Բաժիններ՝

«Արա Մխիթարյանի առողջական վիճակի մասին տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում». պահեստազորի սպա

«Վայոց ձորում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով վերակենդանացման բաժանմունքում հայտնված ՊՆ փախգնդապետ Արա Մխիթարյանի առողջականում էական տեղաշարժ չկա»: Այսպես է արձագանքում  «Իրավունքի սահման» ՍՊԸ տնօրեն, պահեստազորի սպա Գևորգ Հովհաննիսյանը Պն մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի այն պնդմանը, որ Արա Մխիթարյանը կենդանության նշաններ է ցույց տվել: Պն մամուլի խոսնակն այսօր ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր, որ դրական տեղաշարժի մասին իրեն հայտնել են բժիշկները:

Մենք այսօր զրուցել ենք նաև Արա Մխիթարյանի հոր՝ Սամվել Մխիթարյանի հետ, ով հայտնել է, որ երեկ երեկոյան է վերադարձել իր տղայի մոտից և որևէ դրական տեղաշարժի մասին չգիտի:

«Առավոտյան ինձ զանգահարեց Վայոց ձորում տեղի ունեցած այդ հակաազգային արարքի արդյունքում կոմայի մեջ հայտնված փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայրը, ում հետ ես մշտական կապի մեջ եմ: Փոխգնդապետի հայրը՝ Սամվել Մխիթարյանը, առավոտյան զրույցում ինձ ասաց, որ գնալու է հոսպիտալ, տեսնի  հոսպիտալի պետին, վարչության պետին, ու ասի՝ Դուք եք ասել այսպիսի բան, դե այդ կարգավիճակով իմ տղային հենց հիմա տվեք ինձ»,- մեզ հետ զրույցում պատմեց Գևորգ Հովհաննիսյանը:

Պահեստազորի սպան համոզված է, այս լուրերի տարածումը երկու պատճառ կարող է ունենալ:

Կարդացեք նաև

«Ես սա կապում եմ Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Արարատ Գրիգորյանի անվան հետ, քանի որ նա նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականի փաստաբանն է:  Ուզում են հանրության մոտ լարվածությունն իջեցնել:

Երկրորդ  ցավալի կողմն եմ արձանագրում, որ գուցե էլ հույս չի ներշնչում մեր զինընկերոջ առողջական վիճակը, ու այսպիսի կոմբինացիա են մտածել, որ ասեն՝ դե ամեն ինչ արեցինք, բայց որ այդպես է ստացվել, ի՞նչ անենք: Ամեն դեպքում մեղավորները պետք է պատասխան տան»,- ասաց Գևորգ Հովհաննիսյանը:

Մենք նորից զանգահարեցինք Արա Մխիթարյանի հորը՝ Սամվել Մխիթարյանին, որն ասաց, որ  հարցերին կպատասխանի ավելի ուշ:

Ըստ Գևորգ Հովհաննիսյանի՝ փոխգնդապետի վիճակը շարունակում է ծանր մնալ:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 17-ի ուշ երեկոյան Վայոց ձորում տեղի էր ունեցել ծեծկռտուք, որի արդյունքում ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը հայտնվել էր վերակենդանացման բաժանմունքում: Նրան ծեծի ենթարկելու մեջ կասկածվող երկու անձինք կալանավորված են, նրանցից մեկը Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականն է, մյուսը՝ օգնականի եղբայրը: Տրդատ Սարգսյանի անունը ևս կապվում էր դեպքի հետ, նա իր մասնակցության մասին լուրերը ժխտել էր, սակայն հրաժարական  տվել էր:

Վայոց ձորի նոր մարզպետ է նշանակվել Տրդատ Սարգսյանի օգնականի փաստաբան Արարատ Գրիգորյանը, որը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ իր փաստաբանական լիազորությունները կասեցվելու են:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս