն ցույց տալ և երեխաներին ներկայացնել այնպիսի երգեր, որոնք ավելի վտանգավոր են, քան թմրանյութերը։

«Մեր ժողովուրդն այսօր մշակույթին ընդհանրապես անհաղորդ է, ամեն ինչ կա, բացի ժողովրդից։ Հիմա Կոմիտասի 150-ամյակն են նշում, բոլոր հարցերը վերաբերում են իրենց պտտվելուն, ինքնաթիռ նստելուն, դասախոսություն կարդալուն կամ դրսերում նվագելուն, ուտել-խմելուն, հյուրանոցներով ֆռռալուն։ Այսինքն՝ այդ բոլոր ծրագրերը կապված են ինչ-որ ինքնաթիռների ու  մեծ ծախսերի հետ, բայց անհասկանալի է, թե ինչու։ Կոմիտասն ասում էր՝ դուք ձեր տան մեջ երգեք, օտարն աչք ունի՝ կտեսնի, ականջ ունի՝ կլսի։ Բոլորն էլ սա տեսնում են, թեկուզ՝ ԿԳՄՍ նախարարը, բայց ինձ թվում է՝ այն գիտակցությունը չունեն, որ հասկանան»,- շեշտեց նա։

Ըստ նրա՝ բոլորը միայն երգիչ Սերժ Թանկյանին են հիշում, նրան ուշադրություն դարձնում, որը որևէ առնչություն չունի բուն դասական երաժշտության հետ։

«Հայ երաժշտության հետ ընդհանրապես կապ չունեցող այդ մարդու նկարը բերել, փակցրել են Կիևյան խաչմերուկում, ընդ որում՝ Կոմիտասի նկարից մեծ նկար է, ու տակը գրել են՝ «Հայ մեծեր»։ Երբ հարցնում եմ՝ այս մարդը մեր երկրի համար ի՞նչ է արել, որևէ պատասխան չկա։ Այստեղ ուզում ես՝ սրանց համար երկնքից աստղեր իջեցրու, ուզում է՝ Բախը գա Հայաստան, սրանք թքած ունեն դրա վրա, այսօր այսպիսի իրավիճակ է մեր մշակույթում»,- հավելեց Արթուր Շահնազարյանը։
Հարցին՝ մշակույթն այդ վիճակից հանելու համար արդյո՞ք մտավորականության ուսերին, այսպես ասած՝ մեծ բեռ չի դրված, Արթուր Շահնազարյանը պատասխանեց, որ մտավորականության ամբողջ դարդն ու ցավն այն է, թե հաջորդն ինչ կոչում կարող են ստանալ, կամ ի՞նչ անեն, որ ստանան։

Հաջորդ հարցին՝ այսինքն՝ մտավորականների մեջ չկա՞ն նվիրյալներ, նա պատասխանեց, որ հաշված նվիրյալներ կան, որոնց կարծիքը որևէ մեկը հաշվի չի առնում։

«Կոմպոզիտոր Մարտուն Իսրայելյանի հոբելյանն էր, մի քանի կոպեկ դուրս չգրեցին, որ նշեին, որ հարցնես՝ ով է այդ մարդը, երևի չիմանան էլ, որովհետև որևէ մեկն ուշադրություն չի դարձնում այդ մարդկանց»,- եզրափակեց Արթուր Շահնազարյանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս