«Փողը չի գալիս այն երկիր, որտեղ վարչապետը զարթնում է ու մտածում՝ ում ձերբակալի. կա՛նգ առեք». Արեն Ապիկյան

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է բիզնես խորհրդատու Արեն Ապիկյանը

Երեկ հայտնի դարձավ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականի մասին, որով նա նախարարների, փոխնախարարների աշխատավարձը կրկնապատկել է: Նախքան գաղտնիության բաղադրիչին անդրադառնալը տեղի՞ն է նախարարների աշխատավարձերի կրկնապատկումը։

– Որպես համակարգային լուծում՝ ես դա համարում եմ ճիշտ որոշում, որովհետև, եթե ուզում եք պետական համակարգ ներգրավել պրոֆեսիոնալների, ապա ունենալու եք խնդիր, որովհետև աշխատավարձերը պետական և մասնավոր հատվածում մրցակցային չեն։ Եթե մենք խոսում ենք կոռուպցիայի և հովանավորչության դեմ պայքարի մասին, ապա պետք է գիտակցել, որ ցածր աշխատավարձով պաշտոնյան պոտենցիալ կոռուպցիոներ է, հետևաբար՝ աշխատավարձերը բարձրացնելը ճիշտ որոշում էր: Ավելին, ես կարծում եմ, որ նախարարների համար աշխատավարձը պետք է կազմի 2.5-3 մլն դրամ։

– Իսկ ինչո՞ւ է ժողովրդի վարչապետը գաղտնի կատարել այդ քայլը:

– Կարծում եմ, որ արվել է պարգևավճարների հետ կապված լուրջ քննադատության պատճառով, փորձել են թաքցնել, բայց հիմա կարժանանան կրկնակի քննադատության, որովհետև, եթե դու հայտարարում ես, որ ամենաազնիվ, ամենամաքուր ու ամենաթափանցիկ կառավարությունն ես, դու պետք է այդ կանոններով խաղաս, որովհետև, եթե հայտարարում ես ու չես անում, դու կրկնակի քննադատության ես արժանանում։

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն չի կատարվել. սա իր մեջ կոռուպցիոն ռիսկ պարունակո՞ւմ է։

– Չեմ կարծում։

– Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականի պահանջի հետքերով երեկ ձերբակալվեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը (նա եղել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Հ. Թովմասյանի տեղակալը)՝ պաշտոնական կեղծիք կատարելու համար։ Սա իշխանության ըննդիմախոսները որակեցին՝ ռեպրեսիա, իսկ իշխանությունը՝ իրավական բնականոն գործընթաց, դուք ինչպե՞ս կորակեք այն։

– Քաղաքական դրդապատճառն ակնհայտ է. իշխանությունն ամեն գնով ուզում է Թովմասյանից ազատվել, որովհետև ամբողջական իշխանություն ստանալու համար Սահմանադրական դատարանը մնացել է՝ որպես վերջին բաստիոն, ինչը պետք է գրավեն՝ հեղափոխական տրամաբանությամբ։

Թովմասյանը դեռևս բավականին պինդ է իրեն պահում, չի ենթարկվում ճնշումներին, իսկ մնացած ստոր գործողությունները չեմ ցանկանում մեկնաբանել։

– Եթե Հրայր Թովմասյանը խանգարում է իշխանություններին, այդ դեպքում հարց է առաջանում, ինչո՞ւ նրանց չի խանգարում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ում կես միլիոն արժողության տան լուսանկարը որոշ ժամանակ առաջ ԱԺ-ում ցույց տվեց  լրագրող-պատգամավոր Արման Բաբաջանյանը՝  հարցնելով, թե որտեղի՞ց նրան այդ գույքը:

Որովհետև Արթուր Դավթյանը այսօր ամբողջովին ծառայում է այսօրվա իշխանություններին, իսկ դա ակնհայտ է՝ նայեք հարուցված բոլոր քրգործերին։ Թեև, կարծում եմ, մի օր նրանից էլ կազատվեն. այն մարդիկ, որոնք այսօր ծառայում են, պետք է հասկանան, որ օտար մարմին են, իսկ օտար մարմինները մի օր կվտարվեն։ Բացի այդ, յուրաքանչյուր պրոֆեսիոնալ մարդ գիտակցում է, որ, եթե ստիպում են գործ կարել, վաղը պատասխան պետք է տա, և չի մտնի այդ պատասխանատվության տակ, մյուս կողմից՝ այս իշխանությունը մշտական չէ։

Հանրապետական կուսակցությունը, որը, թվում էր՝ ֆունդամենտալ, կայացած, պինդ իշխանություն է, տեսանք, թե ինչպես քանդվեց մի քանի օրվա ընթացքում, այնպես որ, եթե Հանրապետականը քանդվեց, ապա այս իշխանությունն էլ է քանդվելու. վստահեցնում եմ՝ այն շատ ավելի թույլ է բոլոր տեսակետներից։

