Բաժիններ՝

«Ժաննան դրանով է ապրում. Պաշտպանության նախարարությունը, ի տարբերություն նրա, սեփական արդարադատությունը չունի». Արծրուն Հովհաննիսյան

Պաշտպանության նախարարությունը՝  ի տարբերություն Ժաննա Ալեքսանյանի, սեփական արդարադատություն չունի և վստահում է Հայաստանի արդարադատությանը։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում, անդրադրառնալով իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի այն գրառմանը, որ Արցախի Մարտունու զորամասում մահացած Վոլոդյա Գալոյանի մարմնի վրա դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերվել է 22 մարմնական վնասվածք, մինչդեռ քննությունը վարել են ինքնասպանության կեղծ վարկածի շուրջ, ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Մենք առանձին խաղեր չենք խաղում, ուրիշներից փող չենք աշխատում դրա համար, վստահում ենք մեր երկրի արդարադատությանը, իսկ Ժաննա Ալեքսանյանի գրառման հետ կապված որևէ այլ բան չեմ կարող ասել. միայն նշեմ, որ այդ գրառումը բացատրում եմ միայն սեփական բիզնեսով. Ժաննան դրանով է ապրում»,- ասաց  Հովհաննիսյանը։

Նշենք, որ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ  Արցախի Մարտունու զորամասում մահացած Վոլոդյա Գալոյանի մարմնի վրա դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերվել է 22 մարմնական վնասվածք, սա վկայում է, որ մահից առաջ երիտասարդը դաժան ծեծի է ենթարկվել, սակայն քննիչները համառորեն շարունակում են քննությունը վարել ինքնասպանության կեղծ վարկածի շուրջ:

Հիշեցնենք, որ 2019թ. հուլիսի 23-ին` ժամը 22:55-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վոլոդյա Համլետի Գալոյանն ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու՝ սպանելու ուղղակի դիտավորությամբ՝ նշված մարտական դիրքի գետնատնակի հարակից տարածքում իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգից կրակահերթ է արձակել մարտական դիրքի ավագի ուղղությամբ, սակայն Վ.Գալոյանի հանցագործությունն ավարտին չի հասցվել՝ վերջինիս կամքից անկախ հանգամանքներով:

Կարդացեք նաև

Կրակահերթ արձակելուց անմիջապես հետո Վ.Գալոյանն իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով թողել է դիրքի տարածքը, որից հետո՝ 2019թ. հուլիսի 24-ին, ժամը 04:20-ի սահմաններում, մարտական դիրքի դիտակետից շուրջ 50 մետր հեռավորությամբ, հայտնաբերվել է վերջինիս դին՝ ծնոտի ստորին շրջանում հրազենային վնասվածքով, և կողքին ընկած նրա ինքնաձիգը:

ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս