Երևանի կենդանաբանական այգում շները հոշոտել են կենգուրուների
Երևանի կենդանաբանական այգու տարածք հոկտեմբերի 31-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում ներթափանցել են 5-6 թափառող շներ: Նրանք հարձակվել են Երևանի կենդանաբանական այգում պահվող 3 կարմրավիզ կենգուրուների վրա: Հարձակման հետևանքով կենդանիների անկում է գրանցվել: Այս մասին տեղեկացնում է Կենդանաբանական այգու աշխատակազմը:
Կենդանաբանական այգու անձնակազմը ահազանգել է Թափառող շների վնասազերծման կենտրոն ՀՈԱԿ՝ շներին ըստ ՀՀ օրենսդրության վնասազերծելու և տարածքից տեղափոխելու նպատակով: Տեղում ժամանել են Երևանի կենդանաբանական այգու մասնագիտացված անձնակազմը՝ կենդանաբույժների և կենդանաբանների թիմը, սակայն կենգուրուներին հնարավոր չի եղել փրկել: Արու կենգուրուները բերվել էին 2018թ. հունիսին՝ Մոլդովայի հանրապետությունից, Քիշնևի կենդանաբանական այգուց նվիրատվության սկզբունքներով և պատրաստվում էին միանալ Ամստերդամի կենդանաբանական այգուց դեկտեմբերին ժամանող էգերի խմբին՝ հետագա բազմացման նպատակով:
2011թ-ից մինչև այսօր Երևանի կենդանաբանական այգի թափառող շների մուտքի արդեն երրորդ դեպքն է, որի արդյունքում գրանցվում է կենդանիների անկում կամ ֆիզիկական վնասվածք: Դա Կենդանաբանական այգու ամբողջ տարածքի ցանկապատման բացակայության հետևանք է, որ հնարավորություն է տալիս թափառող շներին և այլ կենդանիներին անարգել մուտք գործել և դուրս գալ այգու տարածքից:
«Խնդիրը գտնվում է Երևանի կենդանաբանական այգու հիմնադրի՝ Երևանի քաղաքապետարանի ուշադրության ներքո և արդեն այս տարի Երևանի քաղաքապետարանի կողմից սկսվել է այգու ողջ տարածքի պարսպապատման գործընթաց այգու անվտանգության ապահովումը իրականացնելու նպատակով: Հաշվի առնելով խնդրի նրբանկատությունն ու կենդանիներին խնամողների էմոցիոնալ կապը կենդանիների հետ, կոչ ենք անում լրատվամիջոցներին զերծ մնալ խնդրին ոչ ճշգրիտ գնահատականներ տալուց և աղբյուրից չճշտված տեղեկատվություն տարածելուց»,- ասված է Երևանի կենդանաբանական այգու անձնակազմի տարածած հաղորդագրության մեջ: