Բաժիններ՝

«Ինչպե՞ս կարող է շունը 10 րոպեում 80 կգ-ոց 3 մուֆլոնների բռնել-գզել». Կենդանաբանական այգու նախկին աշխատակից

Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցներն այսօր կրկին բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելու, որպեսզի վերանայեն օրերս աշխատանքից ազատվելու դիմում գրած տնօրեն Ռուբեն Խաչատրյանի ծավալած գործունեությունը:

«Պետական փողեր են ծախսվել և ընդամենը երեք վանդակ են սարքել, ու հիմա ինքն ասում է, որ պարիսպ չի եղել, իսկ պարիսպ ինչո՞ւ չի եղել: Ռեստորաններից բերված արջերի վանդակը որ սարքել է, ցանկապատել, այդ շառավիղի 1/3-ը կարելի էր այդ ցանկապատով ծածկել: Միայն առյուծների վանդակի համար 800 միլիոն դրամ են ծախսել. դա աբսուրդ է, ուզում ենք, որ ամեն ինչ վերանայվի, նույնիսկ՝ կենդանիների անկման դեպքերը. աբսուրդ բաներ կան՝ վագրը սատկել է կովի հիվանդությունից:

Միայն գնալով հարցին լուծում չի տրվում: Մորուքավոր անգղերի ոչ համարժեք փոխանակում է եղել իր հիմնադրամի հետ, պահանջում ենք, որ դրանք օր առաջ հետ վերադարձնեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կենդանաբանական այգու նախկին կենդանաբույժ Անուշ Ռաֆայելյանը:

Անդրադառնալով հոկտեմբերի 31-ի առավոտյան՝ ժամը 05:00-ի սահմաններում Երևանի կենդանաբանական այգու տարածք ներթափանցած թափառող շների կողմից երեք կենգուրուի հոշոտման, իսկ նոյեմբերի 1-ի առավոտյան՝ աշխատակիցների կողմից քրքրված գտած երեք մուֆլոնի դեպքին՝ նկատեց.

«Նման դեպքեր եղել են 90-ական թվականների մութ ու ցուրտ տարիներին ու 2011 թվականից հետո, երբ տնօրենը Ռուբեն Խաչատրյանն էր: Սա արդեն 4-րդ դեպքն է: Թափառող շների ոհմակը նորից այգի կմտներ, եթե նրանց որևէ դիմադրություն ցուցաբերած չլինեին։ Երբ ասում են, որ դիմադրություն է եղել, մտել և շներին քշել են, երկրորդ անգամ չէին գա այդ տարածք, որովհետև արդեն վտանգ կա:

Հետո՝ մուֆլոնների տարածքը 7000քմ է, իսկ մուֆլոնը 80 կգ, ուժեղ, արագաշարժ, մեծ կոտոշներով կենդանի է, հեշտ չէ, որ 10 րոպեում շունը 3 մուֆլոն բռնի-գզի, առնվազն մեկ ժամ և ավելի էր պետք: Քարքարոտ տարածք է, ինքը վազում է, շներն այնքան իրեն պետք է վազել տային, որ հոգներ, չդիմադրեր: Ինքը կարող էր վնասել շանը: Նույնիսկ 10 րոպեում կատուն մկանը չի բռնում:

Ինչ վերաբերում է կենգուրուներին, դրանք սթրեսային կենդանիներ են: Գիշերները միշտ բնի մեջ փակ են պահում: Մասնագիտական կոպիտ խախտում է գիշերը կենգուրուներին վանդակում չփակելը, այգու պատմության մեջ նման բան չի եղել: Ի դեպ, կենգուրուները կռտած են եղել, դա կհավաստեն ներկայիս աշխատողները, ու հայտարարությունը, որ հարսնացու են բերում, մի տեսակ չի համապատասխանում»:

Ինչ վերաբերում է այս կրկնվող դեպքերին՝ Անուշ Ռաֆայելյանը նշեց.

«Մեր ժամանակ 5-6 պահակային շուն ունեինք, գամփռներ էին, որոնք հատուկ վարժեցրած էին, մեր տարածքի կենդանիների հանդեպ ագրեսիա չէին ցուցաբերում: Ամեն պահակ ուներ իր շունը, ու ամբողջ գիշեր առնվազն 3-4 շուն հսկում էր տարածքը: Երբ Ռուբեն Խաչատրյանը եկավ՝ արգելեց սա, պահակները շներին տարան: Այստեղ ոչ թե շների, այլ երևույթի դեմ է պետք պայքարել: Այգին հոգեվարքի մեջ է, սարսափելի վիճակ է: Նոր ղեկավարը հերոս պետք է լինի, որ կործանվածը կարողանա կարճ ժամանակահատվածում վերականգնի: Ամեն ինչը խնդիր է, նույնիսկ այն, որ կենդանիները կռտած են, ծեր են, չեն բազմանում, սխալ խնամքի հետևանքով բոլորը երևի հիվանդություններ ունեն: Որպես ժառանգություն՝ շատ խնդիրներ է թողնում»:

Հիշեցնենք՝ երեկ Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը հրաժարականի դիմում էր ներկայացնել՝ գրելով.

«Երևանի կենդանաբանական այգու շուրջ վերջին օրերի իրադարձությունները, չհանգստացող կրքերն ու թափառող շների հարձակումներն այգում պահվող կենդանիների վրա հաշվի առնելով, չբացառելով դրանում առկա մարդկային գործոնը, սակայն չխախտելով նաև անմեղության կանխավարկածը, որոշում եմ կայացրել դադարեցնել Երևանի կենդանաբանական այգու տնօրենի լիազորությունները»:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս