Ի՞նչ վիճակ է պետական պահպանության ծառայությունում

Հոկտեմբերի 15-ին Գրիգորի Հայրապետովն ազատվեց Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից: Ազատվեց նույնքան անաղմուկ, որքան անաղմուկ ու բարձր պրոֆեսիոնալիզմի դրսևորմամբ կատարել էր իր աշխատանքային պարտականությունները:

Գրիգորի Հայրապետովը, իհարկե, որևէ մեկնաբանություն չարեց իր պաշտոնանկության վերաբերյալ: Հարցերը չփարատեց նաև վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ համարելով, որ առանձնապես պատճառ պետք չէ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) պետական պահպանության ծառայության պետին իր զբաղեցրած պաշտոնից ազատելու համար. Դա բացառապես վարչապետի իրավասությունների շրջանակում է:

Իսկ ահա մամուլը տարբեր վարկածներ առաջ քաշեց:

Այսպես, «Փաստ» օրաթերթի հավաստի աղբյուրների փոխանցմամբ, պահպանության ծառայության ղեկավար, գեներալ Գրիգորի Հայրապետովի ազատումը բնավ կապ չունի Վիտալի Բալասանյանի այն հայտարարության հետ, թե ինքը տեղյակ է Ալիև-Փաշինյան «վերելակային հանդիպումից»:

Ըստ մեր աղբյուրի, գրում էր «Փաստ»-ը, Նիկոլ Փաշինյանը Հայրապետովին ազատել է նեղ անձնական պատճառներով, որոնք այնքան կոնֆիդենցիալ են, որ այդ մասին կառավարության ղեկավարը երբեք չի խոսի. «Կառավարության մեր աղբյուրը նշեց, որ Հայրապետովի ազատման պատճառը գաղտնի է պահվում անգամ Փաշինյանի մերձավոր շրջապատից»:

Ի դեպ, 168.am-ի տեղեկություններով՝ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը մոտ կանգնած շրջանակներում ևս այս թեման ակտուալ է ու շրջանառվում է, և քանի որ, մեր տեղեկություններով, Գրիգորի Հայրապետովի ազատման թեմային վարչապետն առհասարակ արգելել է որևէ մեկին անդրադառնալ, մերձիշխանական շրջանակները ևս չեն հասկանում, թե ինչ կարող էր տեղի ունեցած լինել:

Անհասկանալի է, իհարկե, թե ի՞նչ նեղ անձնական պատճառներ կարող են առհասարակ լինել երկրի վարչապետի ու պետական պահպանության ծառայության ղեկավարի միջև: Վերանանք անձերից ու կենտրոնանանք զբաղեցրած պաշտոնների վրա: Այդ ի՞նչ նեղ անձնական ընդհանուր պատճառ կարող էր ունենալ վարչապետը Գրիգորի Հայրապետովին աշխատանքից ազատելու, որ այդ ազատումը գոնե սկանդալով չավարտվեր:

Իսկ եթե, այնուամենայնիվ, ուզում ենք կենտրոնանալ անձերի վրա, պետք է նկատենք, որ խոսքը մի մարդու մասին է, ով աշխատել էր երեք նախագահների ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ դա նշանակում է, որ այդ մարդը որևէ մեկի հետ ուղղակիորեն չէր կարող ունենալ նեղ անձնական խնդիրներ:

Գրիգորի Հայրապետովի նման պրոֆեսիոնալ մասնագետը, ով կանգնած է եղել պետական պահպանության ծառայության՝ որպես կառույցի ձևավորման ակունքներում, և ում ներկայությունը միայն այդ համակարգում շատ ծառայողների համար էր ուսուցանող, իհարկե, առանց աշխատանքի չի մնա: Հասկանալի է, որ երկարամյա աշխատանքային անբասիր կենսագրությունը նաև բազմաթիվ կապեր է ստեղծում: Սակայն ուշագրավ է, որ, ինչպես խոսում են իշխանամերձ շրջանակներում, Գրիգորի Հայրապետովի պաշտոնանկությունն ամենաշատն ուրախացրել է իր առաջին տեղակալ Գևորգ Մովսեսյանին: Հավանաբար վերջինս հույս ունի և, թերևս, ոչ անհիմն, որ ինքը կնշանակվի բաղձալի պաշտոնում:  Այս պահին նա կատարում է ՊՊԾ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները:

Մեր աղբյուրները, ի դեպ, նշում են նաև, որ  Գևորգ Մովսեսյանն իր առաջխաղացմամբ պարտական է բացառապես Գրիգորի Հայրապետովին:

Ի դեպ, մեր տեղեկություններով՝ Գրիգորի Հայրապետովի՝ աշխատանքից ազատվելուց հետո ծառայության 8 աշխատակիցներ ինքնակամ ազատվել են աշխատանքից, բայց քանի որ անհասկանալի է՝ ԱԱԾ-ն ունի՞ լրատվական ծառայություն, թե՞ ոչ, կամ ո՞վ է առհասարակ պատասխանատու դրա համար, և նկատի ունենալով ԱԱԾ-ից որևէ բան ճշտելու՝ մեր տխուր ու չստացված վերջին փորձը՝ չփորձեցինք անգամ ճշտել այս տեղեկատվության իսկությունը:

Ինչևէ, այս հարցի պատասխանը 168.am-ը պատրաստակամորեն կհրապարակի:

Տեսանյութեր

Լրահոս