Ըստ Արայիկ Հարությունյանի՝ «Մել» ֆիլմը քննադատողները հետադիմության առաջամարտիկներ են
Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով՝ էական չէ, թե որ նախարարի օրոք են 20 մլն դրամ հատկացրել «Մել» ֆիլմի նկարահանման համար։
«Հատկացումը եղել է այս իշխանության օրոք։ Այս տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնում ինչ-որ ֆիլմ էր ցուցադրվել, որը նախկինները սկսեցին քննադատել։ Ու հանկարծ պարզվեց, որ նախորդ տարիներին՝ իրենց իշխանության օրոք, նման ֆիլմեր ցուցադրել են։ Նախկիններին թողնենք՝ ամեն ինչ էլ կքննադատեն, շատ ուշադրություն մի դարձրեք նրանց քննադատություններին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արայիկ Հարությունյանը։
Նրա խոսքով՝ արդեն հայտարարել է, որ այդ հատկացումն իր օրոք չի եղել, նաև հստակ ընդգծեց, որ իր օրոք «մշակույթի ոլորտում ցենզուրա չի լինելու»: «Սա բոլորը շատ հստակ թող ընկալեն։ Եթե գեղագիտական խորհուրդները որոշում են կայացնում և այդ խորհուրդներում ընդգրկված են անվանի արվեստագետներ, և իրենք ասում են, որ տվյալ գործը՝ կլինի ֆիլմ, քանդակ, թատերական ներկայացում, արժանի է, որպեսզի պետությունը դրան ուշադրություն դարձնի՝ թեկուզ տվյալ գործի 10 տոկոսով, ապա գեղագիտական խորհրդի որոշումներն ի կատար են ածվելու։ Սա բոլորը շատ հստակ թող իմանան, և սատանիզմի հիմքով համերգներ չեղարկելն այլևս չի լինելու Հայաստանում»,- հավելեց նախարարը։
Նա նաև ընդգծեց, որ արվեստը լինելու է ազատ, քանի որ անկախ պետության կարևորագույն գրավականն ազատ արվեստն է։
Արայիկ Հարությունյանը լրագրողներին կոչ արեց տուրք չտալ այն մարդկանց, որոնք փորձում են այս քողի տակ քաղաքական դիվիդենտներ շահել, քանի որ, նրա բնորոշմամբ, այդ մարդիկ հետադիմության առաջամարտիկներ են։
«Այո, կարող են լինել մարդիկ, որոնք կասեն՝ այս կամ այն արժեքն իրենցը չէ, մենք պետք է հարգանքով մոտենանք նրանց, բայց արվեստում ցենզուրա չի լինելու»,- եզրափակեց նա։
Զվարթ Խաչատրյան