– Ինչպե՞ս եք գնահատում Կառավարության տնտեսական քաղաքականությունը: Փաստորեն ներդրումները չեն կատարվում այն ծավալով, ինչ սպասվում էր: Ըստ ձեզ՝ ինչո՞ւ Կառավարությունը չստացավ իր ակնկալած ներդրումները՝ այն դեպքում, երբ Փաշինյանն անձամբ գործարարների հետ հանդիպման ժամանակ նրանց հրավիրեց ՀՀ-ում ներդրում անել՝ ասելով, որ ամենամեծ դաշնակիցը համարում է գործարարներին, ներդրողներին, որոնց ուզում են քաջալերել:

– Ներդրումները գալիս են այն երկիր, որը ցույց է տալիս ներդրումային ծրագրեր, տալիս է փող աշխատելու հնարավորություն, բացի այդ, ներդրումները գալիս են այն երկիր, որտեղ կա հանդարտ վիճակ: Փողը սիրում է հանդարտություն, փողը չի գալիս այն երկիր, որտեղ վարչապետը զարթնում է ու մտածում՝ ում ձերբակալի, ամբողջ պետական ռեսուրսն էլ աշխատում է այդ ուղղությամբ։

– Դուք լայն կապեր ունեք գոնե ռուսաստանյան գործարարների հետ։ Ինչո՞ւ չեն ցանկանում ներդրումներ անել։

– Ռուսաստանաբնակ գործարարների հետ կա երկու հիմնական խնդիր. այդ մարդիկ ցանկանում են Հայաստանում ներդրում անել ոչ միայն փող աշխատելու նպատակով, այլև ՀՀ-ի հետ ունեցած էմոցիոնալ կապի համար: Օրինակ, Սամվել Կարապետյան, Ռուբեն Վարդանյան և այլ հայեր ՀՀ-ի համար ինչ-որ բան անելու համար են բիզնես դնում այստեղ, իսկ այդ մարդկանց հետ պետք է ունենալ մաքսիմալ լավ հարաբերություններ. նրանք քեզ պետք է մաքսիմալ վստահեն, որպեսզի կարողանան այդ ներդրումները բերել Հայաստան։

– Չունե՞ն նրանք Փաշինյանի հետ լավ հարաբերություններ։

– Ես չեմ տեսնում։

Ի դեպ, ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Ցոլակի Գրիգորյանը, որի մասին ժամանակին ասում էին, թե հովանավորում էր ընդդիմադիր գործիչ Զարուհի Փոստանջյանի կուսակցության գործունեությունը, այժմ էլ լայն թափով հովանավորում է Փաշինյանի հեղափոխությունը, հովանավորում է Բաղրամյան 26 Տելեգրամի ալիքը։ Ինչո՞վ է պայմանավորված նրա այդ ակտիվությունը։

-Ես չեմ ճանաչում այդ մարդուն, բայց նորմալ բիզնեսմենը միշտ մտածում է, որ պետք է լավ լինի իշխանությունների հետ, որ իր բիզնեսը կարողանա զարգացնել։ Ռուբեն Գրիգորյանն ինչ է արել Հայաստանի համար, ես չգիտեմ, միայն լսել եմ, որ նա Մոսկվայում խնդիրներ ուներ Եզրաս արքեպիսկոպոսի հետ և հիմա էլ զբաղված է արքեպիսկոպոսի հակափիառով, բայց թե ի՞նչ է ուզում անել, ես չգիտեմ, ես չեմ լսել, որ նա Հայաստանում որևէ ներդրում է արել։

– Եվ վերջում՝ որպես բիզնես խորհրդատու, երեք խորհուրդ տվեք Կառավարությանը։

– Առաջին՝ Կանգ առե՛ք. մենք իրավունք չունենք պառակտվելու։

Երկրորդ՝ տնտեսության ոլորտում պետք է անցկացնել վերլուծություն, հասկանալ մեր տնտեսական քարտեզն ու կազմել կոնկրետ հաշվարկված տնտեսական ծրագրեր։

Եվ երրորդ՝ այդ ամենը ճիշտ ձևով պետք է ներկայացնել կոնկրետ ներդրողների, կոնկրետ մարդկանց, որոնք կարող են ՀՀ-ում ներդրում անել, պետք է մասնակցել կոնկրետ միջազգային ֆորումների և աշխարհին ասել, թե ինչ կարող ենք տալ, և ոչ թե՝ պատմել ոչ բռնի թավշյա հեղափոխության մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։

ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս