Արարատ Միրզոյանին փոխվարչապետի պաշտոնից ազատելու հրամանագիր չի եղել. Նա ԱԺ պատգամավորի մանդատ է ստացել, ընտրվել ԱԺ նախագահ՝ լինելով ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար. «Փաստինֆո»
ՀՀ ԱԺ գործող նախագահ Արարատ Միրզոյանը պատգամավորի մանդատ է ստացել, ապա նաեւ ընտրվել ՀՀ ԱԺ նախագահ՝ առանց ազատվելու ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնից։ Նրա լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ առկա չէ որևէ փաստաթուղթ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնում են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմից։
«Փաստինֆո»-ն գրավոր դիմել էր նախագահի աշխատակազմին՝ խնդրելով տեղեկացնել, թե երբ է Արարատ Միրզոյանն ազատվել ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնից։
Հիշեցնենք, որ նա գործադիրում բարձր պաշտոն էր ստացել 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններից հետո, երբ ՀՀ վարչապետ դարձավ Նիկոլ Փաշինյանը։ Ա.Միրզոյանի նշանակման հրամանագիրն ստորագրվել է 2018 թվականի մայիսի 11-ին, իսկ նույն տարվա դեկտեմբերին տեղի ունեցած արտահերթ ընտրություններում ընտրվել է պատգամավոր, ապա՝ ԱԺ նախագահ։
«Փաստինֆո»-ն ՀՀ նախագահի պաշտոնական կայքում, ինչպես նաեւ «arlis.am» տեղեկատվական հարթակում չգտավ նրան պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։ Ուստիեւ գրավոր հարցմամբ դիմեցինք ՀՀ նախագահի աշխատակազմ՝ նպատակ ունենալով հասկանալ, թե արդյոք Արարատ Միրզոյանը՝ պատգամավոր մանդատ ստանալիս, ԱԺ նախագահ ընտրվելիս ազատվել էր գործադիրի իր պաշտոնից։ Պարզվեց՝ ոչ։
«ՀՀ նախագահն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին առաջին փոխվարչապետի պաշտոնից ազատելու վերաբերյալ կառավարությունից առաջարկություն չի ստացել, հետևաբար չի ընդունվել նախագահի համապատասխան հրամանագիրը»,- նշված է ՀՀ նախագահի աշխատակազմից ստացված պատասխանում։ Փաստորեն՝ Արարատ Միրզոյանը համատեղել է երկու անհամատեղելի պաշտոն՝ ՀՀ առաջին փոխվարչապետի եւ ԱԺ նախագահի։
Փորձեցինք հասկանալ, իսկ ի՞նչ ընթացակարգով են դադարեցվել Արարատ Միրզոյանի լիազորությունները, եթե ընդհանրապես դադարեցվել են։
Այսպես՝ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի հոկտեմբերի 16-ին հրաժարական տվեց ՀՀ վարչապետի պաշտոնից։ Նույն օրը նախագահը, ՀՀ Սահմանադրության 130-րդ հոդվածով սահմանված կարգով, ընդունել է կառավարության հրաժարականը։Իսկ ՀՀ Սահմանադրության 158-րդ հոդվածն սահմանում է, որ հրաժարականի դեպքում կառավարության անդամները շարունակում են պաշտոնավարել՝ մինչեւ նոր կառավարության ձեւավորումը։ Սա հիմք ընդունելով՝ Նիկոլ Փաշինյանը շարունակել է կատարել վարչապետի պարտականությունները, իսկ կառավարության մյուս անդամներն էլ՝ իրենց պարտականությունները։ Նրանց թվում նաեւ Արարատ Միրզոյանն է կատարել փոխվարչապետի իր պարտականությունները, ինչը հավաստող բազմաթիվ հաղորդագրություններ կան կառավարության կայքէջում։ Ավելին՝ նա շարունակել է որպես փոխվարչապետ իր գործունեությունը նաեւ դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: